Հին ու նոր հարկերն Ադրբեջանում. ինչպե՞ս է դա աշխատում
Ադրբեջանական հարկային համակարգը ստիպված էր «մարսել» Քրեական օրենսգրքում արված 201 փոփոխություններն ընդամենը 2 շաբաթում՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 1-ը:
Պարզվեց, որ դա բարդ է ոչ միայն հարկատուների, այլ նաև հարկերի նախարարության համար:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ տեղի ունեցավ, պետք է սկզբում բացատրել, թե ինչ է հարկային համակարգն ու ինչպես է այն աշխատում:
Տեսություն. ի՞նչ են հարկերն ու ինչպե՞ս են դրանք աշխատում
Հարկման հիմնական սկզբունքները, որոնք մեր ժամանակներում օգտագործվում են աշխարհի ցանկացած պետությունում, ձևավորվել են դեռևս Ադամ Սմիթի կողմից 1776թ-ին: Եվ այս ամբողջ ընթացքում քննարկվել է՝ արդյոք պետք են հարկերը, արդյոք դրանք կարևոր են և արդյոք արժե դրանք վճարել:
[toggle title=”Ի՞նչ են հարկերը”] Տեսության համաձայն՝ հարկերն անհատական, պարտադիր, անհատույց, անվերադարձ, պարբերական հիմունքներով հավաքագրվող վճարումներ են, որոնք գանձվում են իրավասու պետական հաստատությունների կողմից պետության ֆինանսական ռեսուրսների պահանջը բավարարելու նպատակով: Պետության պահանջների բավարարում ասելով՝ նկատի են ունենում ոչ թե առանձին պաշտոնյաների կամ ծառայողների պահանջներն, այլ հասարակական պահանջները:[/toggle]
Պատմության զարգացմանը զուգընթաց պարզ դարձավ, որ ոչ բոլոր քաղաքացիները կարող են ապահովել իրենց անվտանգությունը, վճարել կրթության կամ բուժման համար, սակայն իրավիճակը երկրում կախված է նրա բոլոր քաղաքացիների բարօրությունից, այլ ոչ թե առանձին հերոսների: Կոպիտ ասած, դա վճար է պետությանն այն բանի համար, որ նա մեզ պաշտպանում է արտաքին թշնամիներից և հանցավորությունից, հասանելի է դարձնում առողջապահությունն ու կրթությունը:
Չնայած, դասական շուկայական տեսության համաձայն՝ պետությունը չպետք է միջամտի այն ոլորտներին, որտեղ շուկա կա, սակայն այդ ժամանակ հասարակությունում յուրօրինակ «ջունգլիների օրենք» կգերիշխի, և բավականաչափ գումար չվաստակող մարդիկ, կոպիտ ասած, սովից և հիվանդություններից կմահանային:
Հարկերի գանձման կարգն ու պայմանները նկարագրված են Հարկային օրենսգրքում: Այդ կարգի հիմքում որոշակի սկզբունքներ են ընկած, որոնք էլ նշվում են ՀՕ-ում:
Ադամ Սմիթը «Ժողովուրդների հարստությունը» գրքում 4 հիմնական սկզբունք է ձևակերպել.
[yes_list]
- արդարության սկզբունք, որը ենթադրում է համընդհանուր հարկում և քաղաքացիների միջև հարկերի բաշխում՝ ըստ նրանց եկամուտների չափի;
- որոշակիության սկզբունքը, որը կայանում է նրանում, որ վճարման գումարը, միջոցն ու ժամանակը պետք է հարկատուին հստակ և նախապես հայտնի լինեն;
- հարմարության սկզբունք. հարկը պետք է գանձվի այն ժամանակ և այն միջոցով, որը հարկատուի համար ամենահարմարն է;
- տնտեսելու սկզբունքը, որը ենթադրում է հարկերի գանձման ծախսերի կրճատում: Այլ կերպ ասած, հարկերի հավաքագրման ծախսերը չպետք է գերազանցեն դրանցից ստացվող շահույթի որոշակի մակարդակը: Որոշ հետազոտությունների համաձայն՝ նորման 7%-ն է համարվում:
[/yes_list]
Այս սկզբունքներն ադրբեջանական Հարկային օրենսգրքում ևս մի քանի լրացում ունեն.
[yes_list]
- [toggle title=”տնտեսական հիմնավորվածության սկզբունք:”]Չի կարելի հարկ մտցնել առանց բացատրելու, թե ինչի համար է այն պետք. օրինակ, կաշվի ներկրման ակցիզները ներմուծվել են Ադրբեջանում կաշվի արտադրության խթանման նպատակով:[/toggle]
- [toggle title=” Սահմանադրությունում ամրագրված իրավունքները և ազատությունները չխախտելու սկզբունք:”]Ենթադրում է, որ հարկը ոչ մի կերպ չպետք է խախտի գարծարարությամբ զբաղվելու, ազատ տեղաշարժվելու քաղաքացիների իրավունքները: Հենց այս կետերի շուրջ են վեճեր առաջանում: Օրինակ, իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցների կողմից միջոցների կանխիկացման 1% հարկը փաստացի խոչընդոտում է ազատ գործարարությանը՝ պարտավորեցնելով ողջ գումարը հաշիվների վրա պահել, և դա նմանատիպ միակ հարկը չէ: Կառավարությունը դա հիմնավորում է շահարկումներին խոչընդոտելու և դրամական հոսքերի վերահսկման անհրաժեշտությամբ, սակայն վերջնական արդյունքում դա հանգեցնում է բանկային համակարգի թուլացմանն ու երկրից կապիտալ դուրս բերելու օրինական, սակայն կասկածելի ուղիների առաջացմանը:[/toggle]
- [toggle title=”Նույն հարկի միանգամյա գանձման սկզբունք”]Ենթադրում է, որ տնտեսական սուբյեկտը չպետք է նույն աղբյուրից նույն հարկը մեկ անգամից ավել վճարի: Տվյալ դեպքում վեճեր է առաջացնում հենց կանխիկացման 1% հարկը, քանի որ եթե դա պարզեցված հարկ է, ապա ի՞նչ անեն այն սուբյեկտները, որոնք առանց այդ էլ պարզեցված հարկը վճարում են այլ դրույքով, կրկի՞ն վճարել:Այլ կերպ ասած, հարկերի նախարարությունն իրավունք ունի գույքահարկ, եկամտահարկ և ԱԱՀ պահանջելու, սակայն իրավունք չունի պահանջելու դրանցից մեկը կրկնակի վճարել՝ անկախ դրույքից և այլն:[/toggle]
- [toggle title=”ոչ խտրականության սկզբունք ցանկացած հատկանիշով:”]Խտրականության արգելք է ենթադրում կրոնի, ազգության և այլնի տեսանկյունից, ինչպես նաև սեփականության և գործունեության ոլորտի առումով: Առավելությունները կարող են տրամադրվել տնտեսական խթանման անհրաժեշտության դեպքում:[/toggle]
- [toggle title=”Հարկատուի առավելության սկզբունք:”]Ենթադրում է, որ վիճելի պահերը լուծվում են հօգուտ հարկատուի:[/toggle]
[/yes_list]
Հարկային բարեփոխումներ և ողջախոհություն
Իսկ այժմ վերդառնանք նոր հարկերին: Դրանք բոլորը, կոպիտ ասած, կոչված են ավելացնելու բյուջեի մուտքերը ճգնաժամի հաղթահարման հարցում երկրին օգնելու համար: Դրանք հարկեր են, ինչպես օրինակ` հավաքարարներից և հարսանիքներին երգող երգիչներից գանձվող հարկը, մեքենաների և թանկարժեք իրերի ներկրման տուրքը և այլ նորարարությունների մի երկար ցանկ:
Արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՕ ամրագրված սկզբունքներին:
Ոչ այնքան: Օրինակ, իրականացրած հարկային բարեփոխումների հիմնական խնդիրներից մեկը դարձավ ԱԱՀ չներառելն այն ծառայություններում, որոնք տրամադրվում են հարկային գործակալներ չհանդիսացող արտասահմանյան ընկերությունների կողմից (այսինքն՝ որոնք մեր երկրում հարկեր չեն վճարում): Բարեփոխումներն ուժի մեջ են մտել հունվարից, իսկ բանկերն ու հարկերի նախարարությունը դեռևս քննարկում են հարկը հանելու մեխանիզմը. պարզվեց, որ վճարային փաստաթղթերով հնարավոր չէ ապրանքը ծառայությունից տարանջատել, քանի որ հարկերի նախարարությունը չի հոգացել հաշվետվություն վարելու կարգում համապատասխան փոփոխությունների մասին:
Խնդիրն առաջացել է ներքին ծառայությունների (այսինքն՝ երբ արտասահմանյան ընկերության մասնաճյուղ է աշխատում Ադրբեջանում) կամ արտասահմանից ապրանք գնելու հետ կապված: Վերջինս, թվում է, չպետք է ԱԱՀ-ով հարկվի, սակայն բանկերն իրենց որոշումն են կայացրել. արդյունքում՝ նույնիսկ տեղական UberTaxi-ի ծառայությունների վճարումը ոմանք համարում էին արտասահմանյան ռեզիդենտի ծառայություն և հարկեր էին հանում:
Այժմ հարկերի նախարարության առջև 2 խնդիր է կանգնած. մեխանիզմի շտապ ստեղծում և հստակ մեխանիզմի բացակայության պատճառով ստեղծվող խնդիրների լուծում:
Բանն այն է, որ ինչ-որ պատճառով քչերն էին հարցը հարկատուի օգտին լուծում, չնայած որ այդ սկզբունքն ամրագրված է ՀՕ-ում:
Այսպիսով, մի շարք նորարություններ և դրանց իրականացման մեխանիզմը խախտում է հարկման հիմնական սկզբունքները: Այդ ամենն արդարացնելու համար շատերը վկայակոչում են այն, որ հարկերի գործառույթներն են գերակա, այլ ոչ թե այդ սկզբունքները:
Ադրբեջանը գրեթե Մեծ Բրիտանիա՞ է
Հարկերը երկու հիմնական գործառույթ ունեն՝ ֆիսկալ և տնտեսական: Ֆիսկալը հարկերի հավաքագրումն է բնակչությանն ամեն տեսակի պաշտպանություն տրամադրելու համար, որի մասին արդեն խոսել ենք: Հարկերի տնտեսական գործառույթը նշանակում է, որ, հարկերի տոկոսադրույքը նվազեցնելով ու բարձրացնելով, կարելի է օգնել տնտեսության զարգացմանը, օրինակ, երկիր ինչ-որ ապրանքների ներմուծումը բարդացնել, որպեսզի տեղական արտադրողները շուկայում հաջողության հասնելու համար ավելի մեծ շանսեր ունենան: Կամ գործարարների համար հարկերը նվազեցնել, որպեսզի փոքր բիզնեսը ոտքի կանգնի և սկսի եկամուտ բերել: Տեսությունը, որի համաձայն հարկերի օգնությամբ կարելի է խթանել տնտեսական զարգացումը բնավ նոր չէ և այժմ ամենուր ընդունված է:
Սովորաբար ասում են, որ որքան ցածր է հարկային բեռը, որը հաշվարկվում է որպես վճարվող ընդհանուր հարկերի և երկրի միջին եկամտի հարաբերակցություն, այնքան ավելի լավ է զարգանում տնտեսությունը: Ադրբեջանն այդ առումով պարծենալու բան չունի: Մեր հարկային բեռը կազմում է 39% (Վրաստանում՝ 16%, իսկ Հայաստանում՝ 20%): Ճիշտ է, մենք մի փոքր ենք գերազանցում Մեծ Բրիտանիային նրա 37%-ով:
Սակայն մի կարևոր պահ կա: Քուվեյթում հարկային բեռը կազմում է 11%, սակայն ներդրողները, միևնույն է, չեն շտապում այնտեղ:
Ռուսաստանում եկամտահարկն ավելի ցածր է, քան Մեծ Բրիտանիայում, սակայն կապիտալը դեռևս հակառակ ուղղությամբ է հոսում:
Կարևոր դեր են խաղում իրավական հիմքերը: Մեծ Բրիտանիայի Հարկային օրենսգիրքը գրեթե 15 հազար էջից է կազմված: Այնտեղ պարզապես տարբեր տեսակի գործունեության և տոկոսադրույքների՝ մեր հարկատուների համար աներևակայելի «տարանջատման» համակարգ կա: Չնայած այդ ֆոլիանտի զգալի մասը պահպանվել է 18-19-րդ դարերից, սակայն շատ բաներ էլ վերջին տասնամյակներ է տեղափոխվել: Քանի որ գործունեության հսկայական նոր ոլորտներ են հայտնվել, դրանք նոր օրենքներ են պահանջել, իսկ օրենսգիրքը բարեփոխվել է բոլոր տարրերի մշակմամբ:
Որպես արդյունք՝ Մեծ Բրիտանիան մեր օրերում համաշխարհային կապիտալի կենտրոններից մեկն է:
Ի՞նչ է փոխվել գործարարների համար
Ընդհանուր առմամբ ցանկացած հարկային բարեփոխում անցկացվում է 2 նպատակով. իրական գործընթացներն իրավական դաշտ տեղափոխելու և ներդրումների ու գործարարության խթանման համար:
Այսպես, Ադրբեջանի հարկերի նախարարության բարեփոխումներից որոշներն իրական գործընթացներն իրավական դաշտ են տեղափոխել:
Օրինակ, ՀՕ-ում էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային ապրանքագրերի մասին հոդված է մտցվել: Գույքագրման մասին 89.10 հոդվածին կետ է ավելացվել լուսանկարների անհրաժեշտության մասին, թեև նախկինում միայն արձանագրությունն ու գույքագրումն էր պետք:
Այդպիսի զարգացում կարելի է տեսնել աճուրդների կազմակերպման մասին 90.3.4 հոդվածում, որտեղ համացանցում կամ սոցցանցերում հայտարարություն տեղադրելու հնարավորության մասին կետ է ավելացվել: Նախկինում հայտարարությունը կարող էր տեղադրվել միայն գրանցված լրատվամիջոցներում: Այդպիսով, հարկերի նախարարությունն ի գիտություն է ընդունել տեխնոլոգիաների և ժամանակակից իրողությունների զարգացումը:
Այժմ խոսենք բարեփոխումների մասին: ՀՕ-ում ձեռնարկությունների ցուցակ գոյություն ուներ, որոնցից չէին պահանջում հաշվիչ-դրամարկղային մեքենաներով աշխատել, օրինակ, փոքր վարսավիրանոցները: Սակայն դրանից առաջ նախարարության աշխատակիցների ավելորդ «ծառայողական եռանդի» պատճառով գործարարներն այնուամենայնիվ օգտագործել են դրամարկղային մեքենաները հաշվետվության համար՝ չիմանալով իրենց համար նախատեսված արտոնությունների մասին: Այդ պատճառով էլ նրանց համար այժմ ոչինչ չի փոխվի:
Անհասկանալի է միայն, թե ինչպես են կոյուղու ծառայությունների համար կտրոններ տալու (իսկ այդ ձեռնարկությունները նույնպես հանվել են ցուցակից, և դրանք պետք է դրամարկղային մեքենաներ ունենան):
Փոփոխությունների ևս մի շարք է մտցվել օրենսգրքում խոշոր առևտրային ցանցերի կյանքը հեշտացնելու համար: Անշարժ գույքի գործակալություններին բաժին է ընկնում հարկային վճարումների 80%-ը, և դեռևս 2016թ-ից նրանք ուզում էին հնարավորություն ունենալ ԱԱՀ-ն վճարել միայն առևտրային հավելագնից, այլ ոչ թե գյուղամթերքի արժեքի ողջ գումարից: Դա թույլ կտա իջեցնել նաև մանրածախ գները:
Դրա համար հարկերի նախարարությունը վերջապես ՀՕ-ում այնպիսի հասկացություններ է մտցրել, ինչպիսիք են գյուղմթերքը, մեծածախ և մանրածախ առևտուրը, առևտրային հավելագինը և տրանսֆերտային գինը: Այլ խոսքով՝ այն, ինչ գոյություն ուներ իրականությունում, այժմ արտահայտվել է ՀՕ-ում, այլապես հարկման ադրբեջանական համակարգը շատ տառացի էր հետևում հարկային համակարգի ունիվերսալության սկզբունքին. և՛ վարսավիրը, և՛ բանկը նույն հարկն էին վճարում:
Տարօրինակ համաներում
Հարկային բարեփոխումների հետևանքով ինչ-որ «էյֆորիայի» հետևանքով կառավարությունն անգամ «հարկային համաներում» հայտարարեց: Սակայն այստեղ էլ է հասկացությունների նենգափոխում տեղի ունեցել:
Այսպես կոչված «համաներման» տակ չի ընկել անգամ հարկի գումարը, այլ միայն չվճարելու համար ավելացված տոկոսներն ու ֆինանասական պատժամիջոցները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ: Իրականում դա սովորաբար հարկերի դուրսգրում են անվանում: Հարկերի նախարարությունը պարզապես «իր հարցերն է լուծել» տարբեր պետական մարմինների հետ (կոմունալ ծառայությունների մատակարարների հետ, որոնք բյուջեին զգալի գումարներ են պարտք) և վերադարձել է սկզբնական մեկնարկային կետին՝ դուրս գրելով պատժաիմջոցներն ու թողնելով միայն մայր գումարը:
Ցուցակում են հայտնվել շատ ձեռնարկություններ, որոնք պետք է ընթացիկ տարում սեփկանաշնորհվեն: Հավանաբար դա արվել է նաև նրանց դրության բարելավման համար, այլապես անգործ մնացած ձեռնարկությունները, որոնք շատ ներդրումներ են պահանջում և, ի հավելումն, հսկայական հարկային պարտքեր ունեն, սեփականաշնորհման համար այնքան էլ գրավիչ չեն:
Ի՞նչ է փոխվելու հասարակ մարդկանց համար
Բանկերում ավանդների ծավալի և արժեթղթերում կատարված ներդրումների ծավալների աճի համար կառավարությունը 7 տարով ազատել է քաղաքացիներին դիվիդենդների հարկերից:
Բժշկական ապահովագրության բարեփոխումների իրականացման համար համապատասխան կառույցն ու պետական բժշկական հաստատություններն ազատված են եկամտահարկից:
Եթե նախկինում տոտալիզատորների սիրահարները շահումների 10%-ն էին վճարում, ապա այժմ վճարելու են շահումի այն հատվածի 10%-ը, որը մնում է դրա վրա ծախսվող գումարը հանելուց հետո:
Հարկերից ազատվել է հացահատիկի, ալյուրի ներկրումն ու վաճառքը, հացի արտադրությունն և վաճառքը, թռչնի մսի վաճառքն ու բանկերի թունավոր ակտիվները: Այդ ամենը՝ 3 տարի ժամկետով:
Ինչ վերաբերում է երգիչներին ու հավաքարերներին, որոնց մասին շատերն անհանգստանում են, ապա ինչ-որ առումով նրանց կյանքը պետք է ավելի հեշտացվի. այժմ հարկերի նախարարությունը նրանց «ետևից չի ընկնի», փոխարենը ամսական վճար կպահանջի բյուջեի համար: Անկախ նրանից, թե ինչով ես զբաղվում (կոշկակարից մինչև մասնավոր վարորդ, լուսանկարչից մինչև հարսանիքի հաղորդավար) համապատասխան ամսական հարկ ես վճարելու (5-60 մանաթ՝ կախված գործունեությանդ տեղից և տեսակից): Ճիշտ է, նրանց պարտավորեցրել են կտրոններ տալ: Հետաքրքիր է, թե ինչպես է երգիչը կտրոն տրամադրելու հարսանիքին իր երգածի համար:
Շուկա, որը չկա
Ինչ վերաբերում է տնտեսության խթանմանը, հարկերի նախարարությունը մի շարք բավականին յուրատեսակ միջոցներ է առաջարկել: Նախարարությունը մտածել է «էլեկտրոնային դրամապանակների» տեղական անալոգների զարգացման մասին, որոնք Ադրբեջանում դեռ չկան, և 10% հարկ է մտցրել Ադրբեջանից արտասահմանյան այլ «էլեկտրոնային դրամապանակներին» դրամական փոխանցման համար: Ակնհայտ է, որ դա պետք է խթանի «էլեկտրոնային դրամապանակների» շուկայի բուռն զարգացումը, սակայն դեռևս նման բան տեղի չի ունեցել, զարգանալու բան չկա: Քանի որ շուկա չկա:
Հարկերի նախարարությունը հիշել է նաև ավտոմեքենա արտադրողների մասին: Հիշեցնենք, որը նախորդ տարի անգամ աշխատանքի նախարարությունը պետպատվերների միջոցով խթանում էր NAZ Lifan ադրբեջանական ավտոմոբիլային գործարանի արտադրանքի ընդլայնումը, այդ մասին էր խոսում նաև նախագահը, սակայն պարզվեց, որ պետական աջակցությունը մեծ չէ: Այսպիսով, ձեռնարկությունը 2016թ-ին 270 ավտոմեքենա է արտադրել այն դեպքում, որ 2015թ-ին 725 էր արտադրել: Ընդ որում, 270 արտադրված մեքենաների 140-ը պահեստներում են մնացել:
Սակայն հարկերի նախարարությունը չի հուսահատվում. այն բարձրացրել է ներկրված ավտոմեքենաների ակցիզները: Ճիշտ է, Naz Lifana-ի արտադրանքի հիմնական մրցակիցների՝ 2լ հզորությամբ մեքենաների ներկրման ակցիզները ոչ մի կերպ չեն փոխվել: Իսկ մնացած ակցիզների գները միջինում 2,25 անգամ ավելացել են:
Հետաքրքիր է, որ կրկնակի բարձրացվել են զբոսանավերի, ալմաստի, ոսկու ակցիզները: Սակայն, հաշվի առնելով բնակչության բարեկեցության մակարդակն, այդ պահը քչերին է հետաքրքրում: