Հայաստանն ընտրեց 4-րդ նախագահին. միակ թեկնածուի ընտրությունն ընթացավ թեժ քննարկումներով
Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը: Վերջինս նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էր Հայաստանի իշխող կոալիցիան:
Արմեն Սարգսյանի թեկնածությունը հաստատեց Ազգային ժողովի ձայների մեծամասնությամբ. 101 պատգամավորներից 90-ը կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը, 10-ը՝ դեմ։
Բացի իշխանական կոալիցիայից Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նաև ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկի՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները:
«Ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է, նրա բարգավաճմանը և մեր ժողովրդի հաջողություններին»,- խոստացել էր Արմեն Սարգսյանը:
Մինչև նախագահի պաշտոնում առաջադրվելը Սարգսյանը զբաբեղցնում էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Խորհրդային Միության տարիներին (1984-1985 թթ. և1989-1991 թթ.) Արմեն Սարգսյանը եղել է օտարերկրյա հետազոտող և դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1996թ.-ին նա նշանակվել է Հայաստանի հինգերորդ վարչապետի պաշտոնում, բայց պաշտոնավարել ընդամենը չորս ամիս:
Ինչո՞ւ 4-րդ նախագահին ընտրեց խորհրդարանը
Դեռ մինչ նախագահի ընտրությունները փորձագիտական շրջանակներում վիճում էին, թե ով և ինչ կարգով պետք է ընտրի ՀՀ 4-րդ նախագահին:
Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությունը հակասում է գործող Սահմանադրությանը:
«Հայաստանում Սահմանադրություն է փոխվել: Նոր Սահմանադրությամբ նախագահն, այո, ընտրվում է Ազգային ժողովի կողմից, բայց այս դրույթը ուժի մեջ է մտնում միայն նոր նախագահի ընտրությունից հետո, իսկ մինչ այդ գործում է նախորդ Սահմանադրությունը, որով նախագահ է ընտրում ժողովուրդը»,- ասել է Վահե Գրիգորյանը:
Այնինչ, իշխանությունները պնդում էին հակառակը և ընտրություններն ամեն դեպքում կայացան խորհրդարանական քվեարկությամբ:
Որտե՞ղ է բնակվել Արմեն Սարգսյանը
Ավելի վաղ ներկայացվել էին չափանիշներ, որոնց հիման վրա իշխող կուսակցությունը ընտրել է հենց Արմեն Սարգսյանին։ Դրանք էին օտար լեզուների իմացությունը, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում լայն կապերի առկայությունը, անկողմնակալությունը, հեղինակությունը, անկուսակցականությունը և այլն։
Բացի այս չափանիշներից, սակայն, գոյություն ունեն Սահմանադրությամբ հաստատված չափանիշներ։ Օրինակ՝ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։
Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն, Արմեն Սարգսյանը ունեցել է երկքաղաքացիություն. նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Արմեն Սարգսյանի անունը առկա է Մեծ Բրիտանիայի սպիտակ էջերում, որի տեղեկությունները վերցված են ընտրողների պետական ռեգիստրի՝ 2003-2012 թվականների արձանագրություններից։
Որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենար ընտրվել ՀՀ նախագահ, նա պետք է առնվազն մինչ 2012 թ.-ի մարտի 2-ը հրաժարված լիներ բրիտանական անձնագրից։
Չբացառելով, որ Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն է ունեցել, իշխանությունները ամեն դեպքում պնդեցին, որ նա վերջին 6 տարում եղել է ՀՀ քաղաքացի և նրա բնակությունը չի խանգարում նախագահի թեկնածու առաջադրվելուն:
ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունները տարբերվել են նախորդ ընտրություններից մի քանի կարևոր կետերով.
- Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանը փոխեց կառավարման համակարգը՝ դառնալով խորհրդարանական երկիր: Սա նշանակում է, որ պետության ղեկավարը լինելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը,
- նախագահի պաշտոնն այսուհետ լինելու է խորհրդանշական, ներկայացուցչական,
- նախագահ են ընտրելու ոչ թե քաղաքացիներն, այլ Ազգային ժողովի պատգամավորները,
- նախագահն ընտրվում է 7 տարով և կարող է զբաղեցնել այդ պաշտոնը միայն մեկ անգամ,
- նախագահի ընտրությունները կարող են ընթանալ երկու փուլով,
- նախագահը պետք է լինի անկուսակցական: