Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրե՞ն խաղաղության պայմանագիր։ Երևանի պատասխանը Բաքվին
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ադրբեջանական կողմի հայտարարություններին այն մասին, որ Արցախյան հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, իսկ Հայաստանն անտեսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկը։ Այսպիսի հայտարարություններով են հանդես եկել Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը։
Ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն թվարկել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի և Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության խախտման փաստերը։
Հայտարարությունում ընդգծվում է, որ հետագա քայլերի համար «կառուցողական միջավայր» կարող է ստեղծել «Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը»։
- «Մենք մեր տարածքում ենք»․ Ալիևը՝ Հայաստանի հետ սահմանի և Արցախի կարգավիճակի մասին
- Եվրոպայի ակտիվացումը Հայաստանում և Ռուսաստանի խանդը․ ինչո՞վ այդ ամենը կավարտվի
«Առաջնորդվել փաստերով, ոչ թե յուրովի մեկնաբանմամբ»
ԱԳՆ հայտարարությունը պատասխան էր «Արմենպրես» գործակալության հարցմանը Ադրբեջանի արտգործնախարարի հուլիսի 26-ի հայտարարության վերաբերյալ։ Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել էր 2020 թ-ի աշնանը ստորագրված՝ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության իրականացումն արգելակելու մեջ։ Նա խոսել է նաև այն մասին, որ Հայաստանը չի պատասխանել խաղաղ պայմանագրի վրա աշխատելու Ադրբեջանի առաջարկին։
«2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են։
Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին», — ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Բացի այդ, ադրբեջանական կողմը մեղադրվում է նույն հայտարարության 8-րդ կետի խախտման համար, որի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։
Հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին, սակայն հետ չի ստացել իր բոլոր գերիներին։ Եվ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխանությունը հատարարում է նրանց պահման անթույլատրելիության մասին։ Բացի այդ, նրանց այժմ Ադրբեջանում դատում են՝ մեղադրելով ահաբեկչության համար, ինչը «միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է», կարծում է Հայաստանի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով», — ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։
«Ոտնձգություններ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»
Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, մայիսի 12-ից սկսած, ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում․
«Ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որոնց վրա Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն»։
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում խոսվում է նաև ադրբեջանական կողմի «պատմական կեղծ պահանջների» մասին։ Խոսքն Իլհամ Ալիևի հայտարարության մասին է, որը նա արել է AzTV-ին տված հարցազրույցում։ Նա կրկին «իրենցն» է անվանել Հայաստանի տարածքները, ուր ներխուժել են ադրբեջանական զորամիավորումները․
«Մենք համարում ենք, որ դրանք մեր տարածքներն են։ Ես համարում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք մեր տարածքում ենք»։
«Այդպիսի տարածքային միավոր չկա՞»
«Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի՝ տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, համաձայնել են «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին», — այսպես է Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
AzTV-ին տված այդ նույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Պատերազմի ավարտից, հակամարտության կարգավորումից հետո, իհարկե, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելը տեղին չէ։ Այդ պատճառով էլ ես ասել եմ, որ Ադրբեջանում այդպիսի տարածքային միավոր չկա»։
Արցախում տարածքների ականազերծման մասին
«Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։
Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանն ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին՝ 2017թ․-ին Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակն այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով», — ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Ընդգծվել է նաև, որ, չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն, հայկական կողմն, այնուհանդերձ, տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին ականապատված տարածքների վերաբերյալ։ Խոսքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատ հատվածների քարտեզների մասին է։ Դրանք երկու անգամ տրամադրվել են՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։
Սակայն AzTV-ին տված հարցազրույցում Ալիևը հարցադրում է արել․ «Ի՞նչ նպատակ է հիմա հետապնդում ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելը։ Որպեսզի ավելի շատ ադրբեջանցի զոհվի և հաշմանդամ դառնա։ Եթե սա թշնամանք չէ, ապա ի՞նչ է»։