Հայաստանում մեկուսացվել է մի ամբողջ գյուղ՝ Արարատի մարզում, և կարող է փակվել հիվանդանոց՝ Շիրակում
Հայաստանում կարանտինի պատճառով փակվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղը։ Պարետատունն այդպիսի որոշում է կայացրել ապրիլի 15–ի ուշ երեկոյան։
Նորաշենի մուտքի մոտ հսկիչ անցակետեր են տեղադրվել։ Մինչև ապրիլի 19–ը մուտքի և ելքի մուտքի սահմանափակումներ են գործելու քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ պարենային, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների բեռների։
Ըստ վարչապետի՝ այսպիսի որոշում է կայացվել այն պատճառով, որ գյուղի բնակիչներից մեկը, որը կարանտինի մեջ էր, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների է մասնակցել, որտեղ չի կարողացել զսպել էմոցիաները ու գրկախառնվել է համագյուղացիների հետ։ Երկու օրից նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Միաժամանակ, Հայաստանի մեկ այլ մարզում՝ Շիրակում, հիվանդանոցներից մեկում, միանգամից ինը բժիշկ է վարակվել։
Կորոնավիրուսը Կովկասում։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նորություններ և իրադարձություններ
Համաճարակ, արտակարգ դրություն Երևանում, ի՞նչ տեսք ունի այն։ Տեսանյութ
Ինչո՞ւ են փակել գյուղը
Նորաշենը փակելու մասին որոշման մասին հայտնի է դարձել ապրիլի 15–ի ուշ երեկոյան։ Հանկարծ հայտարարվեց, որ տեղի բնակիչները կարող են տուն վերադառնալ միայն մինչև կեսգիշեր։ Պատճառները չէին նշվում։
Եվ միայն հաջորդ օրը հայտնի դարձավ, թե ինչու է պարետատունը նման որոշում կայացրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 16–ին կառավարության նիստին պարզաբանել է․
«Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որը տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում: Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել: Իհարկե, ոստիկանի ու մասնագետի ուղեկցությամբ է նաև գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ շատ հուզիչ պահ է եղել, և նրանք, ի հեճուկս խնդրանքների ու հորդորներին, չեն պահել պայմանները»։
Ըստ վարչապետի՝ արարողության ժամանակ ոստիկանությունը չի կարողացել վերահսկել իրավիճակը․ մարդը չի կարողացել զսպել իրեն ու գրկախառնվել է ազգականների հետ։ Իսկ երկու օր անց նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Եվ սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել։ Անկասկած, թաղմանը մասնակցել թույլ տալու որոշումը ճիշտ է եղել, սակայն պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ վերաբերվի իր վարքին ու պահվածքին»։
Ըստ Փաշինյանի՝ այս պահին առողջապահության նախարարությունն ու պարետատունը վերահսկում են պանդեմիայի հետ կապված իրավիճակը։ Սակայն կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել մարդկանց հետևել անվտանգության կանոններին, որպեսզի իրավիճակը չվատթարանա։
Կորոնավիրուսը բժիշկների շրջանում
Մարալիկ քաղաքի բուժկենտրոնի ինը բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է գրանցվել, հաղորդել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Ընդ որում, նրանցից մեկը գլխավոր բժշկի պաշտոնակատարն է։
Բուժաշխատողներն որդեն տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, այժմ պարզվում է նրանց շփման շրջանակը, որպեսզի այդ մարդիկ նույնպես մեկուսացվեն։
Ըստ մարզպետի՝ վարակի սկզբնաղբյուրը դեռ հայտնի չէ, «քննարկվում են նաև բուժհաստատության հետագա գործունեության հետ կապված քայլերը»:
Ի՞նչ է ասում առողջապահության նախարարը
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի 16–ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 դեպք, ապաքինվել է 61 մարդ։
« Հետևաբար, կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել: Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159 է․․․ Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 մարդու մոտ հաստատվել է դրական արդյունք:
Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն, եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, ու հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք:
Մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող ենք հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,- իրավիճակը մեկնաբանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։