Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ մեդիաոլորտում օրենսդրական նախաձեռնությունները գուցե և ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակ ունեն, բայց կարող են գնահատվել ազատ արտահայտման իրավունքի սահմանափակման փորձեր։
2021թ. փետրվարի 25-ին հրավիրած հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հանրապետության հրապարակում հավաքված իր աջակիցները վանկարկում էին «վե՛րջ թավիշին» կարգախոսը։
«Թավիշը» խորհրդանշում է 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում նոր իշխանության կողմից հայտարարված «սիրո ու հանդուրժողականության» քաղաքականությունը։ «Թավիշը» հավասարեցվում էր որևէ ոլորտում ռեպրեսիվ մեթոդներից խուսափելուն։ Եվ ահա, 2020թ․ պատերազմում Ադրբեջանին պարտվելուց հետո Փաշինյանն ու նրա ղեկավարած թիմը հնչեցնում են «վերջ թավիշին»-ը։
Այս արտահայտությունը լիովին կարելի է կիրառել մեդիայի մասին իշխող քաղաքական ուժի վերաբերմունքի մասին խոսելիս։
Դեռ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց, որ մեդիայի 90%-ը նախկին իշխանություններին են պատկանում։ Անցած երկու տարիների ընթացքում այս գնահատականն առանձնապես փոփոխության չի ենթարկվել։
- Կեղծ լուրերի համավարակ Հայաստանում. ինչպես պայքարել դրա դեմ
- Հայաստանի հիմնական խնդիրները․ անկայունություն, գործազրկություն, Արցախյան հակամարտություն
Օրենսդրական նախաձեռնությունների մասին
Կառավարությունն ու ԱԺ-ում Փաշինյանի քաղաքական թիմը վերջին ամիսներին լրագրողների ու լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իսկական շքերթ են նախաձեռնել։
Վերջին օրինակը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծն է։ Այն եռապատկում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ դրանք հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։
Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ ևս հիշել էր «թավիշը»։
«Թավշյա վերաբերմունքն այլևս անընդունելի է», — ասել էր Փաշինյանի զինակիցը ու ավելացրել, թե «ճիշտ չէ խոսքի ազատությունը շփոթել լկտիության և վարձու զրպարտության հետ… Այն ԶԼՄ-ն, որը զբաղվում է լկտիությամբ կամ զրպարտությամբ, հանցագործ է»։
Այս նախաձեռնությանն արձագանքողներից էր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։
«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է տուգանքները, որոնք կարող են սահմանափակել ազատ արտահայտման իրավունքը և սպառնալ երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը», — ասված է կազմակերպության մարտի 26-ին հրապարակված հայտարարության մեջ:
Հայաստանի մեդիա կազմակերպությունները նույնպես արձագանքել են իշխանությունների այս նախաձեռնությանը։
«Այս փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի, արտահայտվելու ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։ Բացի այդ, սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար և դրդել նրանց՝ ընդդեմ ԶԼՄ-ների ավելի խիստ վճիռների կայացման», — ասվում է ավելի քան տասը կազմակերպությունների տարարած հայտարարության մեջ։
ԱԺ պատգամավորները չընդունեցին օրինագծի վերաբերյալ լրագրողական ու փորձագիտական հանրության քննադատությունը։
Սակայն հայտարարության մեջ դատարանների խնդիրը պատահական չի քննարկվում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020թ․ տարեկան զեկույցում նշվում է, որ մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների ներգրավվածությամբ 74 նոր դատական գործ է քննվել։ Այդ գործերի գերակշիռ մասը՝ 61-ը, հենց վիրավորանքի և զրպարտության հիմքով է։
Մեդիա համայնքը դիմել է Հայաստանի նախագահին՝ չստորագրել օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մեդիա կազմակերպությունները հաճախ են իշխանություններին հայտարարությամբ դիմելու առիթ ունենում։ Մոտ 30 հայտարարություն մեկ տարվա ընթացքում, որոնցից 6-ը հենց օրենսդրական փոփոխությունների ու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների մասին են։
Վիրավորանքի ու զրպարտության թեման այս՝ գրեթե իրականություն դարձած փոփոխությամբ չի սահմանափակվում։
Դատախազությունը Հայաստանում օրինագծերի քննարկման «edraft.am» հարթակում շրջանառում է մեկ այլ նախագիծ, որը նախատեսում է քրեականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժը։
Դատախազությունն առաջարկում է պետական ծառայողի՝ լրատվամիջոցում կամ հրապարակային (օրինակ, սոցիալական ցանցում) վիրավորանքն ու զրպարտությունը պատժել 500 հազարից 3 միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Հայաստանի լրագրողական կազմակերպություններն այս նախաձեռնությանը կոշտ են արձագանքել, ասելով, որ «այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը»։
Հայաստանի լրատվական դաշտում նոր կանոններ սահմանելու մեկ այլ նախաձեռնություն էլ ներկայացրել են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Այս օրինագիծը Հայաստանում առավել հայտնի է որպես «անանուն աղբյուրների դեմ» օրինագիծ։
Օրինագծով նախատեսվում է արգելել հրապարակումներում հղում անել անանուն աղբյուրներին, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։
«Անանուն աղբյուրը» օրինագծում բնորոշվում է որպես «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»։ Օրինագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով՝ «անանուն աղբյուր» ասելով գործնականորեն նկատի ունենք ֆեյքերին»։
Իսկ «ֆեյքեր» ասելով Հայաստանում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները նկատի ունեն հատկապես տելեգրամյան ալիքները, որոնց հեղինակներն անհայտ են։
Հետպատերազմյան շրջանում հայաստանյան մեդիայում իսկապես գործում է մեխանիզմ, երբ տելեգրամյան անանուն ալիքի հրապարակած տեղեկությունը տարածվում է լրատվական կայքերով։ Ընդ որում, տեղեկությունը միշտ չէ, որ սուտ կամ կեղծ է լինում։
Երբեմն՝ այո, այն բացահայտ կեղծիք է, երբեմն՝ կիսաճշմարտություն, երբեմն էլ՝ իրականություն։ Խնդիրն այն է, որ լրատվական կայքերը ժամանակ չեն ծախսում տելեգրամյան ալիքների տեղեկությունները նախօրոք ստուգելու ու նոր միայն օգտագործելու վրա։
Օրինագծի հեղինակները բացատրում են, որ իրենք ոչ թե ցանկանում են արգելել լրագրողների կողմից անանուն աղբյուրների օգտագործումը, այլ մտադիր են պայքարել տելեգրամյան անանուն ալիքների «գովազդի» դեմ։ Լրագրողը կարող է օգտագործել տելեգրամյան ալիքի տեղեկությունը՝ առանց այդ ալիքի անունը նշելու և լուրը կամ լուսանկարը ներկայացնել որպես սեփական ստացած բովանդակություն։
Այս նախաձեռնությունը ևս Հայաստանի լրագրողական համայնքի բացասական գնահատականին է արժանացել։ Մարդու իրավունքների պաշտպանը օրինագիծը քննարկել է մեդիա մասնագետների հետ ու հայտարարել, որ այն պարունակում է «դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի» համար։
Լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների հորդորները, պահանջներն ու հայտարարությունները գործնականում դեռ չեն ազդում Փաշինյանի թիմի գործողությունների վրա։ Օրինագծերը շրջանառության մեջ են ու քայլ առ քայլ ընդունման ճանապարհին են։
Հայաստանը դեռ պարտված պատերազմի շոկի ազդեցության գոտում է։ Մարդիկ հիասթափված են պատերազմի օրերի պետական քարոզչությունից։ Պաշտոնական տեղեկատվությունը, լրատվամիջոցներում հրապարակումները հավատ չեն ներշնչում։
Ապացույցը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) այս տարվա մարտին հրապարակված հետազոտությունն է, համաձայն որի՝ հայաստանցիների 50%-ն ընդհանրապես չի վստահում ոչ մի մեդիայի։
Իշխող քաղաքական ուժը ներքաղաքական պայքարում մեդիա ռեսուրսների պակաս ունի և ցանկանում է պայքարել լրատվական աղբյուրներում չկողմնորոշված մարդկանց ուշադրության համար։
Օրենսդրական այս նախաձեռնությունները Փաշինյանի թիմի համար Հայաստանում մեդիա դաշտի ու լրագրողների աշխատանքի համար նոր կանոններ սահմանելու փորձ են։ Այնպիսի կանոնների, որոնք գուցե նաև ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակ ունեն, սակայն կարող են գնահատվել որպես ազատ արտահայտման իրավունքի սահմանափակման փորձեր։