Հանգստացողի դիմանկարը
Ովքե՞ր են Աբխազիայում իրենց արձակուրդն անցկացնող մարդիկ: Որտե՞ղ են նրանք ապրում, ի՞նչն է այստեղ նրանց դուր գալիս: Այդ մասին կարելի է իմանալ Սուխումի կենսաբանական այգում զբոսաշրջիկների մեջ մի երեկո անցկացնելիս:
«Աբխազիայի և Ռուսաստանի միջև սահմանը տրամադրությունս գցեց»
Տնային տնտեսուհի Օքսանա Յարովայան Աբխազիայում է հանգստանում երեխաների հետ.
«Մենք Ազովից ենք եկել՝ Ռոստովի շրջանից: Մասնագիտությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եմ, սակայն այժմ ժամանակավորապես չեմ աշխատում, երեխաներով եմ զբաղվում: Ամուսինս անվտանգության մարմիններում է աշխատում, ինքներդ եք հասկանում, որ այդ մասին չեն խոսում:
Արդեն երրորդ անգամ եմ այստեղ գալիս: Երեխաների հետ հասցրել ենք շրջել ամբողջ Նոր Աֆոնը, այժմ էլ արդեն Սուխում ենք հասել: Գլխավոր մինուսը ավերածությունն է քաղաքում: Դե իհարկե, Ռուսաստանի և Աբխազիայի միջև սահմանը տրամադրությունս գցեց. երեխաների հետ հերթ կանգնելը շատ դժվար է: Ավելի լավ կլիներ, այն ընդհանրապես հանեին: Սակայն դրա համար պետք է միանալ Ռուսաստանին: Մենք միացնելու փորձ արդեն ունենք:
Ձեր երիիտասարդությունն է մի քիչ տարօրինակ. այս շոգին ջինսով ու փակ կոշիկով են շրջում: Նրանք իրենց մի փոքր տարօրինակ են պահում, «գողական» են, մեզ մոտ նույնպես այդպիսինները կան: Սակայն բոլորը շատ գեղեցիկ են լեզգինկա պարում:
Շատ եմ հավանում տեղի խոհանոցը: Շատ եմ սիրում խաչապուրի, բանջարեղենը՝ կավե ամանում, շատ համեղ է: Մամալիգա փորձեցինք տարբեր տեսակի, շատ համով էր: Գներն ընդհանուր առմամբ նորմալ են, հանգստի համար մեզ հետ վերցրել ենք 70 հազար ռուբլի (մոտ 1000 դոլար) և մեզ լրիվ հերիքում է:
Մարդիկ այստեղ բարի են, սակայն մի փոքր նաև՝ բռնկվող, սակայն սա Կովկասն է: Ընդհանրապես մեզ մոտ արդեն ընտանեկան ավանդույթ է ձևավորվել, որ հանգստանալու մենք մեկնում ենք միայն Ապսնի՝ հոգու երկիր: Իսկ Մալդիվներով մեզ չես զարմացնի»:
Շոկոլադ Զինա մորաքրոջ համար
Ուսուցչուհի Իրինա Բեբրիշն Աբխազիա է եկել իր աշակերտներ Իլյա և Ռոման Զիմչենկոների հետ.
“Մենք Սիբիրից ենք՝ Խակասիայի Հանրապետությունից, քաղաք Աբական: Մենք այստեղ ենք եկել ավելի շատ ինքնակրթության նպատակով: Երեխաները երկրորդ դասարանում են սովորում, իսկ ես նրանց ուսուցչուհին եմ: Եկել ենք Աբխազիայի բուսականությանը ծանոթանալու, հազվագյուտ բույսեր տեսնելու և կիվիի աճեցման վերաբերյալ գիտական աշխատանք գրելու:
Շատերն են զարմանում, երբ ասում եմ, որ աշակերտներիս հետ եմ եկել, սակայն միայն գործնական աշխատանքներն են երեխային ինչ-որ բան սովորեցնում: Այդ պատճառով էլ ես ինձ վրա այդպիսի պատասխանատվություն եմ վերցրել: Ուսուցիչները մեզ մոտ քիչ են վաստակում՝ 24 000 ռուբլի (մոտ 350 դոլար), փող եմ հավաքել և եկել երեխաների հետ: 10 օրով ենք եկել, շքեղ չենք անցկացնում արձակուրդը, բաց շատ բան ենք հասցրել տեսնել: Ավիատոմսերն էին շատ թանկ՝ մոտ 100 հազար ռուբլի (1500 դոլար), նույնքան գումար էլ հանգստանալու համար է անհրաժեշտ: Սենյակ ենք վարձակալում շուկայի մոտ՝ տիկին Զինայի տանը, 500 ռուբլիով: Շատ լավ կին է, ուզում ենք նրան շոկոլադ նվիրել:
Ամեն ինչ դուրս գալիս է: Էքսկուրսիաներն էժան են, դա էլ է ուրախացնում:
Աբխազիայից տպավորություններս ծայրահեղ դրական են, դուրս գալիս են նոր թանգարանները, ափին հետաքրքիր է անցնում, գեղեցիկ քանդակներ կան: Բացասական կողմերից կցանկանայի նշել հասարակական տրանսպորտը. ավտոբուսներ շատ քիչ կան և միշտ լիքն են, ստիպված ենք տաքսիով երթևեկել, սակայն դա մեզ համար թանկ է:
Մարդիկ այստեղ շատ բարի են, միշտ պատրաստ են օգնել: Ցանկացած երկիր, որ մեկնում եմ, անպայման երկու անգամ եմ այցելում, քանի որ առաջին անգամ տպավորություն ես ստանում, երկրորդ անգամ՝ արդեն կարծիք կազմում: Այդ պատճառով էլ հաջորդ տարի էլ կգանք այստեղ”:
“Ավերածությունը շատ է վշտացնում “
Թոշակառու Վասիլի Զյուգանովն Աբխազիա է եկել Մոսկվայից.
“Առաջին անգամ եմ Աբխազիայում: Քանի որ թոշակառու եմ, ինձ մնում է միայն ճամփորդել և ճանաչել աշխարհը: Երկար տարիներ դատախազությունում եմ աշխատել, դատախազ եմ եղել: Գներն այստեղ բավականին լավն են, նույիսկ կարելի է ասել՝ Մոսկվայի համեմատ էժան են: Դեռևս հասցրել եմ միայն քաղաքի կենտրոնում ու ծովափին լինել, բայց դեռ ամեն ինչ առջևում է: Շատ է վշտացնում ավերածությունը, և ես շատ լավ հասկանում եմ, որ դա պատերազմի հետքերն են:
Ընկերներս պատերազմից առաջ գալիս էին Աբխազիա և շատ էին պատմում այստեղի մասին, և ահա ես էլ որոշեցի գալ: Միանգամից դուրս եկավ աբխազական խոհանոցը, ուտել ընդհանրապես սիրում եմ, ինձնից երևում է դա: Սակայն մամալիգան դուրս չեկավ, ճաշակի հարց է:
Աբխազիայի վրա ընտրությունս կանգ առավ նաև որովհետև այստեղ հանգիստ է: Տեսեք, թե ինչ է աշխարհում տեղի ունենում. ամենուր ահաբեկչություն է, այստեղ մի քանի օր առաջ նույնպես հանրահավաքներ էին, սակայն կարծես ամեն ինչ նորմալ է:
Ապրում եմ “Ինտեր-Սուխում հյուրանոցում: Հանրահավաքներից հետո շատերը Սոչի մեկնեցին, սակայն ես այնուամենայնիվ որոշեցի մնալ: Աբխազիայի ժողովրդին կցանկանայի գնահատել այն, ինչ ունեն, և որ այստեղ շատ զբոսաշրջիկներ գան: Հաջորդ տարի պլանավորում եմ Ղրիմ մեկնել, հետաքրքիր կլինի Աբխազիայի հետ համեմատել:
“Դուք պետք է ունենայիք մեր նախագահի նման նախագահ
Օլգա և Սերգեյ Բորիսովները դստեր՝ Նաստյայի հետ Աբխազիա են եկել Սանկտ-Պետերբուրգից.
“Աբխազիան ընտրեցինք, որովհետև Պետերբուրգից մոտ է ինքնաթիռով: Բացի այդ, մենք բնավորություններով նման ենք. և մեզ մոտ, և ձեզ մոտ սիրում են արագ մեքենա վարել:
Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, կինս՝ տնային տնտեսուհի է: Մենք պատկանում ենք միջին եկամուտ ունեցող ընտանիքներին, որքան եմ ես վաստակում դժվար է ասել, մոտ 80 հազար ռուբլի (1200 դոլար), մեզ հերիքում է: Հանգստանալու համար էլ գումար ենք կուտակել:
Այստեղի բնությունը, ծովը հրաշք է, միայն թե տեղի բնակչության մտածելակերպն է մի փոքր նեղացնում: Ծովափով զբոսնում էինք, տեղացի տղաներն առաջարկեցին կնոջս մեքենայով տեղ հասցնել, դա իհարկե անսպասելի էր:
Նկատել ենք, որ մարդիկ այստեղ շատ ծույլ են, և իրենք էլ են դա խոստովանում:
Բացի այդ, նկատել ենք, որ ոչ մի տեղ գնապիտակներ չկան, այնպիսի տպավորություն է, որ մեզ ամենուր խաբում են: Հիմնականում դա երիտասարդությանն է վերաբերում: Օրինակ, Պետերբուրգում նման բան չկա. “Էյ, արի ասյտեղ, մենք քեզ 100 ռուբլով տեղ կհասցնենք: Սակայն տեղացիներին էլ է կարելի հասկանալ, էլ ինչպես գումար վաստակել, եթե ոչ զբոսաշրջիկների հաշվին: Ի դեպ, մարդիկ Ղրիմում ավելի բարի են: Իսկ ընդհանուր առմամբ, մեզ այստեղ դուր է գալիս և գներն են լավը: Մենք համար ենք վերցրել 1500 ռուբլով (մոտ 25 դոլար)՝ ծովի տեսարանով: Անպայման էլի կգանք:
Եվ ընդհանրապես, մենք հաճույքով ծովի մոտ տուն կգնեինք, սակայն, ցավոք, ռուսների անունով, ինչպես մեզ հայտնի է, անշարժ գույք չեն ձևակերպում: Թե չէ, մենք Պետերբուրգը միանշանակ կփոխեինք Աբխազիայի հետ: Մեզ մոտ ամեն ինչ գորշ է և տխուր, միայն աշխատել է հնարավոր: Այ որ ձեր նախագահը մերի պես լիներ, այստեղ ընդհանրապես ամեն ինչ հիանալի կլիներ: Հաճույքով էլի կգանք, սակայն հաջորդ տարի պլանավորում ենք Եվրոպա մեկնել:
“Ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում
Աննա, դիմածնոտային վիրաբույժ Սևաստոպոլից: Աբխազիայում առաջին անգամ է.
“Ընկերոջս հետ եմ եկել 6 օրով: Շքեղ բնություն ունեք, խոսքեր չունեմ: Հասցրել եմ տեսնել Նոր Աֆոնի քարանձավը, Մզի լիճը, Աածինի ջրվեժը:
Սակայն կցանկանայի նշել, որ ձեր պատերազմի հետքերն ահավոր են, քայլում եմ և լուսանկարում քանդված տներն ընկերներիս ու ծանոթներիս ցույց տալու համար:
Ցավոք, ձեր խոհանոցից միայն պանիրն եմ փորձել, իմ բոլոր բացասական կողմերի հետ մեկտեղ, ես նաև բուսակեր եմ և բուդդիստ:
Ի դեպ, երբ գնացքով Գագրա հասանք, միանգամից ասացի. “Օ, սա մեր Յալթան է: Մեզ մոտ Սևաստոպոլում նույնպես մերձարևադարձային գոտի է, արմավենիներ են աճում, սակայն ավելի քիչ, քան ձեզ մոտ:
Տեղացիները լավ հումոր ունեն, ես միշտ ժպտում եմ նրանց լսելիս, շատ եմ սիրում ուրախ մարդկանց:
Սակայն մեկ բացասական բան կա. դուք բոլորդ շատ դանդաղաշարժ եք, ոչ մի տեղ չեք շտապում, ոչ ոք ոչ մի տեղ չունի գնալու: Ձեր երիտասարդությունը շատ գեղեցիկ է, բոլորը սևահեր, սևաչյա, սևահոն, աղջիկները շատ գեղեցիկ են:
Աբխազիա էլի կգամ, վրանում կմնամ, անտառում ինչ-որ տեղ, ջրվեժի մոտ, որպեսզի որևէ տեղ դուրս չգամ, դա իմ երազանքն է “:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ