Հայաստանում գործարկվում է Ադրբեջանին սահմանակից գյուղերում ծնելիության խթանման ծրագիր
Հայաստանի և սփյուռքի գործարարների հետ երկարատև բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիր սկսել, որը կխթանի ծնելիությունն Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանը։
2020 թ-ի գարնանից երկրի երեք մարզերի գյուղերի բնակիչները երեխայի ծննդից անմիջապես հետո 1000-ական դոլար կստանան։
Այսպիսով, Հայաստանում փորձում են դուրս գալ ժողովրագրական ճգնաժամից։ Բանն այն է, որ այս տարի երկրի մարզերից մեկում նույնիսկ դեպոպուլյացիա է նկատվել, այսինքն՝ մահացությունը գերազանցել է ծնելիությունը։
• Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներն ու հնարավոր ելքերը
• Միայնակ մայրերը Հայաստանում։ Կանանց պատմություններ, որոնք համարձակվել են անել դա
Ծրագրի մանրամասները
Ըստ նախարարի՝ վճարումների համար միակ պայմանը հետևյալն է․ երեխայի ծնողները պետք է բնակվեն և վերջին երեք տարում գրանցված լինեն Ադրբեջանի հետ սահմանակից հայկական գյուղում։
Բացի հայտարարված 1000 դոլարը՝ յուրաքանչյուր երեխայի համար մինչև երեք տարեկան դառնալն ամսական կվճարվի լրացուցիչ 100 000 դրամ։
Նախագիծը դեռևս հաշվարկված է Հայաստանի երեք մարզերի՝ Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի համար։ Սակայն պատգամավորը հույս ունի, որ ապագայում այն կարելի է գործարկել նաև Սյունիքի և Արարատի մարզերում։
«Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները: Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը», — գրել է պատգամավորը։
Թե որքան կտևի ծրագիրը, և ով է դրան մասնակցելու որպես հովանավոր, դեռ չի հաղորդվում։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթը դրական է արձագանքել սահմանակից գյուղի բնակիչներին օգնելու գաղափարին։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Շատ լավ ծրագիր է։ Իսկ պետությունն ինչ-որ կերպ մասնակցելո՞ւ է դրան»։
«Ի՞նչ է նշանակում Ադրբեջանին անմիջապես սահմանակից։ Քանի՞ կիլոմետր հեռավորության մասին է խոսքը»։
«Իսկ երեխաներին, որոնք ծնվել են մինչ այս և մինչև հիմա չեն լքել գյուղն, ինչ-որ ուշադրություն հասնո՞ւմ է»։
«Սահմանամերձ գյուղերում ժողովրդագրական վիճակագրությունը շատ վատն է․․․ պետք է օգնել այդ մարդկանց»։
«Դե, պետք է, որ տնտեսությունը զարգանա, թե չէ ծրագիրն արդյունավետ չի լինի։ Ասենք՝ մինչև 3 տարեկանը երեխային մեծացրեցին են նորմալ պայմաններում։ Իսկ հետո՞»։
«Փողը երբեք չի կարող երեխա ունենալու շարժառիթ լինել։ Երբեք»։
Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի մասին
Հայաստանի բնակչությունը 1991-ից մինչև 2019թ․ կրճատվել է գրեթե 17%-ով։ Այս մասին հաղորդել է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության և վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը․
«1991թ.-ին մեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 965 հազար, շուրջ 17 տոկոս բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել: Լոռու մարզում 42 տոկոսով է նվազել բնակչության թվաքանակը, Շիրակում՝ 30 տոկոսով, իսկ Վայոց ձորում՝ 20 տոկոսով»։
Ինչ վերաբերում է Լոռու մարզին, ապա այստեղ պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլյացիա է գրանցվել․ մահացածների թիվն այս տարի 90-ով գերազանցել է ծնվածներինը։
Հայաստանում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի խոսքով՝ «հանրապետական մակարդակում մենք դեռ դեպոպուլյացիայի փուլ չենք մտել, սակայն եթե ոչինչ չանենք, չորս-հինգ տարուց, ըստ ՄԱԿ կանխատեսումների, մահացությունը կգերազանցի ծնելիությունը ողջ երկրում»։
Ըստ փորձագետների՝ դա տեղի է ունենում, մասնավորապես, այն պատճառով, որ այժմ ամուսնական տարիքի է հասնում 1990-ականներին ծնված սերունդը։ Դրանք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաբարդ տարիներ էին։ Պատերազմ էր, երկիրը շրջափակման մեջ էր, տնտեսությունը՝ ճգնաժամի մեջ։ Այդ իրավիճակում քչերն էին իրենց թույլ տալիս երեխա ունենալ։
Հետևաբար, 90-ականների սերունդը 40 տոկոսով քիչ է 1980-ականներին ծնվածներից։ Եվ դա չի կարող այժմ չարտահայտվել ամուսնությունների քանակի և ծնելիության վրա։ Առավելևս, որ 90-ականների սերնդի 20-25 տոկոսն արտագաղթել է Հայաստանից։
Ըստ վիճակագրական կոմիտեի, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2019 թ-ի հունվարի մեկի դրությամբ կազմում է երկու միլիոն 965 հազար մարդ։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը 7600 մարդով պակաս է։
• 2018 թ-ին Հայաստանում ծնվել է 36 502 երեխա;
• 2017-ին՝37 700;
• 2016-ին՝ 40 592։
Ծնելիության գումարային գործակիցը
• 2019 թ-ին կազմել է 1,6,
• 1994-ին՝ 2,2,
• 1969-ին՝ 3,3։