Մարդ, որը հավատում էր խաղաղությանը․ հայ և ադրբեջանցի գործընկերներն՝ Ավազ Հասանովի հիշատակին
Օրեր առաջ Ադրբեջանում հանկարծամահ եղավ իրավապաշտպան, Հումանիտար հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ավազ Հասանովը, որը հայ և ադրբեջանցի հասարակություններին հայտնի էր իր խաղաղաշինական գործունեությամբ։ Նա 50 տարեկան էր։
Հասանովը, որը փախստական էր դարձել 1990-ականների սկզբին Արցախյան առաջին պատերազմի հետևանքով, համոզված էր՝ խաղաղությունն այլընտրանք չունի, իսկ ցավը նույնն է բոլորի համար։
2000 թ․–ին իրավապաշտպան Հասանովն աշխատանքի անցավ Անհետ կորածների հարցերով միջազգային աշխատանքային խմբի կազմում, որի գործունեությունն ուղղված էր 1992-1994 թթ․–ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց որոնմանը։
Հենց այս խմբում աշխատանքի շնորհիվ՝ Հասանովը դարձավ հրադարարի պայմանագրի ստորագրումից հետո (1994 թ․) Լեռնային Ղարաբաղ այցելած սակավաթիվ ադրբեջանցիներից մեկը, ծանոթացավ իրենց հարազատներին փնտրող հարյուրավոր ընտանիքների հետ, լսեց նրանց պատմություններն ու ընկերացավ հայ իրավապաշտպանների հետ, որոնց հետ կիսում էր նույն համոզմունքը, որ յուրաքանչյուր կյանք կարևոր է։
Ավազի մասին հիշողություններով են կիսվում այն մարդիկ, որոնք նրա հետ աշխատել և երկար տարիներ ընկերություն են արել Բաքվում և Երևանում։
Էլդար Զեյնալով, Բաքու․ «Նա կարողանում էր կոնֆլիկտներ հարթել»
Էլդար Զեյնալովը՝ Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրենը
«Հիշում եմ, թե ինչպես Ավազը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ օկուպացված Քելբաջարի շրջանից լեռնանցքով ոտքով հրաշքով Բաքու հասավ և եկավ սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբ։
Մոտավորապես այդ նույն ժամանակատվածում «դեմոկրատների» կառավարությունը վերականգնեց քաղաքական գրաքննությունը, որն ավելի վաղ չեղարկել էին կոմունիստները։ Չնայած փախստականի կարգավիճակից բխող բազում սեփական խնդիրներին՝ Ավազը միանգամից ակտիվորեն արձագանքեց գրաքննության դեմ պայքարելու իմ կոչին։ 1993 թ-ի ապրիլին նա դարձավ Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի համահիմնադիրներից մեկը։
1990-ականներին շատերին թվում էր, թե իրավապաշտպան գործունեությունը հեշտությամբ կարելի է համատեղել քաղաքականության հետ, բայց դա պատրանք էր։ Հիմա շատերն են ջերմությամբ հիշում Ավազի այնպիսի հատկանիշներն, ինչպիսիք են շփման մեջ քաղաքավարությունը, կոնֆլիկտներ հարթելու, ընդհանուր լեզու և խելամիտ փոխզիջում գտնելու կարողությունը։ Սակայն, միաժամանակ, այդ հատկանիշները հարգի չէին և քննադատության էին արժանանում ընդդիմության շրջանում։ Այն ժամանակ լավ տոն էր համարվում վերբալ արմատականությունը։
Ավազը որոշ տատանումներից հետո, այնուամենայնիվ, ընտրեց իրավապաշտպանությունը։ Անգամ երիտասարդության հարցերով և սպորտի նախարարության փորձագետի դերում երիտասարդական քաղաքականության հայեցակարգի վրա մեկ-երկու տարվա իր աշխատանքը նա նույնպես այս տեսանկյունից էր դիտարկում։
«Իշխանական շրջանակներում հայտնվելու» կարճ փորձը հերիք էր, որ նա հետո ձգտեր նույնքան հեռու լինել և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից։ Եվ դա նրան շատ օգտակար մարդ էր դարձնում ցանկացած թիմում, որում նա ներգրավվում էր»։
Աղունիկ Ղուկասյան, Երևան․ «Նա գիտեր՝ ցավը նույնն է սահմանի երկու կողմում էլ»
Աղունիկ Ղուկասյան՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների «Հրադադար․ մարդկային կորստի ցավ» հասարակական կազմակերպության նախագահ
«Ավազը ծայրահեղ բարի մարդ էր և շատ էր ժպտում։ Առաջին անգամ իրար հանդիպել ենք Կոսովոյում, զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
Երբ նա իմացավ, որ տղաս զոհվել է բանակում, եկավ, գրկեց ինձ։ Ավազը վստահ էր՝ ցավը նույնն է սահմանի երկու կողմում էլ։ Նա դա շատ լավ գիտեր, իր քրոջ որդին էլ էր զոհվել բանակում։
Երբ բանակում զոհված ադրբեջանցիների կանանց ու մայրերի առջև կանգնած՝ որդուս մասին էի պատմում, հուզվեցի, վատ զգացի։ Առաջինը հենց Ավազը ջուր բերեց ինձ ու կանգնեց կողքիս, մինչև ավարտեմ խոսքս։
Ավազը վստահ էր՝ պատերազմը մեծ քաղաքականության հետևանք է, ոչ թե մարդկանց ցանկության։ Նա ասում էր, որ ոչ մի մայր չպետք է զգա կորստի այն ցավը, որ զգում ենք մենք։ Ավազը շատ նրբազգաց էր և հավատում էր, որ յուրաքանչյուր կյանք կարևոր է։
Նա ադրբեջանցի էր, որ սիրում էր իր հայրենիքը, բայց նա երբեք մեր թշնամին չդարձավ»։
Շահին Ռզաև, Բաքու․ «Ընկերոջս հիշատակին»
Շահին Ռզաև՝ անկախ լրագրող և քաղաքական մեկնաբան
«Ես չէի ուզում մահախոսական գրել Ավազի մասին։ Պատճառները շատ են։ Առաջինն այն է, որ չէի կարողանում հավատալ, որ նա մահացել է։ Նա երիտասարդ էր, առողջ։ Այդ ինչպե՞ս ստացվեց։ Հենց այդպես մահացա՞վ։ Չեմ թաքցնի՝ արցունքներս չկարողացա զսպել։
Երկրորդ հերթին՝ ես պարզապես չեմ կարողանում մահախոսականներ գրել։ Չէ՞ որ հանգուցյալների մասին կամ լավը խոսիր, կամ լռիր։ Հիմա ի՞նչ ասեմ, եթե երբեմն մեղադրում էի հանգուցյալին։
Մտածեցի և հասկացա, թե որն էր Ավազի և մեզնից շատերի տարբերությունը։ Նա իրոք խաղաղաշեն էր։ Ի տաբերություն մեզնից շատերի։
Մեզնից՝ կովկասյան խաղաղաշեններից ոմանք հաճախ ի՞նչ են ասում․ «Մենք խաղաղության կողմնակից եք, իսկ եթե դուք համաձայն չեք, ձեր վիզը կոլորենք»։
Ավազն ուրիշ էր։ Նա լսում էր, համբերում, համոզում, զիջում։ Երբեմն օգնում էր լուծել խնդիրները։ Նա միշտ փնտրում էր հաշտեցման և փոխզիջման ուղիներ։
Ավազը համագործակցում էր կառավարության հետ։ Նա չէր հերքում դա։ Նա կամուրջ էր քաղաքացիական հասարակության և նախագահական վարչակազմի միջև։ Հիմա մենք այդ կամրջի պակասը շատ կզգանք։
Իսկ վերջում՝ անձնական տպավորություններս։
Ես գնահատում եմ մարդկանց, որոնց հետ եղել եմ «ճակատագծից այն կողմ»։ Ավազին ճանաչում եմ 1993 թ-ից։ Ավազի հետ ես բազմիցս «ճակատագծից այն կողմ» եմ եղել։ Մենք միասին տարբեր նախագծեր էինք անում, պատրաստվում էինք նաև ֆիլմ նկարահանել, բայց չստացվեց։
Նա բնակարան էր վարձակալում մեզ մոտ՝ Սարուխաններում, որովհետև բռնի տեղահանված էր Քելբաջարից։ Նրա դստեր անունը նաև իմ դստեր անունն է։ Նրա քեռին դեռ ապրում է մեր փողոցում, բայց դա կարևոր չէ։
Վերջին տպավորությունս։ Մենք միասին ներկա էինք Եվրամիության մի միջոցառման 2021 թ-ի նոյեմբերի սկզբին։ Ավազը խոստացավ, որ ինձ Շուշա կհրավիրի՝ մասնակցելու հասարակական կազմակերպությունների համար շրջայցին։
Ես ասացի․ «Շատ շնորհակալություն, բայց Շուշա ես կմեկնեմ մենակ, ընկերներիս հյուր կգնամ»։ Ժպտացինք։
Ինձ, օրինակ, գործընկերներից շատերն են ճանաչում։ Ես բավականին կոնֆլիկտային մարդ եմ։ Հաճախ եմ վիճում գործընկերներիս, անգամ մոտ ընկերներիս հետ։ Երբեմն նրանք նեղանում են ինձնից։ Բայց Ավազի հետ, չգիտեմ ինչու, երբեք չեմ կռվել, թեև երբեմն սադրել եմ նրան։
Նա իրոք խաղաղության ջատագով էր։ Որովհետև, եթե չես կարողանում խաղաղություն գտնել ընկերների շրջանում, ինչպե՞ս կարող ես խաղաղություն գտնել մյուս կողմի հետ։
Չգիտեմ՝ ինչպես ավարտել․ «Հանգչիր խաղաղությա՞մբ»։ Խաղաղություն դեռ չկա։ Ալլահին էլ չեմ հավատում։ Չգիտեմ, Ավա՛զ։ Թող այս մղձավանջն ավարտվի»։
Արտակ Կիրակոսյան, Երևան․ «Նա ճշմարտություն էր փնտրում»
Արտակ Կիրակոսյան՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար
«Ավազի հետ ծանոթացել ենք շուրջ 20 տարի առաջ։ Համատեղ մի քանի խաղաղաշինական ծրագիր ենք իրականացրել, որոնց ընթացքում էլ ընկերացել ենք։
Ավազն իմ ճանաչած ամենանրբանկատ մարդն էր։ Ես երբեք նրանից ոչ կոռեկտ բառ չեմ լսել, և խոսքը միայն մեր աշխատանքային շփումների մասին չէ։
Ծրագրերը, որոնք իրականացրել ենք, շատ բարդ էին և զգայուն։ Դրանցից մեկը երկու կողմերից խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ էինք իրականացնում, մյուսը՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց։
Ընդհուպ մինչև 2016 թ․–ի Ապրիլյան պատերազմը մենք արձանագրում էինք քաղաքացիական անձանց նկատմամբ տեղի ունեցած սահմանային միջադեպերը և հանրայնացնում դրանք։
Սա հնարավոր էր միայն փոխադարձ անվերապահ վստահության պայմաններում։ Եվ Ավազը վաստակել էր այդ վստահությունը։ Ավազը մարդ էր, ում միջոցով շատերը ճանաչեցին հայերին և հակառակը։
Պատերազմից ընդամենը մեկ ամիս անց՝ 2020 թ-ի դեկտեմբերին, հայ գործընկերներիս հետ մի քննարկում էինք կազմակերպել։ Կարող եք պատկերացնել բոլորիս հոգեվիճակն այդ օրերին։ Եվ ես առաջարկեցի, որ այդ հանդիպմանը մասնակցի նաև Ավազը։ Ես ասացի՝ եթե խոսքն Ավազի մասին է, կարող եք վստահ լինել, որովհետև ես գիտեի, որ Ավազը ծայրաստիճան հարգալից և խելացի մարդ է, ում համար չկա «այս մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ»։ Նա ճշմարտություն էր փնտրում յուրաքանչյուրի մեջ և ամենուր։
Պատերազմի ընթացքում Ավազի հետ մեր զրույցները ծանր ու տխուր էին, բայց մի բան երբեք չի փոխվել՝ հավատը խաղաղության և համակեցության հնարավորության նկատմամբ։
Մենք, իհարկե, համակեցության տարբեր մոդելներ էինք պատկերացնում։ Ես՝ Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների բնակության, ինքը՝ Ադրբեջանի կազմում հայերի բնակության տեսքով։ Բայց այս հարցի շուրջ մենք շատ չէինք վիճում, որովհետև համոզված էինք, որ խաղաղությունը երկու հասարակությունների շահերից է բխում, իսկ քաղաքական լուծումները քննարկման ենթակա են»։
Հուսեյն Իսմայիլբեյլի, Բաքու․ «Նա այն մարդկանցից էր, որոնք ուզում են օգնել»
Հուսեյն Իսմայիլբեյլի՝ JAMnews-ի խմբագիրն Ադրբեջանում
«Ավազին ես առաջին անգամ տեսել եմ 1991 թ-ին։ Երկրի և տարածաշրջանի համար ծանր ժամանակահատվածում մենք միևնույն երիտասարդական կազմակերպության անդամ էինք։ Ընդամենը 18-20 տարեկան էինք և ուզում էինք, որ Ադրբեջանն իրոք ժողովրդավար երկիր դառնա, որտեղ ապահովվում են մարդու բոլոր իրավունքները։
Մեր Ավազը դեռ այն ժամանակ էր աչքի ընկնում սկզբունքայնությամբ։ Ուղիղ էր խոսում, իր մտքերը չէր թաքցնում, միշտ լուրջ էր։ Իհարկե, սիրում էր նա դիպուկ կատակել, ինչպես ինտելեկտուալները։
Նա ընկերների այն տեսակից էր, որոնց հետ կարող ես տարիներով չհանդիպել, բայց հստակ գիտես․ հանկարծ եթե օգնության դիմես, միանգամից կարձագանքի և կողքիդ կլինի։
Բոլորս կկարոտենք նրան։ Արդեն կարոտում ենք»։
Ալբերտ Ոսկանյան, Ստեփանակերտ․ «Ավազը պարկեշտ էր կյանքում և գործի մեջ»
Ալբերտ Ոսկանյան՝ անկախ լրագրող և հրապարակախոս
«Հասանովի հետ ծանոթացել եմ շուրջ 20 տարի առաջ՝ Անհետ կորածների հարցերով միջազգային աշխատանքային խմբում համատեղ գործունեության ընթացքում։
Խմբի աշխատանքները նաև Լեռնային Ղարաբաղում էին իրականացվում։ Ավազը լինում էր այստեղ, այցելում անհետ կորած, գերեվարված մարդկանց հարազատներին։
Առաջին բանը, որ աչքի էր ընկնում, նրա մաքրությունն ու ազնվությունն էր։ Նա չէր վախենում գործից, յուրաքանչյուր դեպքի վրա աշխատում էր՝ ուժերը չխնայելով, ամենայն պատասխանատվությամբ։ Նրա համար չկար «ուրիշի ցավ» հասկացություն։ Նրա համար մարդը գերագույն արժեք էր»։
2009 թ․–ին ստեղծվեց գերեվարվածների և անհետ կորածների մասին պատմող «Իմ թշնամին, իմ ընկերը» վավերագրական ֆիլմը, որը յուրահատուկ կինոերկխոսություն դարձավ Ավազ Հասանովի և Ալբերտ Ոսկանյանի, սահմանի տարբեր կողմերում հայտնված և խաղաղություն երազող մարդկանց համար։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիանախագծի հատված է։ Այն պատմում է մարդկանց մասին, որոնց կյանքի վրա ազդել են Հարավային Կովկասի հակամարտությունները։ Նախագիծը համագործակցում է հեղինակների և խմբագիրների հետ ողջ Հարավային Կովկասից և ոչ մի հակամարտությունում չի սատարում կողմերից որևէ մեկին։ Այս էջում տեղադրված նյութերի համար պատասխանատվություն են կրում հեղինակները։ Տեղանունները մեծ մասամբ օգտագործվում են այնպես, ինչպես ընդունված է հեղինակի հասարակությունում։ Նախագիծն իրականացնում են GoGroup Media և International Alert կազմակերպությունները՝ Եվրամիության աջակցությամբ։