Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը դատարան է ուղարկվելու։ Թարմացում
2020 թ–ի հունվարի 10
Ավարտվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։
Հայաստանի երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «դիզելի» գործով։ Սարգսյանը մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն դոլարի բյուջետային միջոցների մսխման մեջ։
Քննչական մարմինը հավաքագրված ապացույցները բավական է համարել մեղադրանք առաջադրելու և գործը դատարան փոխանցելու համար։
Գործի նյութերն արդեն տրամադրվել են և մեղադրյալներին, և նրանց ներկայացուցիչներին։ Ընդհանուր առմամբ, այս քրեական գործով մեղադրյալները հինգն են։
Պետության նախկին ղեկավարն իր մեղքը չի ճանաչում և գործը քաղաքական հետապնդում է համարում։
2019 թ-ի դեկտեմբերի 20
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Թե ինչի հիման վրա է այդպիսի որոշում կայացվել, Քննչական ծառայությունը դեռ չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ կալանքը դրվել է վնասի հենց այն չափով, որը հասցվել է քննվող գործի շրջանակում։
Սարգսյանը 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո արդեն երկրորդ նախագահն է, որի դեմ քրեական գործ է հարուցվել։ Եվ եթե նա դեռ ազատության մեջ է, ապա նրա նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանն, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ բանտում է։
• Ի՞նչու են նստեցրել երկրորդ նախագահին։ Քոչարյանի գործի բոլոր մանրամասները
Հերթական նախագահական գործի մանրամասները
Դեկտեմբերի 4-ին Սարգսյանին պետական միջոցների հափշտակման և վատնման մեղադրանք է առաջադրվել։ Ավելի ճիշտ, քննչական ծառայությունը պնդում է, որ 2013 թ-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ը նախկին նախագահը կազմակերպել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 489 մլն դրամի յուրացում, վատնում ու հափշտակում։
Այս պատմությունը սկսվել է 2013 թ-ի հունվարի 24-ին։ Այն ժամանակ կառավարության որոշմամբ հաստատվել էր հասանելի գներով դիզելային վառելիք ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը։
Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում էր ֆերմերներին վաճառել 17 041 300 լիտր դիզելային վառելիք։
Որպես մատակարար մի քանի ընկերություն էր ներկայացել, այդ թվում՝ «Մաքսհուրն» ու «Ֆլեշը»։
«Մաքսհուր» ընկերությունն առաջարկել էր ամենացածր գինը։ Հետևաբար, գյուղատնտեսության նախարարությունը մտադիր էր կառավարության հաստատմանը ներկայացնել այս կազմակերպության տվյալները որպես նախագծի մատակարար։
Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում ասվում է, որ նախկին նախագահն, իմանալով «Մաքսհուրի» ավելի շահեկան առաջարկի մասին, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, հանձնարարել է ընտրել «Ֆլեշ» ընկերությանը, որն ավելի բարձր գին էր առաջարկել։
Այսպիսով, Սերժ Սարգսյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակում Պահուստային ֆոնդից, որը վստահված է կառավարությանը։
Այժմ, ի դեպ, կալանքի տակ է ոչ միայն նախկին նախագահ Սարգսյանի, այլև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գույքը, որը նույնպես անցնում է այս գործով։
Որպես խափանման միջոց երկուսի նկատմամբ էլ ընտրվել է երկիրը չլքելու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։
Նախկին նախագահի փաստաբանի մեկնաբանությունը
Սարգսյանի փաստաբանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը խոսում է Հայաստանի երրորդ նախագահի իրավունքների խախտման մասին։
«Մենք վճիռ չունենք, սակայն այդ վճիռն ինքնին ապօրինի է, քանի որ քննիչը կալանք դնելու համար հիմքեր չի կարող ունենալ, այսինքն՝ նա չէր կարող ունենալ ապացույցներ, որ անձը, ենթադրաբար, կարող է վնասել, փչացնել, սպառել ենթադրյալ գույքը։ Սա օրենքի պահանջն է, սա ես չեմ որոշում, ոչ էլ քննիչը, սա պարտականություն է, որը հստակ դրված է քննիչի վրա, որը հերթական անգամ չի կատարվում», — ասել է Ամրամ Մակինյանը։
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում
Վարչապետ ընտրվելուց շատ առաջ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարություններ էր արել կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից։ Նա Հայաստանի իշխանություններին բացահայտ անվանում էր ամենակոռումպացված։ Իսկ 2018 թ-ի հունիսի 7-ին արդեն վարչապետի պաշտոնը ստանձնած Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է․
«Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան և որոշումների կայացման կոռուպցիոն մեխանիզմները, և համոզված եմ, որ դա անելու ենք հեշտությամբ, որովհետև երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ և կաշկանդված չէ կոռուպցիոն որևէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարևորագույն նախապայման է»:
• Կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում։ Միֆ և իրականություն
Հակակոռուպցիոն պայքարը հասել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատներին։ Ապօրինի հարստացման համար մեղադրանք էր առաջադրվել նախագահի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ինչպես նաև նրա որդուն և դստերը։ Նրանց տանը հայտնաբերվել էր 6.6 մլն դոլարի ավանդների կտրոններ։ Նրանք կալանավորվել էին, այնուհետև՝ ազատ արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Այնուհետև ԱԱԾ-ն հատուկ գործողություն էր իրականացրել նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը և ձերբակալել նրան, ինչպես նաև նրա որդի Հայկ Սարգսյանին, որն ավելի ուշ կալանավորվել էր տասնամյա վաղեմության գործով։
Ապօրինի հարստացման համար մեղադրանք էր առաջադրվել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Նրա մոտ միլիոնավոր դոլարներ էին հայտնաբերվել, որոնց մասին, նա, իր իսկ խոսքերով, մոռացել էր հաղորդել էթիկայի հանձնաժողովին։
Իսկ բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 9-ին, ելույթ ունենալով կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված փորձագիտական համաժողովում, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի դեպքում չի կարելի ընկալել որպես պայքար բացառապես նախորդ «կոռումպացված իշխանությունների» դեմ։ Նա վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իր համար չկա «նախորդ» և «ներկայիս» իշխանություններ հասկացություն։
Եվրամիությունը պատրաստ է աջակցել նոր կառավարությանը
Հայաստանում հեղափոխական գործընթացների ավարտից անմիջապես հետո Եվրամիությունը հայտարարել էր կոռուպցիայի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարին աջակցելու մասին։
2018 թ-ի հուլիսի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ-ն, աջակցելով նախորդ կառավարությանն, այնուամենայնիվ, հրաժարվել էր մասնակցել նախկին վարչապետի օրոք գործող հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքին, քանի որ այն անկախ չէր համարում։
Սակայն Հայաստանը Եվրոպայից ավելին է սպասում։ Վարչապետը Բրյուսել կատարած իր վերջին այցից հետո հայտարարել էր․
«ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ–ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»։
Դեսպան Սվիտալսկին դրանից հետո ասել էր․
«Նոր կառավարությունը հայտարարել է, որ ԵՄ–ի նկատմամբ ՀՀ քաղաքականության փոփոխություն չի լինելու, ուստի պետք չէ նաև սպասել Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխության»։