«Ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, բայց կան ռիսկի գործոններ»․ Հայաստանի ԱՀԾ զեկույցը
ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության 2026 թ․-ի զեկույցը
Չնայած Ադրբեջանի ռազմական ծախսերի աճին՝ Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը 2026 թ․-ին նոր ռազմական էսկալացիան «գրեթե անհավանական» է համարում։
Ծառայության գնահատմամբ՝ խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը բարձրացել է, մասնավորապես՝ երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հռչակագրի և խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում։ Հրապարակած զեկույցում, սակայն, ծառայությունը նաև արձանագրել է, որ շարունակում են գոյություն ունենալ ռազմաքաղաքական ռիսկեր։
«Երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»,- ասված է փաստաթղթում։
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» թեզը սկսեց ակտիվորեն տարածել 2022 թ․-ի դեկտեմբերից։ Ադրբեջանում դրա տակ հասկանում են Հայաստանի գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքը։ Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ Նրա խոսքով՝ այսպես կարելի անվանել միայն Ադրբեջանի արևմտյան հատվածի բնակավայրերը։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ ադրբեջանցիների՝ Հայաստան և հայերի՝ Ադրբեջան վերադարձի հարցը չի նպաստում խաղաղությանը։ Հետևաբար, առաջարկում է հետաձգել նման քննարկումները։
Արտաքին հետախուզական ծառայության փոխանցմամբ՝ վաշինգտոնյան հռչակագրից հետո Բաքուն ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է քարոզչությունը։ Մասնավորապես՝ ադրբեջանալան 5 ԶԼՄ-ներում 36 տոկոսով ավելացել են այդ թեմային նվիրված հրապարակումները։
Զեկույցում շեշտվում է, որ նշված խոսույթների տարածումը ստեղծում է «զգալի ռիսկեր» տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։ 2026 թ․-ին ԱՀԾ-ն շարունակաբար գնահատելու է իրավիճակը։
«Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման, մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս»,- հայտնում են ԱՀԾ-ից։
«ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» տարեկան զեկույցի գնահատականները բաց և փակ աղբյուրներից ստացված հետախուզական տեղեկությունների վերլուծության արդյունք են։ Զեկույցում անդրադարձ է արվում ոչ միայն ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին, այլև տարածաշրջանի ապաշրջափակմանը, Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքներին և այլ ռիսկերին։
Կարևոր դրվագները՝ ստորև
- «ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ
- «Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին
- «ՀՀ Զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով»․ Պաշտպանության նախարար
Հայաստան-Ադրբեջան․ «Առաջընթացից մինչև վնասակար գործողություններ»
ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության դիտարկմամբ՝ մեծ հավանականությամբ այս տարի առաջընթաց կգրանցվի՝
- սահմանագծման և սահմանազատման գործընթացում,
- տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում,
- ՀՀ-Ադրբեջան երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների,
- հասարակությունների երկխոսության,
- հումանիտար և այլ հարցերում։
Շեշտվում է, որ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն «տարածաշրջանային առավել ընդգըրկուն տնտեսական նախագծերի ընթացքը»։
Զեկույցի համաձայն՝ կընդլայնվեն կապակցվածության ապահովման գործընթացների դեմ վնասակար գործողությունների ռիսկերը։ Խոսքը, մասնավորապես՝ այն պետությունների մասին է, որոնք հետապնդում են տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր։
«Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»,- ասված է փաստաթղթում։
TRIPP-ի և ապաշրջափակման մասին․ «Դրական դինամիկան կպահպանվի»
Փաստաթղթում անդրադարձ է արվում նաև տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորություններին և ռիսկերին։ Ասվում է որ 2026 թ․-ին տարածաշրջանում մեծ հավանականությամբ կպահպանվի դրական դինամիկան։
ԱՀԾ դիտարկմամբ՝ կպահպանվի նաև տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ գլոբալ և տարածաշրջանային երկրների մրցավազքի դինամիկան։
Ընդգծվում է, որ այդ ծրագրերն ունեն մեծ ներուժ, մասնավորապես՝
- բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը,
- տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով։
«Տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, TRIPP ծրագրի իրագործումը, ինչպես նաև մեր հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում»։
Ծառայության փոխանցմամբ՝ այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։
«Բացի այդ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռնի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը»,- ասված է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները, սակայն, չեն բացառում, որ նախաձեռնությունները շարունակաբար լինելու են «տարածաշրջանում այլ շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում»։
Դա, ըստ նրանց, կարող է արտահայտվել թե՛ ֆիզիկական սահմանափակումների, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաների, և թե՛ վնասարար այլ գործողությունների տեսքով։
«Հիբրիդային սպառնալիքները կդառնան ավելի մասշտաբային»
2026 թվականի հունիսին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին երկրում ակտիվացել են հիբրիդային սպառնալիքների մասին խոսակցությունները։ Տարբեր քաղաքական գործիչներ և քաղհասարակության ներկայացուցիչների պարբերաբար ահազանգում են Ռուսաստանի արտաքին միջամտության մասին։ Այս տարի սպասվող հիբրիդային վտանգների մասին անդրադարձ կա նաև ԱՀԾ զեկույցում։
Նշվում է, որ նախորդ տարի Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թ․-ին կդառնան «ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային»․
«Մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները»։
Ծառայության գնահատմամբ՝ 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում, իրականացնում են «որոշակիորեն հատվող գործողություններ»։
Զեկույցի համաձայն՝ հիբրիդային գործողությունների գործիքակազմը կներառի՝
- վնասակար կիբեռ-գործողություններ (ֆինանսաբանկային կազմակերպությունների, կապի և հաղորդակցության ենթակառուցվածքների, էլեկտրականության բաշխման թվային ենթակառուցվածքի, կառավարության թվային ենթակառուցվածքների թիրախավորում),
- տեղեկատվական վնասարար գործողություններ (կեղծ, խեղաթյուրված, համատեքստից կտրված տեղեկատվություն, վնասարար տեղեկատվական օպերացիաներ),
- գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում,
- տնտեսական, էներգետիկ ճնշումներ (ապրանքների ներմուծման ու արտահանման հրահրվող խոչընդոտներ, էներգետիկ ճնշումներ, միգրացիոն կանոնների ընտրողաբար կիրառում),
- այլ ճնշումներ (կառավարության ու օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների թիրախավորում, նրանց դեմ զրպարտչական արշավների ձեռնարկում)։
Ինչպե՞ս այլ հակամարտությունները կազդեն ՀՀ-ի վրա
Փաստաթղթում անդրադարձ է արվում նաև ռուս-ուկրաինական պատերազմին, Իսրայել-Իրան լարվածությանը։ Արտաքին հետախուզական ծառայության կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին՝
- «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է,
- Իսրայել-Իրան փոխադարձ հարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի»։
Ընթացող հակամարտություններն, ըստ զեկույցի, Հայաստանի համար կարող են ստեղծել մի շարք խնդիրներ՝ տնտեսականից մինչև անվտանգային․
«Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առնվազն էական մասը կպահպանվի, ինչը կշարունակի ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ երկրորդային տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից։
[Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների հավանականությունը] կընդլայնի Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը՝ միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության 2026 թ․-ի զեկույցը