Հանրապետականների գամբիտը
Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: «Վրացական երազանքի» հնարավոր մասնատման մասին շատ էր խոսվում, սակայն ոչ ոք դրան չէր սպասում: Մասնատում ասելով՝ բոլորը նկատի ունեին հանրապետականների հեռանալը կոալիցիայից. մնացած կուսակցությունների կարգավիճակը երկրորդական նշանակություն ունի: Վերջակետը դրեցին հենց հանրապետականները. նրանք հայտարարեցին, որ ինքնուրույն են հանդես գալու հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին, չնայած որ չեն լքում կոալիցիան և պահպանում են կառավարությունում իրենց պաշտոնները:
Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և «Վրացական երազանքի» այլ առաջնորդներ ի պատասխան հաստատեցին, որ իրերի նման դասավորությունն ընդունելի է իրենց համար: Դեռևս:
Եթե «Վրացական երազանքն» իրենից ներկայացներ, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, «եվրոպական տեսակի» կոալիցիա, դեպքերի նման զարգացումը ամբողջապես բնական կլիներ. քաղաքական կուսակցությունը սկզբում պետք է ընտրություններին ցուցադրի իր իրական քաղաքական կշիռը, հետո արդեն որևէ կոալիցիայի անդամակցի կամ՝ ոչ: Սակայն «Վրացական երազանքն» իրենից բոլորովին այլ կառույց է ներկայացնում, դրա էությունը Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի վերահսկողության տակ լինելն է:
Հանրապետականները չեն թաքցնում, որ խորհրդարանում են հայտնվել և նախարարական պորտֆելներ ստացել միայն Իվանիշվիլիի բարի կամքի շնորհիվ և չեն զլանում շնորհակալության խոսքեր հնչեցնել նրա հասցեին: Ընտրություններին ինքնուրույն մասնակցելով՝ նրանք հեռանում են Իվանիշվիլիից, բայց կապերը չեն խզում:
Նման որոշումն աչքի է ընկնում այդ կուսակցությանը բնորոշ խուսափողականությամբ ու երկակիությամբ: Որքան էլ հանրապետականները կրկնեն, որ նրանք մնում են կոալիցիայի կազմում, հասարակությունը դա ընկալում է որպես դրանից դուրս գալ կամ դրա նախանշան:
Ի՞նչ տեղի ունեցավ: Հանրապետականների նյարդերը տեղի տվեցին, թե՞ նրանց ինքնասիրությունն է արթնացել:
Մինչև վերջերս կուսակցության առաջնորդները հստակ ու հաճախ հայտարարում էին, որ մոտակա ընտրություններին մտադիր են մասնակցել կոալիցիայի կազմում: Հետևաբար, պարզ է, որ նրանք ստիպված են նման որոշում կայացրել:
Վերջերս կոալիցիոն գործընկերների կողմից հաճախ էր ուղիղ և քողարկված քննադատություն հնչում իրենց հասցեին. նրանց կարծես ստպիում էին դուրս գալ կոալիցիայից: Չնայած ի պատասխան, հանրապետականների ամենավառ առաջնորդներից մեկը՝ Թինա Խիդաշելին հայտարարել է, որ հանրապետականներն, ի տարբերություն Իրակլի Ալասանիայի և «Ազատ դեմոկրատների» նրա կուսակիցների, դուրս չեն գա կոալիցիայից:
Ի՞նչն այս անգամ «վերջին կաթիլը դարձավ»: Ինչպես երևում է, այս որոշումը էմոցիոնալ է եղել: Հանրապետականներին առավել հաճախ էին մեղադրում, որ կառավարությունում նրանք ներկայացված են Իվանիշվիլիի շնորհիվ, որ նրանք ինքնուրույն ոչ մի կերպ չէին կարող խորհրդարանում հայտնվել:
«Վրացական երազանքի» գլխավոր դեմքերը մեկը մյուսի հետևից հայտարարեցին (ակնհայտ նկատի ունենալով հանրապետականներին), որ, հնարավոր է, ժամանակն է, որ գալիք ընտրություններին կոալիցիայի անդամներն առանձին-առանձին իրենց ուժերը փորձեն:
Եվ ամեն դեպքում հանրապետականները այդպես էլ չէին համարձակվում կտրել գորդյան հանգույցը:
Հանրապետական կուսակցության պաշտոնական հայտարարությունից երևում է, որ նրանք կոալիցիան կիսում են երկու մասի. գոյություն ունի լավ «Վրացական երազանք», որը ներկայացնում է վարչապետ Կվիրիկաշվիլին, և վատ, որը ներկայացված է «ստալինիստ», «Հյուսիսատլանտյան դաշինքին դեմ» և «տեսաշանտաժի հեղինակ» խորհրդարանականներով: Հանրապետականները պատրաստ են համագործակցել առաջինի հետ, բայց հեռու են մնում երկրորդից:
Ինչպե՞ս: Ինչպես միշտ, բոլոր դատողությունները բերում են դեպի գլխավոր խաղացող Բիձինա Իվանիշվի: Նա պաշտոնապես չարտահայտեց իր դիրքորքշումը, երբ կոալիցիան հանրապետականների դեմ ակնհայտ արշավ սկսեց: Ո՞րն է Իվանիշվիլիի իրական դեմքը՝ քաղաքակիրթ ու քաղաքականապես կոռեկտ Կվիրիկաշվիլին, թե՞ էկզոտիկ ու կտրուկ Թամազ Մեչիաուրին կամ Գոգի Թոփաձեն իր «ստալինյան» և «հակահյուսիսատլանտյան» հայացքներով: Հանրապետականները կամուրջները չեն այրում և շեշտը դնում են Կվիրիկաշվիլիի գծի հաղթանակի վրա: Բայց ի՞նչ անել, եթե Իվանիշվիլին հենց դա է ուզում՝ երկդիմի Յանուս լինել Կվիրիկաշվիլիի և Մեչիաուրիի դեմքերով:
Ինչի՞ վրա են հույսները դրել հանրապետականները
Հայտնի է, թե ինչու են հանրապետականները մինչ այժմ ձգձգել որոշում կայացնելը. ոչ ոք չգիտի, կարո՞ղ են արդյոք նրանք ընդհանրապես հայտնվել ապագա խորհրդարանում, կարո՞ղ են արդյոք հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Ինքնուրույն ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը մեզ հայտնի հասարակական կարծիքի հարցումների ընթացքում չի ուսումնասիրվել:
Իրենց երակարամյա գործունեության պատմության ընթացքում հանրապետականները միայն մեկ անգամ են ընտրություններին ինքնուրույն մասնակցել՝ 2008թ-ին, և չորս տոկոսից պակաս ձայն են հավաքել: Այսօր նրանք կազմակերպչական առումով ավելի ուժեղ են դարձել և կրկին «Վրացական երազանքի» շնորհիվ, սակայն արդյո՞ք դա բավարար պայման է հաջողության հասնելու համար:
Կոալիցիայից հանրապետականների դուրս գալու մասին լուրերից հետո սկսեցին խոսել «Ազատ դեմոկրատների» հետ հնարավոր նախընտրական դաշինք կազմելու մասին:
Դա կարծես բնական է: Այս երկու կուսակցությունները պետք է պայքարեն ընտրողների նույն տեսակի ձայների համար: Չնայած որ նախկինում հանրապետականների և դեմոկրատների դաշինքն արդեն երկու անգամ ստեղծվել և տրոհվել է: Երկու անգամ էլ՝ դեմոկրատների նախաձեռնությամբ: Նրանց ընկերությունն ակնհայտ չի ստացվում:
«Ազատ դեմոկրատներն» այսօր նույնպես բացառում են հանրապետականների հետ դաշինք կազմելու հնարավորությունը, ինչը նույնպես տրամաբանական է: Հետազոտությունների համաձայն, նրանք ինքնուրույն կարող են խորհրդարան մտնել: Բացի այդ, «Վրացական երազանքի» «լավ թևի» հետ ընկերությունն ու ընդդիմադիր «Ազատ դեմոկրատների» հետ կոալիցիայի մեջ լինելը չափից շատ կլիներ նույնիսկ վրացական քաղաքականության համար:
Հանրապետականները, փակելով աչքերը, ոտք են դրել անորոշ ապագա: Ի՞նչ է նրանց այնտեղ սպասվում, ոչ ոք չգիտի: Երկակի դիրքորոշում է. մի ոտքը «Վրացական երազանքում» է, մյուսը՝ դրանից դուրս, սա նրանց դժվարին իրավիճակի մեջ կգցի նախընտրական արշավի ժամանակ: Ինչպես նման իրավիճակում ասում են մուսուլմանները՝ «ինշալլահ»:
Ինչպիսի՞ն կլինի «Վրացական երազանքն» առանց հանրապետականների
Ինչպես արդեն հայտնի է, «Վրացական երազանք» նախընտրական կոալիցիան այլևս գոյություն չի ունենա. դրանում ներառված կուսակցություններն ընտրություններին ինքնուրույն կմասնակցեն: Դրա հետ կապված մի քանի հարց է առաջանում: Առաջինը. արդյո՞ք փոխվել են «Վրացական երազանքի» հնարավորությունները գործընկերների հեռանալուց հետո: Քանի որ այդ թեմայով հետազոտություն չկա, այդ մասին կարելի է խոսել միայն ենթադրությունների մակարդակի վրա: Ինչպես կոալիցիայի, այնպես էլ «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական գրավչությունը կախված է հիմնականում Բիձինա Իվանիշվիլիի կերպարից ու վարչական ռեսուրսից, այնպես որ կասկածելի է, որ կուսակցությունը լուրջ կորուստներ կկրի կոալիցիայի մասնատման արդյունքում: Ոմանք ասում են, որ հանրապետականների հեռանալուց հետո «Վրացական երազանքի» ընտրողների մի մասը կվերադառնա, քանի որ հենց այդ մասն ատում էր հանրապետականներին ոչ պակաս, քան «ազգայնականներին»:
Ավելի սկբունքային է այն հարցը, թե որքանով է «Վրացական երազանք» կուսակցությունն իր քաղաքական պրոֆիլով տարբերվելու «Վրացական երազանք» կոալիցիայից: Երբ երկու տարի առաջ Իրակլի Ալասանիայի արևմտամետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքեց կոալիցիան և անցավ ընդդիմության շարքերը, դիվանագիտական շրջանակներում սկսեցին անհանգստանալ. արդյո՞ք սա չի նշանակում, որ Վրաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը: Պարզվեց, որ դրանից հետո քիչ բան է փոխվել: Սակայն պետք է հաշվի առնել, որ Ալասանիայի թիմի հեռանալուց հետո դրա գործառույթները (պաշտպանության նախարարությունն ու խորհրդարանական որոշ կոմիտեներ) անցան հստակ արևմտամետ իմիջ ունեցող հանրապետականներին:
Պաշտոնապես եվրոպամետ ուղղությունը պահպանվելու է, սակայն այդ ուղղության ու խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացնող անձանց հակադրությունը չափազանց ակնհայտ է. «Վրացական երազանքի» ներկայացուցիչների մեծ մասի հայացքներն ավելի մոտ են Պուտինի հայացքներին, քան Եվրոպայի: Այդ պատճառով էլ կասկածները, թե որքան ամուր է «Վրացական երազանքի» եվրոպամետ դիրքորոշումը, կուժեղանան:
Ինչպես արդեն նշեցինք, Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական բնույթը երկդիմի Յանուս լինելն է, նա պետք է ունենա և՛ եվրոպական, և՛ պահպանողական դեմք, այնպես, որ դուր գա «Ասավալ-Դասավալի» թերթի ընթերցողին:
Մինչև վերջերս հանրապետականներն ապահովում էին հենց այդ «եվրոպական դեմքը»: Իսկ այսօր դրա համար պիտանի է միայն վարչապետ Կվիրիկաշվիլին, ինչը ակնհյատորեն բավական չէ: Ենթադրաբար, նա կձգտի հարստացնել «Վրացական երազանքի» ընտրացուցակը պատկառելի և հասարակությանը հայտնի դեմքերով: Բայց արդյո՞ք կստացվի: Այդ մարդիկ պետք է հետևեն եվրոպական արժեքներին՝ միաժամանակ հավատարիմ մնալով Բիձինա Իվանիշվիլիին: Այդ երկու կետերը համատեղելն այնքան էլ հեշտ չէ, չնայած ցանկացողներ, հավանաբար, կգտնվեն:
- 2012թ. Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կոալիցիան հաղթանակ տարավ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության նկատմամբ, որը իշխանության գլուխ էր անցել 2003թ.-ին:
- «Վրացական երազանքը» քաղաքական միավորում է Վրաստանում: 2012թ.-ից երկիրը ղեկավարող քաղաքական ուժն է: «Վրացական երազանք» կոալիցիայի կազմում 4 քաղաքական կուսակցություններ են՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան», որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է, Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Դավիթ Ուսուպաշվիլիի «Վրաստանի հանրապետական կուսակցությունը» և Կախա Շարթավայի «Ազգային ֆորումը»: Հետագայում կոալիցիային են միացել նաև «Վրաստանի պահպանողական կուսակցությունը» և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը: 2014թ. Նոյեմբերի 5-ին «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից:
- Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016թ. աշնանը:
Գիա Նոդիա
* Հոդվածում արտահայտված կարծիքները արտացոլում են հեղինակի հայացքները և պարտադիր չէ համընկնեն խմագրության դիրքորոշման հետ
Հրապարակվել է 21.03.2016