«Հարուստները կարող են չծառայե՞լ բանակում». քննարկվում է Հայաստանի ՊՆ նոր նախագիծը
Վճար կարճաժամկետ զինվորական ծառայության համար
Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից մշակված օրենքի նոր նախագիծը հրապարակվել է e-draft կայքում՝ մեկնարկելով հասարակության լայն շերտերի կողմից դրա քննարկումը։ Մարդիկ վիճում են հատկապես այն դրույթի շուրջ, ըստ որի ցանկացած ժամկետային զինծառայող կարող է բանակում ծառայել ընդամենը 4,5 ամիս, եթե պետբյուջե վճարի 24 մլն դրամ։
Նախագիծը դեռ չի ընդունվել, և, հնարավոր է, փոփոխություններ կրի, քանի որ այն կոշտ քննադատության է արժանացել ոչ միայն ընդդիմության, այլև փորձագետների կողմից։ Մինչդեռ, հայաստանցիների մի մասը կարծում է, որ նախագիծը միանգամայն ընդունելի է, քանի որ մեծահարուստների երեխաները առանց այդ էլ կարող էին խուսափել զինվորական ծառայությունից։
Օրինագծի մանրամասները՝ ինչ նպատակով է այն ընդունվում, ուր են ուղղվելու այն գումարները, որոնք կվճարեն 2 տարի ծառայել չցանկացող զորակոչիկները։ Նաև ինչ են մտածում ՊՆ առաջարկի մասին ընդդիմադիրները, փորձագետներն ու Հայաստանի բնակիչները։
- «Անկախությունը նման է առողջության, որն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր»․ Փաշինյան
- «Պետություն կառուցելը հեշտ գործ չէ». կարծիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
- Տարածաշրջանային գործընթացներ՝ առանց հայկական շահերը հաշվի առնելո՞ւ։ Կարծիք
Պրոֆեսիոնալ բանակի անցման փուլ
Հայաստանի կառավարությունը նախատեսել է 2021-2026թթ. ծրագրով աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքեր ստեղծել։ Այս գործընթացի շրջանակներում հաշվի է առնվել նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը։
ՊՆ առաջարկությամբ՝ նախապատրաստական, ուսումնական փուլի չորսուկես ամիսն ավարտվելուց հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածներին կտրվի արձակվելու հնարավորություն։ Միակ պայմանը պետբյուջե 24 մլն դրամ վճարելն է։
Գումարի չափը հաշվարկվել է այն տրամաբանությամբ, որ մեկ ժամկետային զինծառայողի փոխարեն ներգրավվելու է պայմանագրային զինծառայող։ Եվ 5 տարվա ընթացքում նա ամսական մինչև 400 հազար դրամ աշխատավարձ է ստանալու։ Սա, ըստ նախագծի հեղինակների, կմոտիվացնի շահագրգիռ բնակիչներին ծառայել բանակում։ Միաժամանակ կդառնա պրոֆեսիոնալ զինվորական ծառայության համակարգի ներդրման բաղադրիչ։
Ըստ էության, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը ենթադրում է պայմանագրային զինծառայության նոր համակարգի ստեղծում։
Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծի ընդունումն ուղղված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարմանը, որտեղ ամրագրված է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մտադրությունը։
Ուստի անհրաժեշտ է
- բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն գրավչությունն ու շահագրգռվածությունը ,
- ստեղծել արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ,
- ներդնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ։
«Օրինագիծը հակասահմանադրական է»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտարարում է, որ ՊՆ նախագիծը հակասահմանադրական է, ավելին՝ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։ Մասնավորապես, ըստ նրա, նախագիծը ենթադրում է «քաղաքացիների գույքային դրությամբ պայմանավորված» խտրականություն։ Իրավաբանի խոսքով՝ ստացվում է, որ սոցիալական ոչ բարվոք պայմաններում գտնվողները, որոնք չեն կարող վճարել 60 հազար դոլարին համարժեք գումար, պարտավոր են երկու տարի ծառայել, իսկ ապահովված քաղաքացիները կարող են խուսափել դրանից։
«Ի՞նչ են փորձում անել։ Փորձում են օրենքի շրջանակներում այնպես անել, որ կանոնավոր բանակը, որը մինչև 2018 թվականը համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակը, այլևս գոյություն չունենա։ Եվ նման հակասահմանադրական ճանապարհով մտադիր են ուղղակի լցնել պետական բյուջեն»,- ասում է Ռոբերտ Հայրապետյանը։
Նա կարծում է, որ նախագիծը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կընդունվի՝ դատելով նրանից, թե ինչպիսի շահագրգռվածություն են ցուցաբերում իշխանությունները։ Սակայն, ենթադրում է նաև, որ ընդդիմությունը՝ որպես հակակշիռ կարող է այս հարցով դիմել Սահմանադրական դատարան։
«Ազգային բանակը վերածել վարձկան զորախմբերի»
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ով այժմ հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ և Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ևս քննադատել է ՊՆ օրենքի նախագիծը.
«Եթե Իսրայելում որևէ մեկի մտքով անցներ սոցիալապես բևեռացված հասարակությանը՝ խոշոր չափի փողի հափշտակության դիմաց, օրենքով ազատել ծառայությունից, այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա: Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար մտածել է, որ արդյունքում նման հիմարությո՞ւն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն [ծառայությունից], իսկ ՀՀ Զինված Ուժերը ազգային բանակից վերածվեն վարձկան զորախմբերի: […]
Իսկ ո՞ւր մնացին քաղաքացիների հավասարությունն ու սոցիալական արդարությունը: Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ և չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի»։
Զաքարյանը հիշատակում է նաև 2017-ի դեպքերը, երբ իր կուսակցությունը առաջարկություն ներկայացրեց խորհրդարան՝ ծառայությունից խուսափածներին ազատել քրեական հետապնդումից։ Այն ժամանակ առաջարկվում էր հետևյալ պայմանը․ յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար բյուջե վճարել 200 հազար դրամ՝ և վերադառնալ հայրենիք։ Նրա խոսքով, այն ժամանակ ընդդիմադիր, իսկ այժմ իշխանությունը ներկայացնող քաղաքական գործիչները «պոպուլիստական վայնասուն էին կապել» այդ նախագծի դեմ։
«Այսպես թե այնպես՝ հարուստները չեն ծառայում, թող բյուջեն համալրեն»
Մինչդեռ հանրության կարծիքը միանշանակ չէ։ Ոմանք կիսում են ընդդիմության մոտեցումը, ոմանք՝ հակառակ կարծիքի են։
Մասնավորապես, սոցցանցերում գրում են՝ այսպես թե այնպես, մեծահարուստների երեխաները չեն ծառայում.
«Դրա համար միշտ պատճառներ կգտնվեն՝ «առողջական խնդիրներ» մինչև հոգեկան առողջություն։ Ուրեմն թող գոնե պետական բյուջեն համալրեն»։
«Եթե անգամ հարուստ և շատ հարուստ մարդկանց որդիներից մեկը ծառայում է բանակում, ապա սա VIP ծառայության պես մի բան է դառնում։ Կարելի է ասել՝ նրանք բեռ են դառնում բանակի համար»։
«Ավելի լավ է օրինական ճանապարհով բյուջե գումար մուծեն։ Եվ այս գումարով պայմանագրային ծառայողներ կներգրավվեն ու նորմալ վարձատրություն կստանան։ Երկիրն էլ աստիճանաբար կանցնի պրոֆեսիոնալ բանակի»։
Վճար կարճաժամկետ զինվորական ծառայության համար