Հայ մարզիկների 2017-ի հաջողություններն ու ձախողումները
2017-ը հայ մարզիկների համար, կարելի է ասել, հաջողակ էր: Ի դեպ, հաջողություններ են գրանցվել ոչ միայն ավանդապես ուժեղ մարզաձևերում, այլև այնտեղ, որտեղ «հաջողությունն ու հայկականը» գտնվում են տարբեր բևեռներում: Օրինակ, հեծանվասպորտում ու բասկետբոլում:
Սակայն մինչև մասնավոր նվաճումներին անդրադարձը փաստենք. 2017-ին հայ աթլետները տարբեր մարզաձևերի աշխարհի ու եվրոպայի առաջնություններից վերադարձել են 201 մեդալով, որոնցից 61-ը ոսկե:
Տարվա գլխավոր ձեռքբերումների թվում պետք է նշել Հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճված աշխարհի երկու չեմպիոնի` Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի տիտղոսները, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի ոսկե հաջողությունը Եվրոպայի առաջնությունում, Հենրիխ Մխիթարյանի և նրա ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում, Լևոն Արոնյանի հաղթանակը Թբիլիսիում կայացած աշխարհի շախմատի գավաթի խաղարկությունում:
2017-ին հեծանվորդ Էդգար Ստեփանյանը աշխարհի գավաթի խաղարկության սկրեչ մրցաձևում նվաճեց արծաթե մեդալ: Հաղթանակից հետո նա սահմանեց սեփական հաջողության հաջորդ նշաձողը՝ գալիք տարիների ընթացքում նվաճել Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մեծ էր ոգևորությունը բասկետբոլի ազգային հավաքականի շուրջ, որը պատվով հանդես եկավ աշխարհի առաջնության նախնական որակավորման փուլում, և միայն մեկ հաղթանակ չբավարարեց նրան հիմնական թեկնածուների շարք դուրս գալու համար: Այդուհանդերձ, այս արդյունքն անհետևանք չմնաց, ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպեց ներքին առաջնություն, որը կոչվում է Ա լիգա և բաղկացած է 7 թիմից:
Ինչ խոսք, սպորտում նաև տեղ ունեն ձախողումներն ու անհաջողությունները: Ծանրամարտի հավաքականի մեկ տարով որակազրումը թերևս դրանցից ամենախոշորն էր: Դոպինգ սկանդալից անմասն չմնացին նաև որոշ հայ մարզիկներ, ինչի հետևանքով ողջ հավաքականը զրկվեց 2017 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:
Հայկական ֆուտբոլում շարունակվում է ճգնաժամը: Ներքին թույլ առաջնությունն ու ազգային հավաքականի անորոշ ապագան, պատճառ են դարձել լուրջ մտորումների, արդյո՞ք ճիշտ ճանապարհով է շարժվում հայկական ֆուտբոլի լոկոմոտիվը:
Նորաստեղծ մի քանի թիմ անկարող են թարմ շունչ բերել հայկական ակումբային ֆուտբոլին, արդյունքներն էլ էապես չեն տարբերվում նախորդ նման փորձերից: Միակ լուծումը մնում է մարզերում ֆուտբոլային կյանքի նկատմամբ ուշադրության մեծացումը: Եվ նման մի նախագիծ այժմ ընթացքի մեջ է: Վանաձոր քաղաքում հիմք դրվեց Լոռի ֆուտբոլային ակումբին, որը խաղում է Հայաստանի առաջին խմբում:
2017 թվականն ավարտվեց նոր ընթացակարգով կազմակերպված տարվա «Լավագույն տասը մարզիկ» մրցանակաբաշխությամբ: Այստեղ մարզական լրագրողների քվեարկության միավորներով Հենրիխ Մխիթարյանը միայն 3-րդ տեղում էր, իսկ մարզասերների sms քվերակության արդյունքում՝ գլխավորեց լավագույն տասնյակը:
Մարզական հանրության մի մասը ոչ միանշանակ ընդունեց այս որոշումը՝ պնդելով, որ հայկական ֆուտբոլի դեսպանն աշխարհում, այդուհանդերձ, արժանի չէ այդ կոչմանը՝ չէ որ Հայաստանի հավաքականի կազմում նա որևէ նշանակալից ձեռքբերում չի արձանագրել:
JAMnews-ն անդրադարձել էր այս թեմային տարեվերջին «Հայաստանի 2017թ.-ի լավագույն 10 մարզիկների անվանացանկը դժգոհություն է առաջացրել» հրապարակումով:
Նման դեպքերում պատկան մարմիններին մնում է մշակել նոր մոտեցում բոլոր կողմերին բավարարելու համար: Մի շարք երկրներում գործում է տարվա լավագույն մարզիկի լրացուցիչ անվանակարգ, որը տրվում է արտերկրում հանդես եկող և լուրջ նվաճումների հասած մարզիկին: