Հայաստանում 10-ից 3-ը աղքատ են. իշխանությունները հորդորում են մեղավորներ չփնտրել
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews
Հայաստանում 10-ից 3-ը աղքատ են. սա Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալն է: Փորձագետները կարծում են, որ աղքատության նման մակարդակը Հայաստանի պես փոքր երկրի համար վտանգավոր է: Իսկ իշխանությունները հավաստիացնում են, որ աշխատում են աղքատների թվի նվազեցման համար, բայց դեռևս արդյունքներ չեն գրանցում:
Հայաստանում աղքատ է շուրջ 880,000 մարդ, նրանցից.
- շատ աղքատ է 295,000-ը, որոնց ամսական եկամուտը կազմում է մոտավոապես 33 հազար դրամ (69 դոլար),
- ծայրահեղ աղքատ է բնակչության 54,000-ը՝ 23 հազար դրամ եկամուտով (48 դոլար):
Տնտեսագետների դիտարկմամբ, նախորդ տարիների համեմատ աղքատության մակարդակը գրեթե չի նվազել: Բնակիչների աշխատավարձերը, թոշակները չեն ավելացել, բայց փոխարենը թանկացել են, օրինակ, հացը, կարագը, կաթնամթերքը և մի շարք այլ անհրաժեշտ պարենային ապրանքներ, ինչի արդյունքում էլ մարդիկ դարձել են ոչ գնողունակ:
«Իրականում մենք ունենք աղքատության ավելի բարձր մակարդակ, քան պաշտոնապես ներկայացվել է: Բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են ապրանքների գները բարձրանում, ամեն ինչ թանկանում է: Մենք տեսնում ենք, թե գնաճն ինչպես է ազդում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Այս ֆոնին արդյունաբերական ապրանքներ վաճառողներն էլ են բարձրացնում գները, որովհետև նրանք արդեն բարձրացված գներով պարենային ապրանքների սպառողներն են:
Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցներն էլ սկսել են ավելի քիչ գումար ուղարկել իրենց ընտանիքներին, որովհետև այնտեղ էլ խնդիրներ կան: Այս ամենը չէր կարող չազդել աղքատության խորացման վրա»,— կարծում է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ կլինի հավելյալ 63.2 միլիարդ դրամ: Իսկ նման գումար, ըստ տնտեսագետիների, Հայաստանում այսօր չկա:
Տնտեսագետ Արամ Կայֆաջյանի խոսքով՝ իրավիճակը կարող է փրկվել ներդրումների շնորհիվ.
«Քանի որ Հայաստանն այդքան մեծ տնտեսություն չունի, օրինակ, 300 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլարի հասնող ներդրումն արդեն մեծ օգնություն կլինի, դա դրական իմպուլսներ կհաղորդի և բնակչության գնողունակությունը կբարձրացնի: Բայց դա մեկ օրվա հարց չէ»:
Շուրջ 10 տարի իշխանության ղեկին գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի շտապում իր վրա վերցնել աղքատության բարձր մակարդակի պատասխանատվությունը:
Ազգային ժողովի իշխող մեծամասնության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորել է մեղավորներ չփնտրել.
«Մենք չենք ժխտում վիճակագրական տվյալները, ասում ենք, որ ունենք խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պետք է գործիքներ կիրառենք: Այն նպատակները, ծրագրային դրույթները, որոնք ներդրված են, խոսքը նաև աղքատության կրճատման մասին է, մենք պետք է լուրջ աշխատանք տանենք դրանց ուղղությամբ: Մենք չենք ժխտում, որ կա նման երևույթ»:
Պատգամավորը շեշտել է, որ աղքատությունը միայն Հայաստանում չէ, աշխարհի բոլոր երկրներում էլ այդ երևույթը կա.
«Եթե դուք այլ երկրներից օրինակներ կբերեք, որտեղ 2000թթ.-ից հետո, անկախությունից հետո, իրավիճակը բարվոք է, և այդ բարվոքությունը ցայտուն երևում է, մենք կասենք, որ այդ գործիքները լավ չենք կիրառում: Սա ընդհանուր տենդենց է»:
Իշխանությունը ներկայացնող մեկ այլ պատգամավոր, որը նաև հանդիսանում է Ազգային ժողովի սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը սենսացիոն հայտարարություն է արել: Նրա միտքը դարձել է ամբողջ երկրի քննարկման առարկան: Հակոբ Հակոբյանի խոսքով, թանկացումները աղքատների վրա չեն ազդի, որովհետև «աղքատը քիչ է ծախսում».
«Աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից։ Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։ Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։ Դա ինքնապաշտպանության ինստինկտ է»: