Հայաստանում առաջին անգամ պաշտոնատար անձը զրկվել է մանդատից սոցցանցերում հալածանքի կոչի պատճառով
Երևանի Ավագանու քսանամյա անդամ Հենրիկ Հարթենյանը հունվարի 27–ին ստիպված է եղել մանդատը վայր դնել աղմկահարույց սկանդալից հետո։
Բանն այն է, որ նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ Սառա Թովմասյան անունով աղջկա էջի սքրինշոթն՝ ակնայտորեն կոչ անելով հալածել Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանի դստերը։ Ընդ որում, պարզվել է, որ լուսանկարում ուրիշ աղջիկ է, որը ոչ մի առնչություն չունի դատարանի նախագահի հետ։
Իրավիճակին սկզբից կտրուկ արձագանքել են սոցցանցի սովորական օգտատերերն, այնուհետև նաև Հարթենյանի խմբակցության անդամները։ Նա «Իմ քայլը» խմբակցության՝ Հայաստանի իշխող քաղաքական ուժի անդամ է։ Արդյունքում՝ կուսակիցները նրանից պահանջել են վայր դնել մանդատը։
Հարթենյանի արարքը դատապարտել է նաև Հայաստանի օմբուդսմենը։
Այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև սրված փոխհարաբերությունների ֆոնին։
• Հայաստանում շարունակվում է Սահմանադրական դատարանի ղեկավարի դեմ իշխող կուսակցության պայքարը
• Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ որպես քրեական գործով մեղադրյալ
Քաղաքական ուժը, որն իշխանության է եկել «թավշյա» հեղափոխությունից հետո, Հրայր Թովմասյանին ասոցացնում է «նախորդների» հետ, նրան անընդունակ համարում արդար և օրինական որոշումներ կայացնելու նոր, հետհեղափոխական իրականությունում։ Իսկ հունվարի 25-ից բաց առճակատում է գնում վարչապետի և ՍԴ նախագահի միջև։
Այն սկսվել է Թովմասյանի հասցեին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի կողմից ոչ պատվաբեր արտահատություններից հետո։ Ի պատասխան ՍԴ ղեկավարն ապացույցներ է պահանջել, այլապես՝ հայտնել է իր մտադրության մասին հայց ներկայացնել դատարան վարչապետի դեմ՝ զրպարտության համար։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկներն ու ապացույցները, ընդ որում, երկու անգամ սոցցանցում այդ առիթով հանդես գալով։ Սակայն Հրայր Թովմասյանն ապացույցները թույլ է համարել, նրա փաստաբանները վարչապետի դեմ հայց են նախապատրաստում։
Հենրիկ Հարթենյանի արարքը՝ սոցցանցերի հայկական տիրույթում հենց այս ակտիվությունով է պայմանավորված։
Այդ իրադարձությունների բոլոր մանրամասները՝ պարզաբանումներով։
Բռնության կոչ պարունակող գրառման մասին
Սոցցանցում իր գրառման մեջ Հարթենյանը նշել էր․
«Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»։
Այդ գրառումը սոցցանցերի օգտատերերն ընկալեցին որպես ՍԴ նախագահի դստերը հալածելու կոչ և պահանջեցին, որ Հարթենյանը ներողություն խնդրի։
Եվ երբ պարզվեց, որ այլ աղջկա լուսանկար է հրապարակվել, այսինքն՝ նա ՍԴ նախագահի դուստրը չէ, Ֆեյսբուքի հայ օգտատերերն էլ ավելի վրդովվեցին։
Նրանք իրենց ողջ ուշադրությունը սևեռեցին արդեն Հարթենյանի վրա, որն ընդամենը 20 տարեկան է, և իշխող քաղաքական ուժն է ներկայացնում Երևանի Ավագանիում։ Մարդիկ հարց քաշում, թե ինչու են նրան վստահել այդ աշխատանքն այն դեպքում, երբ նա չի ծառայել բանակում և բարձրագույն կրթություն չի ստացել։
Կուսակիցների արձագանքը
Երկրի իշխող «Իմ քայլը» դաշինքի առանցքն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, որոնց առաջնորդն է Հայաստանի «հեղափոխական» վարչապետը։ Եվ կուսակցությունն անհրաժեշտ է համարել իր վերաբերմունքն արտահայտել Հարթենյանի արարքի վերաբերյալ։ Այն «անընդունելի» է գնահատվել, հայտարարվել է նաև, որ ներքին հետաքննություն կանցկացվի։
««Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են», — ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունում։
Հունվարի 27–ին Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արտահերթ նիստ էր գումարել։ Դրա արդյունքում որոշվել էր, որ Հարթենյանը վայր է դնելու մանդատը։
Հայաստանի օմբուդսմենի հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես դատապարտել է Հարթենյանի արարքը․
«Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում․․․ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։ Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների»։
Ֆոնային իրադարձություններ
Այս ամենը տեղի էր ունենում Հայաստանի վարչապետի և ՍԴ ղեկավարի միջև կոնֆլիկտի սրացման փուլում։
Այդ դիմակայությունը վաղուց է սկսվել՝ «թավշյա հեղափոխությունից» և Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո։ Սակայն Փաշինյանի և Թովմասյանի հարաբերությունների սրացումը սկանդալի վերաճեց վարչապետի մամուլի ասուլիսից հետո։
Նիկոլ Փաշինյանը հանրային կերպով հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն քծնել է, նոր իշխանությանն առաջարկել իր պրոֆեսիոնալ «ծառայությունները»։ Այդ թվում, ըստ վարչապետի, Թովմասյանն առաջարկել է մատնանշել խուցերը՝ Սահմանադրությունում, որը հենց ինքն է գրել նախորդ իշխանությունների համար։
ՍԴ ղեկավարը կոշտ արձագանեց վարչապետի հայտարարություններին։ Նա սպառնաց Փաշինյանին դատի տալ զրպարտության համար, եթե վարչապետը 20 օրում իր խոսքերի ապացույցները չներկայացնի կամ հերքմամբ հանդես չգա։
Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացավ շատ արագ հրապարակել այդ ապացույցները՝ նախազգուշացնելով, որ «հարվածն» անհամաչափ ուժեղ է լինելու։ Եվ հաջորդ օրը վարչապետը հրապարակեց թանկարժեք գրչի լուսանկար, որը Հրայր Թովմասյանը նրան նվիրել է 2018 թ–ի մայիսին։ Ընդ որում, ինչպես պնդում է Փաշինյանը, իրենց հանդիպման ժամանակ Թովմասյանն իրեն է դիմել բացառապես քծնանքով՝ անընդհատ իրեն «ջան» ասելով։
Գրչի պատմությունը հասարակությունում ոչ միանշանակ ընդունվեց։ Փաշինյանի բերած փաստարկները շատերին թույլ թվացին և չընկալվեցին որպես ապացույց, թե Թովմասյանն իր ծառայութուններն է առաջարկել իշխանությանը։
Արդյունքում՝ վարչապետը ստիպված էր այդ պատմությանը ևս մեկ անգամ անդրադառնալ Ֆեյսբուքում։ Դրանում արդեն Փաշինյանը պարզաբանել էր, որ իրեն շոկի է ենթարկել գրչի թանկությունը՝ մի քանի հարյուր եվրո։
«Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով [Փաշինյանը ծնունդով Իջևանից է – JAMnews]։ Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»։
Վարչապետի նշած փաստարկները թույլ են թվացել նաև ՍԴ նախագահին։ Թովմասյանը որոշել է չսպասել քսանօրյա ժամկետի ավարտին և իր փաստաբաններին հանձնարարել է Հայաստանի վարչապետի դեմ հայց նախապատրաստել։