Հայաստանի հանքարդյունաբերությունը. ինչո՞վ են պայմանավորված ոլորտի վայրիվերումները
Հանքարդյունաբերությունը ՀՀ-ում
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատողների թիվը շարունակում է աճել: Սրան զուգահեռ, սակայն, էականորեն նվազել են ոլորտից ստացվող հարկերի ծավալն ու պետբյուջեի եկամուտները:
JAMnews-ի թղթակիցն ուսումնասիրել է հասանելի տվյալներն ու զրուցել փորձագետների հետ այն մասին, թե ինչով են պայմանավորված արձանագրված փոփոխությունները:
- Հայաստանի «սև ոսկին»։ Ինչպե՞ս կարող է պղինձն օգնել հայկական տնտեսությանը
- Հայաստանի հյուսիսում ջրհեղեղ է, հարավում՝ ջրի սակավություն։ Ինչպե՞ս խուսափել անապատացումից
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
Հանքարդյունաբերության վճարած հարկերը նվազել են
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի, վճարների ու տուրքերի ծավալը վերջին տարիներին կրճատվել է: 2023թ.-ին այն կազմել է 95,1 մլրդ դրամ, մինչդեռ 2022-ին այդ ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր էր՝ 202,5 մլրդ:
Սրան զուգահեռ կրճատվել է հանքարդյունաբերության ոլորտից ստացված հարկերի տոկոսային չափաբաժինը պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների բաղադրիչում։ 2023թ.-ին այն կազմել է ընդամենը 4%` 2022-ի 11%-ի դիմաց:
Օրենսդրական փոփոխությունները
2021 թ.-ի հուլիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծին։ Պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանվեց պետական տուրք՝ դեպի երրորդ երկիր արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար: Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ այս որոշումը ենթակա է վերանայման գների անկման պարագայում:
Մեկ տարի անց՝ 2022թ.-ի մայիսին կառավարությունը հավանություն տվեց արտահանման տուրքը հանելու մասին որոշմանը։ Փոխարենը որոշվեց կիրառել ռոյալթիների նոր՝ հավելյալ բաղադրիչ։ Եվ դա անել այն դեպքում, երբ կազմակերպությունների շահույթները կգերազանցեն որոշակի շեմը:
Ռոյալթին բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի վարձավճար է, որը ձեռնարկատերը վճարում է հողի կամ ընդերքի սեփականատիրոջը, այս դեպքում՝ պետությանը։
Ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը Հայաստանի տնտեսության վրա
Հանքարդյունաբերության ոլորտի տոկոսային բաղադրիչը կրճատվել է նաև երկրի ՀՆԱ-ում: Այն 2023 թվականին կազմել է 2,9 %՝ 2022-ի՝ 3,9%-ի դիմաց: Ընդ որում, վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021-ին՝ 5,5%:
Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի դիտարկմամբ՝ չնայած ՀՆԱ-ում հանքարդյունաբերության տոկոսային փոքր բաղադրիչին, ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը Հայաստանի տնտեսության վրա շատ ավելի մեծ է:
«Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ում ունի 2-5 % ներդրում։ Բայց սա միայն ոլորտի մասնաբաժինն է։ Իսկ մենք բոլորս գիտենք մեր ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին։ Եթե անուղղակի ազդեցությունն էլ ենք գումարում, ըստ տարբեր հետազոտությունների՝ Հայաստանի ՀՆԱ-ի մինչև 11-12 %-ը ստեղծվում է այս ոլորտում»,- նշել է նա 2024թ․-ի սեպտեմբերին անցկացված «Mining Armenia Forum»-ի ժամանակ:
Եկամուտ ստացողների թիվն ավելացել է
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ ոլորտից եկամուտ ստացող անձանց միջին ամսական թվաքանակը վերջին տարիներին ավելացել է։ Սա նշանակում է, որ ոլորտում ներգրավված ու աշխատավարձ ստացողների թիվն աճել է:
2024 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով այն հասել է 12․212-ի՝ 2023-ին գրանցված 12.171-ի փոխարեն: Իսկ 2019-ին այս ցուցանիշը կազմել է 10․358, 2020-ին՝ 11․106, 2021-ին՝ 11․371, 2022-ին՝ 11․855 մարդ:
Կրճատվել է արտահանվող հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը
Վիճակագրական կոմիտեից ստացված տվյալներով 2023թ.-ին Հայաստանից արտահանվել է 1.285.400.007 տոննա հանքարդյունաբերական արտադրանք։ Դա շուրջ 12.000 տոննայով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Արտահանման ցուցանիշում ամենամեծ բաղադիչը բաժին է ընկնում պղնձի հանքաքարին ու խտանյութին՝ տարբեր տարիներին կազմելով արտահանման ծավալի 25-42 տոկոսը:
Հետաքրքրական է, որ վերջին երկու տարիներին շեշտակիորեն աճել է թանկարժեք մետաղի հանքաքարի ու խտանյութի արտահանման ծավալը:
Արտահանման ծավալով երրորդ հորիզոնականում մոլիբդենի հանքաքարն ու խտանյութն է:
Ո՞ր երկրներ է արտահանվում հանքանյութը
Պղնձի հանքաքարի ու խտանյութի արտահանման ծավալով առաջին հորիզոնականները զբաղեցնում են Չինաստանը, Շվեյցարիան, Իրանը, ՌԴ-ն ու Բուլղարիան:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղի հանքաքարին, առաջին հորիզոնականում Շվեյցարիան է: Հաջորդող հորիզոնակաները առավել փոքր չափաբաժիններով զբաղեցնում եմ Մալայզիան ու Բուլղարիան:
Մոլիբդենի պարագայում առավել հետաքրքրված են Չինաստանը, Բելգիան, Կորեան և Ռուսաստանը:
Ոլորտի տատանումների պատճառները
2022թ.-ին գրանցված հարկային մուտքերի շեշտակի աճն ու 2023-ի կտրուկ կրճատումը տնտեսագետ Նարեկ Կարապետյանը կապում է ՀՀ կառավարության որոշմամբ 2021-2022 թվականներին հանքանյութի արտահանման տուրքի կիրառման հետ:
«2021թ.-ից և հատկապես 2022թ.-ից հետո Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների ֆոնին միջազգային ապրանքահումքային շուկաներում մետաղական հանքաքարի, մասնավորապես պղնձի գինը կտրուկ աճել է։ Եվ այն դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի հանքարդյուաբերության ոլորտի վրա: Բարձր գները լրացուցիչ մեծ եկամուտ են բերել մեր ընկերություններին: Այդ ժամանակաշրջանում կառավարությունը գտել էր, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե այդ հավելյալ եկամուտները ավելի մեծ չափով վերաբաշխվեն դեպի պետական բյուջե և ներդրել էր արտահանման տուրքի հարկատեսակը»,— պարզաբանում է տնտեսագետը:
2023-ից գրանցված հարկային մուտքերի նվազման պատճառների թվում Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ banks.am-ին տված հարցազրույցում մատնանշել է նաև մետաղի գնի նվազման տենդենցը, ինչպես նաև ոլորտի երկու խոշոր՝ Սոթքի ու Թեղուտի հանքավայրերի գործունեության մասամբ կամ լիովին դադարեցման գործոնը:
Երկու հանքերի գործունեության դադարեցման գործոնը ոլորտային ցուցանիշի վերջնարդյունքի վրա նշանակալի է համարում նաև Նարեկ Կարապետյանը։ Նկատում է՝ առաջինի դեպքում գործունեության դադարեցումը պայմանավորված էր սահմանային խնդիրներով, Ադրբեջանը հրետակոծում էր հանքավայրի տարածքը։ Իսկ Թեղուտի դեպքում էական դերակատարում է ունեցել ռուսական սեփականատիրոջ առկայության գործոնը․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեղուտը ռուսական սեփականատիրությամբ գործող կազմակերպություն է, Ռուսաստանի Դաշնության ու ռուսական կազմակերպությունների նկատմամբ կիրառված սանկցիաները որոշակի խնդիրներ են առաջացրել նաև Թեղուտի համար»:
Հարկային մուտքերի կրճատմանը զուգահեռ ոլորտում ներգրավված աշխատողների թվի շարունակական աճը, Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ կարող է պայմանավորված լինել
- ոլորտում ստվերային գործունեության կրճատմամբ,
- հանքարդյունահանման այդ փուլին բնորոշ աշխատուժի կարիքների փոփոխմամբ,
- ոլորտային կազմակերպությունների կառուցվածքային փոփոխություններով ու այլ հանգամանքներով։
Վերլուծելով ոլորտի վերջին տարիների վայրիվերումները, փորձագետը նկատում է՝ հանքարդյունաբերության դրական արդյունքների ու բացասական հետևանքների բալանսավորումն այսօր գերակա խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր երկրների համար:
«Հանքարդյունաբերությունից որևէ երկիր չի հրաժարվում: Փոխարենը փորձում են սահմանել ու կիրառել հանքերի շահագործման և բնապահպանական այնպիսի ստանդարտներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել ռիսկերն ու բացասական հետևանքները: Հայաստանը ևս պետք է գնա այդ ճանապարհով»,— ասում է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հանքարդյունաբերությունը ՀՀ-ում