Կարծիք․ ցույցեր Հրավային Օսիայում․ մեղավորներին պատժելը բավական չէ, համակարգն է պետք փոխել
Հարավային Օսիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ Բանտում 28-ամյա երիտասարդի մահը, ենթադրաբար, կտտանքներից, բողոքի ցույցեր է առաջացրել։ Հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել, նախագահ Անատոլի Բիբիլովը ցրել է ողջ կառավարությունն ու խոստացել պատժել մեղավորներին։ Սակայն ցուցարարներն ու ընդդիմությունը պահանջում են գլխավոր դատախազի և նախագահի հրաժարականը։ Բիբիլովին հրաժարականի կոչ է արել նաև նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին։
Հարավային Օսիայի լրագրող Զարինա Սանակոևան կարծում է, որ Հարավային Օսիայում ճգնաժամը վաղուց էր հասունանում, և պաշտոնանկություններով այն չի լուծվի։
Հարավային Օսիայում ցույցերի պատճառը ոչ Ինալ Ջաբիևի մահն է, ոչ մաքսային խնդիրները, որոնց հետևանքով Հարավային Օսիայում կրկին ապրանքի՝ հատկապես դեղորայքի մատակարարման խաթարումներ են սկսվել։
Պատճառը նաև սահմանների 5–ամսյա փակումն ու բնակչության այն հատվածի եկամուտների նվազումը չէ, որոնք բյուջետային հաստատություններում չեն աշխատում։
• Ստալինը կրկին կենդանի է Հարավային Օսիայում և Արևելյան Ուկրաինայում
Հարավային Օսիայում մարդիկ իրոք համբերատար են։ Եվ, որ ամենագլխավորն է, չեն սիրում ցույցեր անել։ Եթե մարդիկ ցույցի են դուրս եկել, ուրեմն էլ հետդարձի ճանապարհ չկա։
Հարցն աննախադեպ պատասխանատվությունն է, որն իր վրա է վերցրել նախագահ Անատոլի Բիբիլովը։ Նա նախագահի աթոռն է զբաղեցրել խորհրդարանի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնելիս ղեկավարում էր մանդատների բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցություն։ Իսկ նրա կուսակցությունն ընդդիմադիրների հետ իրեն պահում էր որպես տարիքանց աշակերտը նախադպրոցական տարիքի աշակերտների հետ մանկական խաղահրապարակում։
2017 թ–ի նախագահական ընտրություններում Բիբիլովի հաղթանակից հետո փորձագետներից շատերը նրա համար բարդ պաշտոնավարում էին կանխատեսում՝ հաշվի առնելով այն, որ նա անձամբ է վերահսկում իշխանության բոլոր ճյուղերը։ Այդ դեպքում պատասխանատվությունը բաշխելու տեղ չկա։ Բիբիլովն այդ նախազգուշացումները կամ չլսեց, կամ անտեսեց։
Հենց այդ պահվածքն է հանգեցրել այսօրվա բողոքի ցույցերին։ Անցյալ տարի, երբ տարածվեցին բանտում բանտարկյալների ծեծի կադրերը, պատգամավորները պահանջեցին արդարադատության և ներքին գործերի նախարարների հրաժարականը։ Բիբիլովն ու նրա կուսակցությունն ամեն ինչ արեցին՝ դա թույլ չտալու համար։
Արյունքում՝ Բիբիլովն իրենց պաշտոններում պահպանեց իր դրածոներին, սակայն իր հեղինակությանը հասցրած զգալի վնասով։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, գինը շատ ավելի բարձր էր՝ մարդկային կյանք։ Դա էլ հենց հիշեցնում են այսօր Բիբիլովին, և կառավարության հրաժարականը բացարձակ ոչինչ չի լուծում և չի փոխում։
Ճակատագրի բերումով հենց Բիբիլովի նախագահության տարիներին [որի գլխավոր խոստումը Ռուսաստանի հետ միավորվելն էր — JAMnews] սրվեցին Հարավային Օսիայի և Ռուսաստանի խնդիրները մաքսատանը, երբ գործարարներից պահանջեցին օրենքների պահպանում, որոնք նրանք ֆիզիկապես չեն կարող կատարել։
Հարավային Օսիայի քաղաքական գործիչներն, ինչպես բոլոր երկրներում, նույնպես դեմ չեն ձայներ հավաքել արտաքին թշնամու կերպարի օգտագործման և ընդհանրապես արտաքին քաղաքական հարցերի հաշվին։ Սակայն, եթե մինչև 2008 թ–ը դա իրոք արդիական էր, ապա Ռուսաստանի կողմի Հարավային Օսիայի անկախության ճանաչումից և անվտանգության հարցի լուծումից հետո արտաքին քաղաքականության հարցերը գլխավորների շարքում ներառելու փորձերը խոսում են միայն քաղաքական գործչի անհեռատեսության մասին։
Համավարակը զգալի վնաս է հասցրել այն կարգախոսին, որով Բիբիլովն իշխանության էր եկել՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելուն։ Մինչև օգոստոսի սկիզբը մարդկանց մեծ մասն իրոք կողմ էր, որ սահմանները փակ մնան, հատկապես, որ դա արդյունք էր տվել։ Կորոնավիրուսը Հարավային Օսիայում այդպես էլ դուրս չեկավ կարանտինային գոտուց։
Տրամադրությունները սկսեցին արմատական դառնալ Հարավային Օսիային մթերքի մատակարարման խաթարումներին զուգահեռ։ Նման խնդիրներ պարբերաբար լինում էին նաև նախկինում, սակայն եթե այն ժամանակ ցանկացած մարդ կարող էր Հյուսիսային Օսիա մեկնել և անհրաժեշտ ամեն ինչ գնել այնտեղ, ապա այժմ այդ հնարավորությունը չկա։
Իհարկե, Ինալ Ջաբիևի մահը նույնիսկ վերջին կաթիլը չէ, վերջին դույլն է։
Բիբիլովը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է առնում Ջաբիևի մահվան հետաքննության ընթացքը։ Սակայն ան բանին, որ համակարգը կարող է ինքն իրեն պատժել, ոչ ոք չի հավատում։ Այնպես որ, ժողովուրդը ոչ միայն պատժի է սպասում, այլև ողջ համակարգի փոփոխության։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: