Հայաստանում բանակից խուսափողներն այլևս չեն կարողանա ազատվել քրեական պատասխանատվությունից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր չէ երկարացնել «Քաղաքացիների մասին, որոնք պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել» օրենքի գործողության ժամկետը։ Այն ուժի մեջ կլինի մինչև դեկտեմբերի 31-ը։ Օրենքը թույլ էր տալիս Հայաստանի 27-ամյա քաղաքացիներին, որոնք ժամանակին երկրից մեկնել են և չեն ծառայել բանակում, հայրենիք վերադառնալ, վճարել տուգանք և չկրել քրեական պատիժ ծառայությունից խուսափելու համար։
Օրենքն ընդունվել է 2003 թ-ին։ Դրա վերջնաժամկետը մինչև 2009թ-ի մարտի 1-ն էր։ Սակայն խորհրդարանն այն մի քանի անգամ երկարաձգել է կառավարության առաջարկով։
Տուգանքը․ որը վճարում է յուրաքանչյուր խուսափող, հաշվարկվում է բաց թողած տարիներով՝ այսինքն քանի տարի է անձը երկրից դուրս գտնվել չափահասությունից սկսած մինչև վերադարձը։ Հետրաբար, շատերը վերադառնում են, երբ լրանում է նրանց 27-ամյակը, և զորակոչն արդեն նրանց չի սպառնում։
Տուգանքի չափը, որը սահմանվել է 2019 թ-ի մայիսին, երբ վերջին անգամ երկարաձգվել է օրենքի գործողությունը, կազմում է 1,8 մլն դրամ։
Եթե խորհրդարանը հաստատի կառավարության առաջարկն, ապա 2020 թ-ի հունվարի 1-ից բոլոր բանակում ծառայությունից խուսափած երիտասարդները, որոնք չեն հասցնի օգտվել օրենքի տրամադրած հնարավորությունից, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Վարչապետը սատարում է պաշտպանության նախարարության նախաձեռնությանը։ Եվ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը կազմում է քաղաքական ուժը, որը գլխավորում է կառավարության ղեկավարը, այս առաջարկի մերժումը քիչ հավանական է թվում։
• Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ռուսական ռազմաբազայի և 2016 թ-ի ապրիլյան պատերազմի մասին
• Ղարաբաղում «ապրիլյան պատերազմից» երեք տարի անց։ Ի՞նչ է այն փոխել։ Փորձագետները Բաքվում և Երևանում
Պաշտպանության նախարարության առաջարկությունը
Քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տվող օրենքի գործողությունը չերկարացնելու մասին առաջարկը դեկտեմբերի 12-ին ներկայացրել է պաշտպանության նախարարը։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կյանքը ցույց է տվել, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը միայն խթանում է զինվորական ծառայությունից խուսափելը։ Շատ երիտասարդներ, որոնց 18 տարին դեռ չի լրացել, մեկնում են երկրից՝ իմանալով, որ կկարողանան վերադառնալ՝ տուգանք վճարելով։
Բացի այդ, այս հնարավորությունը՝ բանակից խուսափել ցանկացողների համար, ըստ նախարարի, անարդար է նրանց նկատմամբ, ովքեր արդեն կատարել են հայրենիքի հանդեպ պարտքն ու ծառայել բանակում։
Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը զինապարտ բոլոր երեք հազար քաղաքացիները, որոնց վրա տարածվում է այս օրենքը, դեռ կարող են օգտվել հնարավորությունից, «մեղայականով» ներկայանալ և խուսափել քրեական պատասխանատվությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի առաջարկին կողմ է արտահայտվել։ Նա բոլոր զինապարտներին, ովքեր կարող են և ուզում են վճարել, կոչ է արել մինչև այս տարվա ավարտը վերադառնալ և Ամանորը հայրենիքում դիմավորել։
Մեկ այլ օրինագիծ բանակում ծառայելու մասին
Ծառայությունից խուսափել թույլ տվող օրենքի գործողության դադարեցման մասին կառավաության քննարկումներին զուգահեռ խորհրդարանում հակառակ գործընթաց էր գնում։ «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր առաջարկով է հանդես եկել նրանց համար, ովքեր չեն ուզում բանակում ծառայել։
Պատգամավորն առաջարկում է Հայաստանի մինչև 27 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ երկու տարվա փոխարեն ծառայել մեկ ամիս, սակայն դրա համար բյուջե վճարել ավելի խոշոր գումար՝ 10 մլն դրամ։
Ի դեպ, եթե այս օրինագիծը հասատվի, այն կարող է ուժի մեջ մտնել արդեն 2020թ-ին։ Սակայն այն բացասական արձագանք է առաջացրել պաշտպանության նախարարությունում։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել է, որ Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը համահունչ չէ հայկական իրողություններին․
«Մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ։ Զորակոչից հետո զինվորի համար առնվազն 5 ամիսը ուսումնական փուլ է, որից հետո միայն նա անցնում է լիարժեք զինվորական ծառայության։ Անհնար է մեկ ամսում լիարժեք զինվոր պատրաստել, ինչպես առաջարկում է Սարգսյանը»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթում բանակից խուսափողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցն ամենաքննարկվողներից է։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Ճիշտ է, ինչո՞ւ թույլ տալ հայերին Հայաստան վերադառնալ։ Չէ՞ որ ավելի լավ է, որ հնդիկներն ու իրանցիները լցվեն։ Ճիշտ ճանապարհով եք գնում, ընկերներ»։
«Պետք է այլընտրանք առաջարկել։ Քանի որ քրեական պատասխանատվությունն, ըստ էության, նշանակում է, որ այդ տղաները երբեք հայրենիք չեն վերադառնա»։
«Անարդար օրենք է նրանց հանդեպ, ովքեր արդեն ծառայել են։ Ստացվում է, որ պետությունը կարծես ասում է․ կարող եք փախչել, իսկ հետո տուգանք վճարել և վերջ։ Այդ պատճառով էլ շատ ճիշտ որոշում է այդ օրենքը չեղարկելը։ Պարզապես ժամկետները կարճ են, մինչև դեկտեմբերի 31-ը քիչ ժամանակ է մնացել»։
«Դատարկախոսություն։ Չեն կարող նրանք այդպիսի օրենք ընդունել։ Գոնե այն պատճառով, որ վերադարձի համար հայտարարված ժամկետը շատ կարճ է։ Հետո մի քիչ ժամանակ կանցնի, կասեն, դե լավ, մի տարի էլ ենք ժամանակ տալիս։ Աբսուրդ է ասելը, թե քեզ 20 օր ենք տալիս, կամ արի, կամ երեք տարով բանտ նստի»։