Հիշողություններ պատերազմի մասին
Հիշողություններ պատերազմի մասին
Երբ սկսվեց 2020 թ-ի 44-օրյա պատերազմը, երկու կողմից զոհված հազարավոր զինվորականներից բացի տուժեց նաև քաղաքացիական բնակչությունը․ ըստ պաշտոնական տվյալների՝ 76 մարդ հայկական կողմից և 94 մարդ ադրբեջանական կողմից։
Սոցիոլոգ և ակտիվիստ Սանուբար Հեյդարովան թրեյնինգ էր անցկացնում ճակատամերձ շրջաններից մեկում, երբ սկսվեց պատերազմը։ Բաքու վերադառնալով՝ նա անմիջապես կրկին Բարդա մեկնեց՝ մարդասիրական օգնություն բաժանելու։
Մենք Սանուբարին խնդրել ենք պատմել այն օրերի մասին։ Թեև երկու տարի է անցել, հիշողությունները դեռևս ցավոտ են և կարևոր։ Պատմությունն ընդհատվում է երկար դադարներով, կարծես՝ նրան ժամանակ է պետք, որպեսզի հերթական պատմությունը վերցնի հեռավոր դարակից և հետո կրկին իր տեղը դնի՝ աչքից հեռու։
Պատերազմը սկսվեց
Պատերազմի առաջին իսկ օրը մարդկանց տարերային փախուտ սկսվեց ճակատամերձ հատվածից։ «Պաշտոնական» տարհանում չկար։
«Երբ ամսի 27-ին մենք փորձեցինք մեքենա գտնել՝ թրեյնինգից Բաքու վերադառնալու համար, պարզվեց, որ դա գրեթե անհնար է։ Բարդայից շատերը մեկնում էին գյուղեր, որպեսզի այնտեղից իրենց հարազատներին քաղաք բերեն, որտեղ, թվում էր, ավելի անվտանգ է լինելու։ Այն գյուղացիները, որոնք մեքենա ունեին, ինքնուրույն էին եկել։ Չհասկանալով, թե ինչ է պետք անել՝ նրանք նստած էին մնացել լեփ-լեցուն մեքենաների մեջ, ոմանք՝ տնային հագուստով։ Ինչ-որ մեկը ճամփեզրին գորգ էր փռել, մի մարդու էլ եմ հիշում, որն իր հետ հաց էր բերել և կիսվում էր հարևանների հետ»։
Սնունդն ու մյուս խնդիրները
Բաքվում Սանուբարն ու մյուս ակտիվիստները փորձեցին զբաղվել ճակատամերձ շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելով, որովհետև այնտեղ խնդիրներ էին առաջացել պարենի և այլ անհրաժեշտ ապրանքների հետ։ Շատ ճանապարհներ փակ էին համապատասխան քաղաքների և շրջանների ոչ ռեզիդենտների համար, և այնտեղ գրեթե ոչինչ չէր ուղարկվում, քանի որ դա թանկ էր, ժամանակ էր պահանջում և վտանգավոր էր։
«Այդ օրերին շատ ակտիվիստներ և հասարակ քաղաքացիներ փորձում էին ինչ-որ կերպ օգնել, ինչ-որ բան այնտեղ տանել իրենց մեքենաներով։ Իսկ որքա՜ն օգնություն յուրացվեց և տեղ չհասավ։ Ադրբեջանի կառավարությունը ոչ բոլոր մարդասիրական կազմակերպություններին էր թույլ տալիս այնտեղ մեկնել, կհավատա՞ք», — ասում է Սանուբարը։
«Մենք կարող էինք մեկնել միայն Բարդա։ Մյուս վայրեր մեկնելու համար մարդ չկար, որի հետ կարողանայինք դա համակարգել։ Իսկ Բարդայում մեզ օգնում էին տեղի ակտիվիստները։ Սկզբից մենք տանում էինք այն մթերքը, որը կարողանում էինք հավաքել, հետո հասկացանք, որ ավելի լավ կլինի անհրաժեշտ ապրանքների ցուցակ կազմել»։
Մինչ մարդիկ սկսում էին ավելի ու ավելի շատ վստահել կամավորներին և ավելի շատ պատմել իրենց խնդիրների մասին, ցուցակն ընդլայնվում էր։ Հիգիեիկ միջադիրների, ներքնազգեստի և ավանդական հիգիենիկ սափորների սարսափելի պակաս կար։ Առաջինները ստիպված էին փոխարինել հագուստի լաթերով։
Ապաստարաններ՝ դպրոցների շենքերում
«Նավթալանում, Գերանբոյում, Եվլախում՝ ամենուր, ճակատամերձ գյուղերի բնակիչները միևնույն իրավիճակում էին։ Եվլախում տեղի բնակիչները շատերին ապաստան էին տվել իրենց տներում։ Իսկ Նավթալանում, թեև հյուրանոցները լիքն են, շատ քչերն էին մարդկանց ներս թողել։ Եվլախում մի ճամփամերձ սրճարան կար, դրա տերը մարդկանց թույլ էր տվել ներսում ապրել։ Նրանք քնում էին հատակին փռված կարպետների վրա։ Դպրոցների շենքերում ստեղծված ապաստարանների մի սենյակում քնում էր 10-15 ընտանիք, քնում էին հատակին կամ միմյանց կցված նստարաններին, իսկ նրանք, ովքեր մեքենաներով ներքնակներ ու վերմակներ էին կարողացել բերել, քնում էին հենց մեքենաներում»։
Դպրոցներում մարդիկ կրկին հիգիենայի խնդիր ունեին․ զուգարանները դուռ չունեին, այնպես որ, տղամարդիկ ու կանայք զուգարան էին գնում խմբերով և հերթով։ Բացի այդ, կանանց բնական կարիքների նկատմամբ հասարակության մեջ ամրացած ավանդական տաբուի պատճառով նրանց համար լրացուցիչ սթրես էր ջրի սափորով իրենց համագյուղացիների կողքով զուգարան գնալը։
«Դպրոցներում բիոզուգարանն էր էլ տեսանք։ Մի դպրոցում դրանք բաց էին, մյուսում՝ կողպեքով փակ, ինչպես մեզ բացատրեցին, դա նրա համար էր արվել, որ մարդիկ չփչացնեն զուգարանները»։
Քաղաքացիական բնակչության անվտանգությունը նույնպես տարբեր կերպ էր ապահովված։
«Միայն Բարդայում հինգ դպրոցների նկուղներ մաքրվել և ապաստարանների էին վերածվել՝ հրետակոծությունից պատսպարվելու համար։ Ասում էին, որ այդպես են արել նաև Բեյլագանում և Աղջաբեդիում, բայց մենք չենք տեսել, չեմ կարող հաստատել»։
Այդպիսի ապաստարան-դպրոցներում եռանգամյա սնունդ էր նախատեսված։ Դրանով զբաղվում էր տեղական գործադիր իշխանությունը։
Դեղորայք չկար
Սանուբարն ասում է, որ պատերազմի բերած բոլոր դժբախտությունների ֆոնին ամենավատ վիճակում էին հաշմանդամ և հիվանդ մարդիկ․
«Կանոնավոր կերպով դեղորայք ընդունելու կարիք ունեցողներն, օրինակ՝ շաքարախտով հիվանդներն, առանց անհրաժեշտ դեղերի էին մնացել։ Նրանք դեղորայք էին խնդրում Բարդայի և Եվլախի պոլիկլինիկաներում, իսկ այնտեղ պատասխանում էին, որ այդ դեղորայքը ստանում են սահմանափակ քանակությամբ՝ շրջանների իրենց բնակչության հաշվարկով։ Մինչ այս խնդրի մասին իմացան Բաքվում, մինչ այն լուծվեց, շատ ժամանակ անցավ։ Որովհետև այդ մարդկանց խնդիրը ոչ մեկին չէր հուզում։ Ամբողջ ուշադրությունն ուղղված էր վիրավոր զինվորներին»։
Դժվար կացության մեջ էին նաև քաղցկեղով հիվանդներն ու հղի կանայք, պատճառը նույնն էր․ նրանք չէին կարողանում բուժօգնություն ստանալ։
Երեխաները
«Մենք շարունակում էինք աշխատել այդ շրջաններում նաև պատերազմի ավարտից հետո և տեսնում էինք, թե որքան շատ մարդ է հիվանդացել։ Բարձրացել էր ընտանեկան բռնության մակարդակը։ Երեխաների շրջանում հաճախակի էին դարձել ինքնավնասման դեպքերը։ Մի երեխա պոկում էր իր թարթիչները, պատռում հագուստը։ Սթրեսից երեխաների մոտ հիշողության խախտման դեպքեր էին լինում, նրանք չէին կարողանում սովորել։
Թափղարագոյունլու բնակավայրից մի տղամարդու խոսքով՝ նա իր երեխային թույլ չէր տալիս ազգականների տնից վերադառնալ, քանի որ նրա մայրը տան շեմքին վիրավորվել էր ականի բեկորով։ Արյունը մաքրել էին, բայց հետքը, միևնույն է, մնացել էր։ Եվ նրանք վախենում էին, որ, երեխան, տեսնելով այդ հետքը, կխելագարվի։
Գիտե՞ք՝ որն էր ամենավատը։ Կանայք ու երեխաները, որոնք ծնվել և մեծացել էին ճակատամերձ գյուղերում ղարաբաղյան առաջին պատերազմից հետ, ասում էին, որ, առանց այդ էլ, մշտական վախի մեջ են ապրել։ Այսինքն՝ դա 30-ամյա վախ էր, ոչ թե 44-օրյա»։
«Մարդիկ չեն վախենում»
«Ամենավառ հիշողություններից մեկը հրետակոծությունից կիսով չափ ավերված դպրոցն էր։ Ես թափառում էի պատերի փլատակների և ապակիների բեկորների միջով։ Ամեն ինչ կոտրված էր, մարզադաշտի ծածկը փլվել էր։ Տեսել եմ չվնասված դասարաները՝ երեխաների պաստառներով և պատերին պոետների դիմանկարներով, իսկ մեջտեղում՝ խորը փոս։
Մեր իշխանությունը մարդկանց որպես վահան էր օգտագործում, չէր ուզում, որ նրանք լքեին այդ գոտին, որպեսզի հրետակոծության դեպքում ասեր, թե՝ տեսե՛ք, քաղաքացիական անձանց վրա են կրակում։
Այդ 44 օրերին երեխաները քնում էին արկերի ձայների տակ։ Գիշեր չկար, որ պայթյուն չլիներ։ Ամբողջ օրն անկացնում էինք այդ «նվագակցությամբ»։
Ինձ սարսափելի զայրացնում էր այն, որ մարդկանց չտարհանեցին։ Թող մի հրթիռի գումարով 10 ավտոբուս վարձակալեին և գոնե երեխաներին ու հղի կանանց դուրս բերեին։ Նույնիսկ դա չարեցին։ Հեքիաթներ էին պատմում, թե մարդիկ չեն փախչում, մարդիկ չեն վախենում։ Ի՜նչ «չէին վախենում», գիտե՞ս՝ ինչ վիճակում էին մարդիկ»։
Սանուբարն իր պատմությունը խորը հոգոցով է ավարտում։
Հիշողություններ պատերազմի մասին