Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան
Պատժել հայերի դեմ ռասայական խտրականություն դրսևորած պետական պաշտոնյաներին, չփառաբանել հայերի նկատմամբ ռասիզմի ակտերն ու ձեռնպահ մնալ ազգամիջյան զտումների պրակտիկայից։Հայաստանը Հաագայի դատարանից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին, որպեսզի ձեռնարկի այս բոլոր գործողությունները։
Հայաստանն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնելու է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, իրավաբան Եղիշե Կիրակոսյանը։
Սեպտեմբերի 16-ին հայցը հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի կայքում։
Հայցում Հայաստանի Հանրապետությունը շեշտում է, որ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել տասնամյակներ շարունակ։
Այդ ընթացքում հայկական ազգություն կամ ծագում ունեցող անձինք ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների․
«Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թ․-ի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»։
Ըստ հայցվորի՝ Ադրբեջանը խախտել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 6 հոդված։ Եվ Հայաստանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին՝
պատժել հայերի դեմ ռասայական խտրականության բոլոր գործողությունները, մասնավորապես՝ պետական պաշտոնյաներինը,
ապահովել հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց իրավունքները,
ձեռնպահ մնալ ազգամիջյան զտումների պրակտիկայից,
ձեռնպահ մնալ հայերի նկատմամբ ռասիզմի ակտերի փառաբանումից,
զերծ մնալ հայերի դեմ ատելության խոսքից, այդ թվում կրթական նյութերում,
չոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը կամ այլ ձևերով չվերացնել հայերի պատմական գոյությունը տարածաշրջանում։
Հայցադիմումում ասվում է, որ այս խախտումներին վերջ դնելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել ինչպես նախկինում, այնպես էլ 44-օրյա պատերազմից հետո․
«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թ․-ի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է իր գործելաոճը հայ գերիներին, պատանդներին և ձերբակալված այլ անձանց սպանելու, խոշտանգումների ու բռնությունների ենթարկելու տեսքով»։
Հայցադիմումով Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների համար, ինչպես նաև կիրառել զսպող միջոցներ։
Հայաստանն ակնկալում է, որ Հաագայի դատարանը նախնական միջոցներ կիրառելու ցուցում կտա՝ «ելնելով ծայրաստիճան հրատապությունից»։
Դատարանի կանոնակարգի համաձայն՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ: