«Հարավային Օսիան ուզում է ՌԴ կազմ մտնել»․ կարծիքներ
Հարավային Օսիայի միացում Ռուսաստանին
Հարավային Օսիայի իշխանությունները պաշտպանել են ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, ով օրեր առաջ հայտարարեց Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հնարավորության մասին։
1990-ականների սկզբին վրաց-օսական զինված հակամարտությունից հետո հակամարտության գոտում տեղակայվեցին «Միացյալ խաղաղապահ ուժեր»՝ վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներ՝ ռուս զինվորականների հրամանատարությամբ։ 2008 թվականի օգոստոսին վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց Աբխազիան և Հարավային Օսիան անկախ երկրներ ճանաչելու մասին։
Վրաստանն այդ տարածքները համարում է իր շրջանները, որոնք օկուպացվել են Ռուսաստանի կողմից։ Նույն մոտեցումն ունեն ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը։ Ռուսաստանից հետո Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության կարգավիճակը ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։
Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման 15-ամյակի նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի միացումը Ռուսաստանին հնարավոր է, եթե Վրաստանը շարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր ջանքերը։
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հնարավոր միացման մասին հայտարարությունից երկու օր անց՝ օգոստոսի 25-ին Մոսկվայում հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հանդիպմանը Գագլոևն ասել է, որ «Հարավային Օսիան պատրաստ է զարգացնել ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելը»։
Տեղացի փորձագետների կարծիքով՝ Հարավային Օսիան այս պահին գտնվում է խաչմերուկում և պատրաստ է իր ապագայի միանգամից մի քանի սցենարների։ Դրանցից ոչ մեկի իրագործումը դեռ չի մեկնարկել։
- Մեդվեդևը խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ կազմում ներառելու հնարավորության մասին
- 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
- «Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
Սցենար 1. «Օսերի վերամիավորում Ռուսաստանի կազմում»
Ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայում իսկապես տարածված է Ռուսաստանին միանալու գաղափարը։
Պատգամավոր, «Միացյալ Օսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալան Թադտաևն ասում է, որ «Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը ոգևորությամբ ընդունեց [Մեդվեդևի] հայտարարությունը։ Հարավային Օսիայի մուտքը Ռուսաստան և օս ժողովրդի միավորումն այլընտրանք չունի [Թադտաևը նկատի ունի միավորումը Հյուսիսային Օսիայի-Ալանիայի հետ, որը հանրապետություն է ՌԴ կազմում — JAMnews]։
Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են՝ սա ինչ-որ տեղ 98-99 տոկոսի սահմաններում է։ Եվ նա իր ապագան տեսնում է որպես Ռուսաստանի մաս և Ռուսաստանի հետ միասնական տարածքում»:
Միևնույն ժամանակ, Թադտաևը դժգոհ է այն փաստից, որ Հարավային Օսիայի ներկայիս ղեկավարությունը իրական քայլեր չի ձեռնարկում նման վերամիավորման ուղղությամբ։ Նա հիշեցնում է, որ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Գագլոևը խափանեց Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեի անցկացումը, որը Բիբիլովը նշանակել էր 2022 թվականի հուլիսի 17-ին.
«Վերամիավորման երազանքը կարող է իրականանալ: Հարավային Օսիայի ժողովուրդը իր կարծիքն արտահայտել է երկու հանրաքվեներով։ Բայց ընտրություններն անցել են բնակչության կատարյալ խաբեությամբ»։
Սցենար 2. «Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ մտնել»
Վերջին տարիներին Հարավային Օսիայի պետական ծառայողների մի մասը առաջ է քաշում ինտեգրման մեկ այլ տարբերակ՝ միանալ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը: Սակայն այս տարբերակը դեռ իրատեսական չէ, քանի որ Բելառուսը չի ճանաչում Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։
Նախագահի խորհրդական Վյաչեսլավ Գոբոզովը վստահ է՝ դա վաղ, թե ուշ տեղի կունենա։ Նա Ռուսաստանի կազմում օս ժողովրդի վերամիավորման հակառակորդներից է։ Սա առաջին անգամը չէ, որ նա հանդես է գալիս միութենական պետությանն անդամակցելու պլանների մասին թեզերով։
JAMnews-ի հետ զրույցում պետական ծառայողներից մեկն անանունության պայմանով խոստովանել է, որ պաշտպանում է Գոբոզովի միութենական պետության գաղափարը, «քանի որ դա թույլ կտա Հարավային Օսիային պահպանել իր պետական ապարատը»։
Սա Ռուսաստանի հետ ինտեգրման հակառակորդների ամենատարածված փաստարկն է։ Հարավային Օսիայի որոշ պաշտոնյաներ նորից ու նորից խաթարում են Ռուսաստանի Դաշնությանը միանալու գործընթացը՝ վախենալով կորցնել իրենց պաշտոններն ու բարձր աշխատավարձերը։
Նրանք իրենց դիրքորոշումը ամրապնդում են միասնական մաքսային տարածքի, Բելառուսի հետ առևտրատնտեսական շփումների մասին փաստարկներով։
Բայց, ըստ Թադտաևի, շատ ավելի հեշտ է միանալ Ռուսաստանին, քան սպասել Մինսկի կողմից հիպոթետիկ ճանաչմանը, այնուհետև անդամակցել Միութենական պետությանը։
Ասում է՝ ամեն դեպքում, «եթե գործող իշխանությունները միութենական պետությանն անդամակցելու ծրագրեր են մշակում, ապա պետք է բնակիչների կարծիքը հարցնել։ Այսինքն՝ առանց հանրաքվեի հնարավոր չէ առաջ շարժվել»։
Սցենար 3. «Ռուսաստանը Հարավային Օսիան կվերադարձնի Վրաստանին»
Նախկին արտգործնախարար Դմիտրի Մեդոևը վրդովված ասում է, որ Ռուսաստանին միանալու ժողովրդականության ֆոնին կարծիքներ են տարածվել, որ թուլացած Ռուսաստանը, իբր, Հարավային Օսիան կվերադարձնի Վրաստանին, «այն կօգտագործի որպես սակարկության առարկա «փոխադարձ հաշվարկներում»:
Ե՛վ Թադտաևը, և՛ Մեդոևը վստահ են, որ «Ռուսաստանն Ուկրաինայում պարտություն չի կրում»։
«Չնայած արևմտյան երկրների ճնշմանը և Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, Հարավային Օսիան մտադիր չէ վերանայել Մոսկվայի հետ իր դաշնակցային և ինտեգրացիոն հարաբերությունները»,— հայտարարել է Մեդոևն ու ընդգծել.
«Ոչ ոք չի հավատում «եղբայրներին՝ աբխազներին և օսերին» խաղաղ ճանապարհով վերադարձնելու Թբիլիսիի ցանկության մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հայտարարություններին»։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: