Հայաստանում COVID-19-ը չի նահանջում․ դասապրոցեսը կկազմակերպվի հեռավար
Հայաստանում COVID-19-ը չի նահանջում։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 57 մահ։ Առողջապահության նախարարության առաջարկով կրթական գերատեսչությունը որոշում է կայացրել բուհերում ուսումնական պրոցեսը կազմակերպել հեռավար, ինչպես նաև երկարաձգել դպրոցական արձակուրդները։
JAMnews-ը ներկայացնում է հակահամաճարակային վերջին տվյալները, ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշման մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք։
Համաճարակային իրավիճակը
Հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1517 նոր դեպք։ Մահացել է 57 քաղաքացի։ Համավարակի մեկնարկից ի վեր COVID-19-ի հետևանքով գրանցվել է 6 112 մահվան դեպք։ Եվս 1 263 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով։
Այս պահին բուժում է ստանում 27 692 պացիենտ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։
Ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը
Հաշվի առնելով COVID-19-ով հիվանդացության աճը՝ հոկտեմբերի 25-ին առողջապահության նախարարությունը կրթական գերատեսչությանն առաջարկեց բուհերում դասերը կազմակերպել հեռավար, դպրոցական արձակուրդներն էլ երկարացնել մեկ շաբաթով։ Նույն օրը ԿԳՄՍ նախարարությունն արձագանքեց առաջարկին՝ տարածելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին ուղարկված շրջաբերականը․
«Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ»։
Նշված ժամկետում ուսումնական գործընթացը հեռավար կկազմակերպվի նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Համավարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում կրթական գերատեսչությունը որոշում է կայացրել հանրակրթական հաստատությունների 1-12-րդ դասարանցիների համար աշնանային արձակուրդները երկարաձգել մեկ շաբաթով՝ մինչև 2021 թ․ նոյեմբերի 7-ը ներառյալ:
Մինչ այս գործող կարգավորման համաձայն՝ կրթահամալիրը հեռավար ուսուցման էր անցնում, եթե որևէ դպրոցում ուսուցիչների և աշակերտների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը 14 օրվա կտրվածքով 10% և ավելի էր։
Փորձագիտական կարծիք
Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանի գնահատմամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը թույլ է, տեսչական մարմինները թերանում են։
«Մեդիալաբի» հետ զրույցում Վանեսյանը նշել է, որ թեկուզ ուշացած, բայց պետք է միջոցներ ձեռնարկել, սահմանափակումներն անհրաժեշտ են․
«Մի բան է, երբ դպրոցներին մեկ շաբաթ լրացուցիչ արձակուրդ ես տալիս, բուհերն անցնում են հեռավար ուսուցման, բայց այդ նույն հեռավար ուսուցման մասնակիցը մոլերում ու ժամանցի այլ վայրերում իր ժամանակն է անցկացնելու: Վարակի տարածելիության մասով՝ մի տեղ փակելը, մի տեղ ոչինչ չանելը խնդիր չի լուծելու»։
Նարեկ Վանեսյանը 2020 թ․-ին համակարգել է Երևանի կարանտինի գրասենյակի աշխատանքները։ Ասում է՝ սահմանափակումները պետք է գործեն նաև զանգվածային միջոցառումների, օրինակ՝ հուղարկավորությունների ժամանակ, այլապես «կանխատեսելի արդյունք ունենալ չենք կարող»։
Նրա դիտարկմամբ՝ եթե պատվաստման գործընթացն ընթանա դինամիկ կերպով, սահմանափակումներն էլ պատշաճ ձևով վերհսկվեն, ապա կարող ենք դրական տեղաշարժ ակնկալել․
«Ինձ համար տարակուսելի է նաև այն, որ հոկտեմբերի 14-ից գործատուին պետք է սահմանված ժամկետում ներկայացնել կա՛մ պատվաստումը հավաստող թուղթը, կա՛մ քովիդի բացասական թեստը, բայց հոկտեմբերի 25-ից բուհերն անցնում են հեռավար ուսուցման, այն դեպքում, երբ բուհերի հազարավոր աշխատակիցներ գումարներ են ծախսել այդ նմուշառումների համար ու, փաստացի, այս պահին դա չի օգտագործվելու»։