Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց են տվել «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ուղիղ միացման ժամանակ։
Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում սկսվել են սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան։ Ադրբեջանում և Հայաստանում ռազմական դրություն է մտցվել, զորահավաք է հայտարարվել։ Տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան երկու կողմում էլ։ Բաքվում հայտարարել են Ղարաբաղում մի քանի գյուղերի և ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Երևանը հաղորդում է Հայաստանի տարածքը հրետակոծելու մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի հիմնական թեզերը․
• Ակտիվ մարտական գործողությունները սկսվել են հայկական կողմի սադրանքի հետևանքով։
• Թուրքիան տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում։ Այն Ադրբեջանին բարոյական աջակցություն է ցուցաբերում, որևէ այլ կերպ Թուրքիան հակամարտությանը չի մասնակցում։
• Կա հակամարտության միայն երկու կողմ՝ Ադրբեջանն ու Հայաստանը։
• Սիրիացի մարտիկներ հակամարտության գոտում չկան։ 10-միլիոնանոց Հայաստանի դեմ պայքարելու համար 10-միլիոնանոց Ադրբեջանը մարդկային ռեսուրսների պակաս չունի։
• Հայաստանը ցուցադրաբար խախտել է Ժնևի կոնվենցիան՝ Լիբանանից եկածներին տեղավորելով օկուպացված տածքներում և Շուշիում։
• Սրացման ևս մեկ պատճառ է ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում։ Այնտեղ Սորոսի ռեժիմ է հաստատվել։ Հեղաշրջումը, որը չհաջողվեց Բելառուսում, հաջողվել է Հայաստանում։ Երկիրը ճգնաժամի մեջ է, և Փաշինյանին արտաքին գործոն է պետք՝ բնակչության ուշադրությունը շեղելու համար, ինչն էլ նրան հաջողվեց։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հիմնական թեզերը․
• Հայաստանի գործողությունները պատասխան են Ադրբեջանի ագրեսիային։
• «Հակամարտության ռազմական լուծում չկա և չի կարող լինել»։
• Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Ղարաբաղի մարտական գործողություններում։ «Թուրք ռազմական հրահանգիչներն ու բարձրաստիճան զինվորականները գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում, տեղ-տեղ նրանք նույնիսկ ղեկավարում են ռազմական գործողությունները»։
• «Պետք է ստիպել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից»։
• Ադրբեջանում սիրիացի վարձկաններ կան։ «Ադրբեջանի բնակավայրերում բախումներ են եղել նրանց և տեղացիների միջև։ Վարձկանները փորձում են շարիաթի օրենքներ մտցնել այդ գյուղերում»։
• Բանակացությունների համար համապատասխան մթնոլորտ է պետք, և դժվար է այդ մասին խոսել, քանի դեռ ռազմական գործողություններ են ընթանում։