Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 16–ի արտահերթ նիստին։
Արտակարգ դրությունը կգործի 2020 թ–ի մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը։
Բոլոր մանրամասները՝ կառավարության նիստից, ինչի հարցի շուրջ են երկար վիճել կառավարության անդամներն ու ինչ սահմանափակումներ են այժմ գործելու։
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր՝ տարածաշրջանի վերաբերյալ
Կառավարությունում քննարկման մասին
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Որից հետո կառավարության անդամները երկար քննարկել են դրա մեջ ներառված որոշ դրույթներ։
Արտասահմանյան բոլոր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը քննարկման ամենասուր հարցն էր։
Վարակվածների մուտքը երկիր բացառելու նխատակով ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն առաջարկել է ամբողջությամբ արգելել երկրի քաղաքացի չհանդիսացող բոլոր անձանց մուտքը Հայաստան՝ անկախ նրանից, թե որտեղից են նրանք ժամանում։
Սակայն Մնացականյանի առաջարկին դեմ արտահայտվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ավիահաղորդակցության լիակատար արգելքը կպարալիզացնի բեռնափոխադրումներն, ինչը ծայրահեղ վտանգավոր է առողջապահության համար։
«Ո՞վ է Չինաստանից բերելու այդ նույն ռապիդ–թեստերը։ Ծովո՞վ, իսկ հետո մեքենայո՞վ։ Ես դեմ չեմ, որ մենք ամբողջությամբ փակվենք, սակայն մենք դրա համար ներուժ չունենք», — ասել է Թորոսյանը։
Երկար վեճերից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկեց ամբողջությամբ արգելել միգրացիոն հոսքերը, սակայն միաժամանակ պարետին, որը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, հնարավորություն տալ որոշելու անհրաժեշտ բացառությունները։
Արդյունքում՝ կառավարության անդամները միաձայն քվեարկեցին երկրում արտակարգ դրություն մտցնելու օգտին։
Ի՞նչ արգելքներ են գործելու
Ըստ ներկայացված նախագծի՝ պարետատուն կստեղծվի, որը կհետևի արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը։
Մեկ ամսվա ընթացքում գործելու են հետևյալ արգելքները․
— Դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ մարզական, երաժշտական դպրոցներում, նաև մանկապարտեզներում հետաձգվում են։
— Սրճարանների և ռեստորանների, ինչպես նաև առևտրի կենտրոնների աշխատանքն արգելքի տակ է։
— Արգելվում են նաև հանրահավաքները, զանգվածային հավաքներն ու գործադուլները։
— Արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումն, անցկացումն ու դրանց մասնակցելը։
— Արգելքի տակ կլինեն ավելի քան 20 հոգու մասնակցությամբ միջոցառումներն, այդ թվում՝ կրոնական ծեսերը, համերգները, ցուցահանդեսները, տոնական միջոցառումները։ Տարեդարձները, հարսանիքներն ու թաղումները, որոնց պետք է մասնակցի ավելի քան 20 մարդ, կարող են անցկացվել միայն պարետի թույլատրած վայրերում։
— Արգելվում է նաև ծանրոցների փոխանցումը զորամասեր և բանտեր։
— Առաջին անհրաժեշտության ապրանքի արտահանումն իրականացվելու է էկոնոմիկայի և առողջապահության նախարարների վերահսկողությամբ։ Ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման համար հարկ կլինի լրացուցիչ ստանալ առողջապահության և էկոնոմիկայի նախարարների համաձայնությունը։
— Արտասահմանցիները՝ այն երկրներից, որտեղ կորոնավիրուսը շատ է տարածված, Հայաստան այցելել չեն կարող։
— Հայաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը ցամաքային ճանապարհով։
Սակայն Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ։ Հայաստանի քաղաքացու ընտանիքի բոլոր անդամները կարող են Հայաստան վերադառնալ՝ անկախ նրանց քաղաքացիությունից։
Արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարող են հսկիչ անցակետեր սահմանվել, որտեղ բժիշկները կզննեն մարդկանց։
Արտակարգ դրության պայմաններում հայկական լրատվամիջոցներին թույլատրվում է տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, որը կտրամադրվի պարետատան կողմից։ Տեղական լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել լուրեր, որոնք կարող են խուճապ առաջացնել։
Եկեղեցական արարողություններն՝ առանց հավատացյալների
Մարտի 16–ին Հայ Առաքելական եկեղեցին նույնպես որոշում է կայացրել կորոնավիրուսի տարածման առնչությամբ։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել․եկեղեցական բոլոր արարողություններն իրականացվելու են առանց հավատացյալների ներկայության։ Այս մասին ասված է եկեղեցու հաղորդագրությունում։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կկասեցվի
Կորոնավիրուսով վարակման բազմաթիվ դեպքերն ազդել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վրա։ Դեռևս նախքան արտակարգ դրություն մտցնելը որոշում էր կայացվել երկու շաբաթով կասեցնել երկու երկրների միջև ուղևորափոխադրումները։ Այս մասին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը։
Միաժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներն ու Հայաստանի քաղաքացիները կարող են անարգել հայրենիք վերադառնալ։
Իրավիճակը բանակում
Կորոնավիրուսի ներթափանցումը բանակ կանխելու համար պաշտպանության նախարարությունը որոշել է արգելել զինծառայողների բոլոր արձակուրդները։
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զինվորների ծնողներին նրանց ծանրոցներ չուղարկել։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ զինվորներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով, պարենի պակաս չկա, անձնական հիգիենայի միջոցները ևս առկա են բավարար քանակով։
Հայաստանում տիրող իրավիճակի մասին
Այս պահին երկրում կորոնավիրուսով վարակման 52 հաստատված դեպք կա։ Հիվանդներից մեկն ապաքինվել է։ Նրանցից 19–ը կապված են այսպես կոչված «Էջմիածնի դեպքի» հետ, որի գլխավոր «հերոսուհին» վերջերս Իտալիայից վերադարձած վարակված կինն է։
Բանն այն է, որ, չնայած ջերմությանն ու հիվանդության մյուս ախտանիշներին, նա որոշել է չմեկուսանալ։ Տասն օրվա ընթացքում՝ մինչ նրա մոտ վարակի հայտնաբերումը, կինն այցելել է մի շարք մարդաշատ միջոցառումներ, այդ թվում՝ նշանադրության արարողություն։ Արդյունքում՝ մի քանի տասյակ մարդ, որոնք ներկա են եղել տոակատարությանը, կարանտինի մեջ են, նրանցից ոմանք վարակվել են։ Վարակվածների թվում մեկ դպրոցական կա։