Հայաստան․ Covid-19՝ առողջապահական, թե՞ քաղաքական խնդիր
Փորձ՝ ուսումնասիրելու հակապատվաստումային շարժումը Հայաստանում․ ովքեր են այն իրականացնում, ովքեր են կանգնած դրա հետևում, ինչ դրդապատճառներից ելնելով։
- Ռուսաստանցին ներխուժել է կորոնավիրուսային հիվանդանոց՝ տատիկին փրկելու և փախել է Վրաստան
- Կանխելով «օմիկրոնի» մուտքը․ ՀՀ-ում նոր սահմանափակումներ կգործեն
- Վրաստանում դեկտեմբերի 1-ից գործում է «կովիդ անձնագիրը»։ Ինչպե՞ս է աշխատում «կանաչ կարգավիճակը»
Ներկայումս Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշով գտնվում է ամենաստորին հորիզոնականներում՝ աշխարհի երկրների ցանկում: Հայաստանում համավարակի հերթական բռնկումն ուղեկցվում է պատվաստումային ու հակապատվաստումային արշավների մրցակցությամբ: Այն շատ հաճախ առողջապահության ոլորտից սահուն անցնում է քաղաքական հարթակ՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա:
Համաճարակային իրավիճակը
Այս տարվա դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 350 դեպք, որոնցից 327 539-ը՝ առողջացած: Մահացածների թիվը կազմում է 7 885:
Reuters-ի հրապապարակած տվյալներով՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանը շարունակում է պատվաստման ցուցանիշով զբաղեցնել ամենացածր հորիզոնականը՝ հարևան երկրների թվում: Հայաստանում պատվաստման երկու դոզաչափը ստացել է չափահաս բնակչության 24.6, Վրաստանում՝ 31.2, Ադրբեջանում՝ 54.3, Թուրքիայում՝ 73, Ուկրաինայում՝ 30.1 տոկոս:
Առաջին անգամ համավարակի տարածման ցուցանիշի կտրուկ աճ Հայաստանում գրանցվել է 2020թ.-ի գարնանը: Շուրջ 1,5 տարի տևած համավարակային իրավիճակի ընթացքում պետությունը կիրառեց մի շարք սահմանափակումներ, որոնց արդյունքում ժամանակ առ ժամանակ գրանցվեցին համավարակի հիվանդացության ու մահացության դեպքերի ցուցանիշների նվազման միտումներ:
Հատկանշական է, որ 2020-2021 թվականներին ՀՀ պետական վիճակագրական կոմիտեի կորոնավիրուսից մահացության պաշտոնական տվյալները չեն համապատասխանում առողջապահության նախարարության հրապարակած թվերին։ Իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար 1027 դեպքի տարբերությունը էական ցուցանիշ է։
Պաշտոնական երկու կառույցների հրապարակած թվային տարբեր տվյալները բուռն քննակման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում: Տվյալների տարբերութունն, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, պայմանավորված է առողջապահության նախարարության կողմից գործարկված Արմեդ համակարգի «փուլ առ փուլ» ներդրմամբ.
«Այժմ ուսումնասիրվում է, թե այդ փուլերի որ էտապներում ինչպիսի վիճակագրական տվյալներ են դուրս մնացել մեր վիճակագրական էլեկտրոնային համակարգից», — ասել է նախարարը:
Թվերի տարբերության իրական պատճառները պարզելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ներկայումս ծառայողական քննություն է տարվում պարզելու համար՝ թվերի տարբերությունը դիտավորությա՞մբ, թե՞՝ տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:
Չնայած նրան, որ խնդիրն արձանագրվել են հոկտեմբերին, այսօր՝ շուրջ երկու ամիս անց, պատճառների մասին դեռևս պաշտոնական հստակ տեղեկատվություն չկա:
Սահմանափակումները բողոք առաջացրին, չնայած որոշակի արդյունավետությանը
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերջին երեք ամիսներին Հայաստանում կիրառվել են մի շարք սահմանափակումներ:
Սահմանափակում 1. Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշմամբ՝ այն աշխատակիցները, որոնք չեն պատվաստվել, 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեին կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հաստատելու մասին սերտիֆիկատ: Ընդ որում, ըստ գործող կարգի, ՊՇՌ թեստի համար վճարումն արվելու էր աշխատակցի կողմից:
Ըստ այս կարգի՝ առանց ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատի աշխատանքի կարող են ներկայանալ միայն ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները, նաև պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ու հղիները:
Նրանք, ովքեր ժամանակին չեն ներկայացնի համապատասխան փաստաթղթերը, ըստ կանոնակարգի, չեն կարող գնալ իրենց աշխատավայր։ Իսկ գործատուն իրավունք ունի նրանց աշխատանքից ազատել որոշակի քանակությամբ չաշխատած օրերի համար։
Սահմանափակում 2. Նոյեմբերի 1-ից դիմակի կրումը դարձավ պարտադիր նաև բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ հանրային բաց տարածքներում:
Սահմանափակում 3. Դեկտեմբերի 1-ից աշխատողներն արդեն յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Սահմանափակում 4. Հերթական խստացումը սպասվում է 2022թ.-ի սկզբից։
«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում», — նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարը:
Համապատասխան նախագիծն այժմ շրջանառության մեջ է:
Այս բոլոր խստացումները ստիպեցին բնակչության որոշ հատվածին պատվաստվել, ինչի արդյունքում սկսեց նվազել օրական նոր դեպքերի, ինչպես նաև մահվան դեպքերի թիվը։
Սակայն հետզհետե խստացվող սահմանափակումները բարձրաստիճան պաշտոնյաների համար կիրառվող բացառությունների ֆոնին նպաստում են հանրության շրջանում դժգոհության ալիքի շարունակական ակտիվացմանը, որը պարբերաբեր ուղեկցվում է քաղաքացիների կողմից բողոքի ակցիաների բռնկումներով:
Հակապատվաստումային արշավ. ովքե՞ր են նախաձեռնողները
Այս կարգավորումների հետ միաժամանակ երկրում քննարկվում էր «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացառությունների ցանկում էին և կարող էին իրենց ղեկավարներին չներկայացնել թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ։
Բացառությունների ցանկում ընդգրկված են, մասնավորապես, երկրի նախագահը, խորհրդարանի պատգամավորները, վարչապետը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորները։
Բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց տարբեր սահմանափակումներից ազատելն ու այդպիսով բնակչության ու պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների միջև տարբերակված մոտեցում դրսևորելու հանգամանքը շատերի մոտ վրդովմունք առաջացրեց:
Հանրային դժգոհություններին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե «ինչու որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը»։
«Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իրենց հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին, և այդպես շարունակ:
Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից», — ասված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
Այս մոտեցումը, սակայն, չեն կիսում ոչ միայն բազամաթիվ քաղաքացիներ, այլև բացառությունների ցանկում ընդգրկված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
«Այդ բացառությունները ես համարում եմ սխալ, կարծում եմ՝ դա խտրական մոտեցում է: Կարծում եմ, որ դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակից բխելը: Մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչու ենք որոշ պաշտոնյաների ազատել: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա ավագանին ավելի շատ է մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է», — հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Պետական մակարդակով հակասական, թերի, տարակարծությունների տեղիք տվող մոտեցումները երկրում խթանեցին հակապատվաստումային արշավը:
Հատկանշական է, որ հակապատվաստումային արշավն առաջնորդողների զգալի մասը զբաղեցնում է առաջատար դիրքեր խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմում: Ընդ որում, նրանցից շատերը հանդես են գալիս ոչ թե պատվաստման գործընթացի, այլ պատվաստման պարտադրանքի դեմ՝ փորձելով դիրքավորվել որպես մարդկանց ազատ կամքի դրսևորման պաշտպաններ, այդպիսով առողջապահական հարցը սահուն տեղափոխելով քաղաքական հարթակ:
Իրենց խոսքն առավել համոզիչ դարձնելու համար հակապատվաստումային արշավի կազմակերպիչներն այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավում են ընդդիմադիր քաղաքական թիմերի հետ տարաբնույթ փոխկապակցվածություններ ունեցող բժիշկների:
Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ պատվաստումային պարտադրանքի ու ըստ պաշտոնների տարբերակված մոտեցումն անընդունելի համարելու մասին հայտարարությամբ:
«Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Անընդունելի է նաև տարբերակված մոտեցման առաջարկը քաղաքական պաշտոններ զբաղեցնողների մասով»,- նշված է վերջինիս տարածած հայտարարության մեջ:
Ակտիվ հակապատվաստումային քարոզչություն իրականացնողների թվում շրջանառվում է նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանի անունը:
Վերջինս նաև երեք գործընկերների հետ 2020-ին հիմնել է «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ» նախաձեռնությունը, որի ֆեյսբուքյան էջը առավելապես օգտագործվել է իշխանությունների դեմ ուղղված և հաճախ չփաստարկված քննադատության հանրայնացման համար:
Հակապատվաստումային արշավի առաջատարներից մեկն էլ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանն է, որը հանդես է գալիս պատվաստման պարտադրանքի դեմ կոչերով: Նա «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակներում ամիսներ առաջ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առողջապահության նախարարի վերոնշյալ իրավական ակտերը կամ դրանց կոնկրետ դրույթներն անվավեր ճանաչելու պահանջով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան լրատվամիջոցների մի զգալի հատվածը կենտրոնացած է ընդդիմադիր դաշտի ձեռքում, հակապատվաստումային արշավի մասսայականացման հարցում իրենց կարևոր դերակատարումն են ունենում նաև լրատվամիջոցները:
Այս ամենի արդյունքում առողջապահական խնդիրը Հայաստանում սահուն փոխակերպվում է քաղաքական խնդրի, որտեղ հակապատվաստումային արշավի գլխավոր խաղացողների համար գերխնդիրը դառնում է համավարակի տեմպերի կանխարգելման ու արդյունավետ պատվաստումային գործընթացի իրականացման հարցում իշխանության ձախողումն ապացուցելը: