Հետպատերազմյան կյանքն Արցախում․ մարդիկ հեռացել են, որ վերադառնան
Պատերազմի արհավիրքները շատ բնակիչների ստիպել են լքել հանրապետությունը
Արցախի Հանրապետությունում հրադադարի հաստատումից ավելի քան կես տարի է անցել, սակայն դրա բնակիչները նախկինի պես տնտեսական և սոցիալական դժվարություններ են կրում, որոնք պատերազմի հետևանք են։
Լուծված չեն այն փախստականների բնակարանային խնդիրները, որոնք չեն կարող իրենց տներ վերադառնալ։ Տները կորցրած բնակիչներին տեղավորում են հյուրանոցներում, ինտերնատներում, հանրակացարաններում, ինչպես նաև վարձով բնակարաններում, ծախսերը հոգում է պետությունը։ Տեղի բնակիչներից շատերը, որոնք ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ տեղափոխվել են Հայաստան, չեն կարող տուն վերադառնալ։
Պատերազմից հետո բարդացել է նաև արտաքին աշխարհի հետ կապը, ինչն անդրադառնում է տնտեսական իրավիճակի վրա։ Տարածաշրջանում փակվել են որոշ ձեռնարկություններ, ծառայությունների ոլորտի օբյեկտներ, աճել է գործազրկությունը։
- Պահպանել բիզնեսը՝ զարգացնել տնտեսությունը․ արցախցի ձեռնարկատերերի պատմությունները
- Քամել առավելագույնը․ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ներխուժել Հայաստանի տարածք
- Հեռակա մարտ «Զանգեզուրի միջանցքի» համար․ ի՞նչ են խոսում Ադրբեջանում և Հայաստանում
Իրավիճակը թվերով
Հայկական կողմի վերահսկողության տակ մնացած տարածքում ամբողջությամբ ավերվել և վնասվել է 6 943 բնակարան և մասնավոր տուն, որոնցից 4 435-ը՝ Ստեփանակերտում։ Սրանք Արցախի Հանրապետության կառավարության տվյալներն են։ Իշխանությունը Ստեփանակերտում և Մարտունու շրջանում վերականգնման ոչ ենթակա 24 և մեծապես ավերված 58 տուն է հաշվառել։
Քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովման ծրագրով մինչև 2022 թ-ի վերջը պլանավորվում է ավելի քան 700 նոր բնակարան հանձնել։
Ստեփանակերտում կառուցվում է 108 բնակարան ունեցող բնակելի շենք, պլանավորված է բնակելի նոր թաղամասի շինարարություն, որն ավելի քան 200 բնակարան կապահովի։ 10 բնակելի նոր շենքերի շինարարության տենդեր է հայտարարվել, որոնցում կլինի 300 բնակարան։ Իսկ Իվանյան բնակավայրում պլանավորվում է ընդհանուր 160 բնակարան ունեցող եռահարկ շենքեր կառուցել։
Առկա ազատ բնակֆոնդը տրամադրվում է տեղահանվածներին․ նրանց տեղավորում են հյուրանոցներում, հյուրատներում։ Այս փուլում դրանցում տեղավորվել է շուրջ 1300 մարդ, հաղորդում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Առաջին հերթին՝ լուծվում են Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների, հաշմանդամություն ստացածների, բազմազավակ և զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները։
«Ցավոք, այս պահին գործընթացը կասեցված է ազատ հյուրանոցների բացակայության պատճառով։ Սակայն լինում է, որ ընտանիքներն այլ բնակարան են գտնում, ազատում են սենյակները և այլ ծրագրի շահառու են դառնում, որի շրջանակում պետությունը փոխհատուցում է նրանց բնակարանների վարձը։ Իսկ հյուրանոցների այդ ազատված սենյակները փոխանցվում են անտուն մնացած մյուս քաղաքացիներին», — ասել է նախարարության մամուլի քարտուղար Վաչե Վարդանյանը։
Ժամանակավոր տեղահանվածների բնակարանների վարձավճարները, բոլոր բնակիչների կոմունալ և կապի վճարները կառավարությունը մասնակիորեն իր վրա է վերցնում, բնակարանների վարձի ֆինանսավորումն իրականացնում է հաստատված սահմանաչափերի շրջանակում։
«Մեզ խաբել են, ասել են՝ երեք-չորս օրից գյուղ ենք վերադառնալու»
«Պատերազմից մեկ շաբաթ առաջ կրտսեր տղաս ավարտել էր տան վերանորոգումը, որ ամուսնանար։ Ամեն ինչ իր ձեռքով էր արել, հարսանիքի բոլոր պատրաստությունները տեսել էր, երաժիշտների հետ արդեն պայմանավորվել էինք, Ստեփանակերտում հարսանյաց սրահ էինք վերցրել, բայց չհասցրինք, պատերազմը սկսվեց», — պատմում է Քարին Տակից տեղահանված 63-ամյա Սուսաննա Սարգսյանը։
Սարգսյանների ընտանիքը, որը պատերազմի հետևանքով ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Քարին Տակից է, Հայաստան է տեղափոխվել ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ։
«Երկու անգամ մեզ՝ Քարին Տակի աշխարհազորայիններիս, հրահանգել են լքել գյուղը։ Մենք մտածում էինք, որ հատուկ են այդպես ադրբեջանցիներին թողնում մոտենան, որ հետո ջարդեն։ Սակայն նրանք մեր գյուղով հանգիստ անցան և հասան Շուշի, իսկ մեզ դուրս բերեցին Քարին Տակից։ Ընդ որում, խաբեցին, ասացին, որ երեք-չորս օրից վերադառնալու ենք գյուղ, այդ պատճառով էլ մեզ հետ ոչինչ չվերցրինք», — պատմում է Ալեքսանդր Սարգսյանը։
10 հոգուց բաղկացած ընտանիքը Հայաստանում մի քանի անգամ վերաբնակեցվել է մի բնակավայրից մյուսը։ Հինգ ամսում նրանք վեց տուն են փոխել։ Սակայն ընտանիքի բոլոր անդամներն ուզում էին հետ վերադառնալ, և մեկ ամիս առաջ նրանք մեկնել են Հայաստանից, թեև գնալու տեղ չունեին։ Արդյունքում՝ ընտանիքը տեղավորվել է Ստեփանակերտում գտնվող կիսանկուղային գրասենյակի տարածքում։ Իշխանությունը փոխհատուցում է նրանց վարձավճարն ու կոմունալ ծախսերը։
«Գյուղացուն հող է պետք, նրանք պետք է հող մշակեն, նրանք չեն կարող ապրել «ասֆալտի վրա»։ Մենք հայրենի գյուղում թողել ենք տներ, հանգստյան գոտի, շուրջ 3,5 հեկտար հողակտոր, բիզնես․ Շուշիում բար ունեինք։ Լավ էինք ապրում։ Սպասում ենք, թե երբ է կրկին ազատագրվելու Շուշին, Քարին Տակը, որ տուն վերադառնանք։ Դա մեր հայրենիքն է, մենք պետք է այն վերածնենք, պետք է վերադառնանք մեր տներ, անգամ եթե դրանք ավերված են»։
«Վիկտորիան դեռ հաղթանակի խորհրդանիշ կդառնա»
Ստեփանակերտի բնակիչ Գայանե Աղաջանյանը սպասում էր չորրորդ երեխայի ծնվելուն։ Երբ սկսեցին ակտիվ ռմբակոծել բնակավայրերի թաղամասերը, նա հասկացավ, որ երեք երեխաների հետ նկուղում մնալ չի կարող։
«Ամուսինս արդեն ճակատում էր և անհասանելի էր։ Ես երեխաներիս հետ մեքենա նստեցի, եղբորս անչափահաս երեխաներին և կնոջը վերցրի, և մեկնեցինք Երևան», — պատմում է Գայանեն։
Փոքր Վիկտորիան ծնվել է արդեն Երևանում, հոկտեմբերի 18-ին՝ պատերազմի ամենաթեժ պահին։ Աղջկա անունը խորհուրդ են տվել ընկերներն ու երեխաները։ Որոշել են, որ նա հաղթանակի խորհրդանիշ է լինելու։
«Մենք չենք հրաժարվում մեր հաղթանակից։ Այդ օրը դեռ կգա», — ասում է Գայանեն։
Ի դեպ, նրա մեկնելուց հետո բնակարանին հարվածել է «Սմերչի» արկը։ Ավերվել է պատշգամբն ու մասնակիորեն՝ մանկական սենյակը։ Այժմ բնակարանը վերանորոգվում է կառավարության ծրագրով։
«Այժմ ապագայի նկատմամբ վախի, մտահոգությունների փուլ է։ Չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Դժվար է գիտակցել, որ մենք այստեղ նստած ենք, իսկ մեր ճակատագիրն ինչ-որ մեկն ինչ-որ տեղ պետք է որոշի և, գուցե, ոչ մեր օգտին։ Խաղաղապահներն այժմ այստեղ են, հույս ունենք, որ նրանք իրենց առաքելությունը լավ են կատարելու, բայց ո՞վ գիտի, չէ՞ որ դա քաղաքականություն է։
Նրանք պարզապես պետք է իմանան, որ, եթե ինչ-որ մեկն ինչ-որ տեղ պայմանագիր ստորագրի, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, մենք այստեղ չենք մնա։ Որոշումներ ընդունողները պետք է դա հասկանան։ Պարզ է, չէ՞, թե ինչ է սպասվում հային, որը կարող է գերի ընկնել կամ ադրբեջանցիների հարևանությամբ հայտնվել»։
Տեղեկանք
2020 թ-ի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ռուսաստանը խաղաղապահներ մտցրեց հակամարտության գոտի։ Նրանք տեղակայված են շփման գծի երկայնքով որոշակի հատվածներում, ինչպես նաև Արցախն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքի երկայնքով։ Զորակազմը կմնա այստեղ հինգ տարի՝ նույն ժամկետով ինքնաբերաբար երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից կես տարի առաջ չհայտարարի հակամարտության գոտում դրա ներկայությունը դադարեցնելու մտադրության մասին։
Պատերազմից հետո Արցախն աշխարհից ավելի մեկուսացված է դարձել․ փոխվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կարգը։ Այսուհետ օտարերկրացիները, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների, պետք է նախապես դիմեն ԼՂՀ ԱԳՆ՝ մուտքի թույլտվություն ստանալու համար։ Այս տեղեկությունը փոխանցվում է նաև ռուսական խաղաղապահ ուժերին։
Նոր կարգը վերաբերում է առանց բացառության բոլոր արտասահմանցիներին՝ անկախ ազգությունից։ Այսինքն՝ ծնունդով արցախցի, բայց այլ երկրի քաղաքացիներն իրավունք չունեն առանց թույլտվության հայրենիք գալ։
Բացի այդ, պատերազմի հետևանքով Արցախը զրկվել է Քարվաճառով անցնող երկրորդ ճանապարհից, որը կապում էր Հայաստանի հետ։ Այժմ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է դեպի Հայաստան, որտեղ մի քանի ռուսական անցակետ կա։ Խաղաղապահները պարտադիր կերպով ստուգում են տրանսպորտն ու Արցախ մուտք գործողների և դուրս եկողների անձնագրերը։
«Երբ տունդ կորցնում ես, միևնույն է, թե որտեղ ապրել»
Հադրութի բնակիչ Մարգարիտա Քարամյանը պատմում է, որ 2020 թ-ի ռազմական գործողությունները սկսվել են Արցախի միանգամից ողջ պարագծով, Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության տակ են հայտնվել բոլոր բնակավայրերը։
Ընտանիքը քնած է եղել, երբ սկսվել են առաջին պայթյունները։ Առաջին իսկ հրետակոծության ժամանակ Մարգարիտան երկու երեխաների հետ նկուղ է իջել։
Սակայն շուտով բոլոր տեղացիները հասկացել են, որ նկուղները նրանց չեն փրկի․ ԱԹՍ-ներն ու «Սմերչ» համակարգերը թիրախային կրակ էին բացում․ հարվածում էին հիվանդանոցներին, զորամասերին, շենքերին։
Որոշում է կայացվել դուրս բերել կանանց և երեխաներին, սակայն Մարգարիտան Հադրութում է մնացել մինչև հոկտեմբերի 7-ը։
«Եթե միայն մտքի ծայրով գիտակցեինք, որ ամեն ինչ այսպես կստացվի, մեր տներից ինչ-որ բաներ կվերցնեինք մեզ հետ։ Գոնե լուսանկարներով ալբոմները, հարսանիքների սկավառակները կամ փաստաթղթերը», — ասում է նա։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, Մարգարիտան բանակում է ծառայել․
«Մենք պահեցինք Հադրութը, երբ չկար ԼՂԻՄ 40 տոկոսն ու երբ Հադրութի շրջանի հարավային թևի 14 գյուղեր տեղահանվել էին՝ 1991 թ-ի մայիսի 16-19-ը»։
Իսկ հիմա՝ այս պատերազմի հետևանքով, Քարամյանների ընտանիքը Հադրութում է թողել չորս սեփական տուն, ջերմոցային տնտեսություն։
«Սակայն գլխավորն այն է, որ թողել ենք մեր հայրենիքը։ Մենք կորցրել ենք մեր հայրենիքը, որտեղ ծնվել և մեծացել ենք։ Այնտեղ են ապրել իմ նախնիները։ Իմ ընտանիքի չորս սերունդ ապրել է Հադրութում։ Մենք կորցրել ենք մեր անցյալը, մեր կյանքի փաստերը, ոչինչ մեզ հետ չենք վերցրել», — ասում է Մարգարիտան։
35 հազար մարդ է իր տները կորցրել այդ տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանցից գրեթե 25 հազարը, ըստ նախնական տվյալների, Հայաստանում են։
Մարգարիտան ընտանիքով Երևանում է ապրում, այս փուլում նա վերադառնալու տեղ չունի․
«Հիմա Ղարաբաղն այնքան փոքր է դարձել, որ չի կարող տեղավորել բոլոր ժամանակավոր տեղահանվածներին, բացի այդ, այնտեղ այդքան բնակարան չկա, որ բոլորն ապահովվեն բնակարանով։ Սակայն վախն, անվտանգության հարցում անվստահությունը մարդկանց ստիպում են դեռևս հետ չգնալ, թեև չեմ կարծում, որ Հայաստանում ավելի անվտանգ է։ Սակայն երբ սեփական տունդ կորցնում ես, միևնույն է, թե որտեղ ապրել՝ Հայաստանում, Ռուսաստանում, թե որևէ այլ երկրում։ Ամեն տեղ տանը չես, իսկ երբ տանը չես, միևնույն է, թե որտեղ ապրել»։
Մարգարիտան Երևանում կազմակերպություն է հիմնել, որը զբաղվում է Հադրութից տեղահանվածների իրավունքներով։ Նրա խոսքով՝ մարդիկ ասում են, որ ուզում են վերադառնալ միայն Հադրութ, միայն իրենց տներ։
«Թող ավերակներ լինեն, թող այնտեղ ոչինչ չլինի, միայն պատերը լինեն, բայց Հադրութը լինի, և մեր պատերը լինեն։ Մենք կրկին ամեն ինչ կվերականգնենք, կապրենք մեր տներում և մեր հողում։ Մենք կվերադառնանք Հադրութ, անպայման կվերադառնանք», — ասում է Մարգարիտան։
«Գնահատել կորուստներն ու դիմել միջազգային կազմակերպություններին»
Արցախի Հանրապետությունում 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո վատթարագույն իրավիճակն է ստեղծվել անկախության ողջ պատմության մեջ, կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը․
«Մինչև 44-օրյա պատերազմը, վերջին մի քանի տարում Արցախում երկնիշ տնտեսական աճ էր նկատվում։ Սակայն պատերազմը բերեց նրան, որ այժմ շատ բարդ է վերականգնել անգամ պետական մենեջմենթը։ Պետք է գնահատել կորուստները, ռիսկերն ու տնտեսական անվտանգության սպառնալիքները, որոնք արդիական են, հստակեցնել առաջնահերթություններն ու Արցախի և Հայաստանի տնտեսական ինտեգրման ծրագիր մշակել»։
Սակայն ամենաակտուալ հարցն այստեղ կայունությունն է, խաղաղության պահպանումը, անվտանգության հարցը։ Ներկա պահին իրականացվող նախագծերը ֆինանսավորվում են Հայաստանից և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։
«Սակայն Արցախը պետք է դիմի միջազգային կառույցներին, որպեսզի գոյատևման միջոց ստանա։ Դրանք աշխատում են ոչ միայն ճանաչված, այլև չճանաչված հանրապետությունների հետ», — կարծում է Թաթուլ Մանասերյանը։
Մեդիացանցի աջակցությամբ