Հայաստանն ապաքրեականացնում է ծանր վիրավորանքը
Ծանր վիրավորանքի ապաքրեականացում Հայաստանում
Ծանր վիրավորանքի համար Հայաստանում այլևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքում դրույթն ամրագրված չի լինի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարը:
Նրա գնահատմամբ՝ քրեական պատասխանատվություն էր նախատեսվել «հասարակության խորը բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով»:
Փորձագետները կարծում են՝ կառավարությունն իր գործած սխալն ընդունել է ոչ թե Հայաստանում գրանցված փոփոխությունների, այլ արտաքին ճնշումների արդյունքում:
Հոդվածի ընդունման նախապատմությունը, հնչած քննադատությունները, չեղարկման հավանական պատճառները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Պատիժ` տուգանքից մինչև կալանք
2021 թ.-ի հուլիսի 30-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց հանրային գործունեություն ծավալող անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծ: Ըստ այդմ՝ անգամ հեռավար պայմաններում (օնլայն) արված վիրավորանքը (հայհոյելը կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) առաջացնում էր պատիժ՝ տուգանքից մինչև կալանք (1-3 ամիս):
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ հանրային գործունեություն էր համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
«Անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ է». քննադատությունները
Ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածն արժանացել էր միջազգային կառույցների քննադատությանը: Տարեսկզբին դրույթի չեղարկման պահանջով բանաձև էր ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը:
2022 թ․-ի փետրվարին միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն էր Հայաստանի խորհրդարանին կոչ արել չեղարկել այն:
Իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս է քննադատել նշված հոդվածը՝ շեշտելով, որ այն վտանգում է ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում Հայաստանի գրանցած ձեռքբերումները: «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Freedom House-ը հոդվածի ընդունումը բնորոշել էր որպես «անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ»:
Հայաստանի գործող իշխանությունը դրույթի կիրառումը համարում էր նպատակահարմար՝ ընդգծելով, որ «Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կա»: Կառավարության այս տեսակետը չէին կիսում լրագրողական, իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև ՄԻՊ-ը:
Այդ ժամանակ դեռ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կատարող Արման Թաթոյանը հոդվածը որակել էր որպես «ամենաանթույլատրելի հոդվածներից» մեկը։ Նա շեշտել էր, որ «պետությունը չարաշահում է մարդկանց իրավունքները սահմանափակելու իր հնարավորությունը»: Թաթոյանը կարծիք էր հայտնել, թե՝ նախագիծը մշակվել է քաղաքական նկատառումներից ելնելով, առանց հաշվի առնելու մարդու իրավունքները: Նա մինչև անգամ վիճարկել էր հոդվածի սահմանադրականությունը, սակայն Սահմանադրական դատարանը Ծանր վիրավորանքի մասին հոդվածը ճանաչել էր սահմանադրական:
«Օրենքի դրույթը կչեղարկվի». նախարարի պարզաբանումը
Փոփոխության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նման եզրահանգման են եկել վարչապետի գլխավորությամբ կայացած մասնագիտական քննարկումների արդյունքում.
«Կառավարությունը գտել է, որ հետագա ժողովրդավարացման մեր օրակարգում խոսքի ազատության նույնիսկ իրավաչափ սահմանափակումը պետք է հնարավորինս իրականացնել առանց քրեական հետապնդման գործիքակազմի»:
Նախարարը հիշեցրել է, որ քրեական պատասխանատվություն էր նախատեսվել «հասարակության խորը բևեռացման պայմաններում»: Հավանական է, որ նա նկատի ունի 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության բևեռացման ժամանակաշրջանը։
Անդրեասյանը, սակայն, չի տեղեկացրել՝ ի՞նչն է հանգեցրել կառավարության դիրքորոշման փոփոխությանը, արդյո՞ք փոխվել է մարդկանց վարքագիծը:
Արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ «ազատ խոսքը չարաշահողների» համար կպահպանվեն քաղաքացիական պատասխանատվության գործող կարգավորումները՝ փոխհատուցում մինչև 3 մլն դրամի չափով:
Ի՞նչ է լինելու մեղադրյալների հետ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչ օրս Ծանր վիրավորանքի հոդվածով ավելի քան 800 քրեական գործ է հարուցվել:
Ավելի քան 50 գործեր արդեն դատարանում են։ 6 գործով արդեն իսկ կա ուժի մեջ մտած դատավճիռ։
Թե ինչ է լինելու մեղադրյալների հետ՝ արդադատության նախարարը չի տեղեկացրել: Այդ թեմայի վերաբերյալ մինչ այս պահը պետական որևէ կառույցի կողմից պարզաբանում չի տարածվել:
Փորձագիտական կարծիք
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը JAMnews-ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, Ծանր վիրավորանքի մասին հոդվածն ընդունել էր սոցիալական ցանցերում առկա անօրինական բովանդակության ծավալներից ելնելով: Մյուս կողմից՝ փորձագետը նկատում է՝ հոդվածի ընդունումն «ավելի շատ ուղղված էր քաղաքական էլիտայի ինքնապաշտպանությանը».
«Եթե լիներ միայն այս նախագիծը, գուցե նման գնահատական չտայի: Բայց սա մեկը մյուսին հաջորդած կամ զուգահեռ մշակված նախաձեռնություններից մեկն էր: Երբ խճանկարը հավաքում ես, ամբողջական պատկերն ես դիտում, հասկանում ես, որ դրանք բոլորն ուղղված են իշխող քաղաքական ուժին, նրա առանձին անդամներին, հատկապես՝ էլիտային քննադատությունից պաշտպանելուն»:
Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ քաղաքական էլիտան այսօր էլ ունի ինքնապաշտպանության կարիք, բայց ստիպված է եղել զիջել, քանի որ արտաքին ճնշումն ուժեղ է եղել.
«Միջազգային կառույցները, մոնիթորինգ անող կազմակերպություններն իրենց օրակարգում ներառել են, որ այդ հոդվածն անհամատեղելի է ժողովրդավարական զարգացում որդեգրած երկրի համար»:
Արտաքին ճնշում ասելով Շուշան Դոյդոյանը նկատի ունի միջազգային կառույցներին՝ Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, ինչպես նաև իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին: Ասում է՝ թեև փոքր, բայց ազդեցություն ունեցել է նաև Հայաստանի քաղհասարակությունը:
Հիշեցնում է՝ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացվել էր դեռևս 2010 թ.-ին, ուստի ծանր վիրավորանքի քրեականացումը նախորդ տարվա հուլիսին փաստացի հետընթաց էր:
Ըստ նրա՝ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դրամական փոխհատուցումը բավարար է, այլ իրավական կարգավորման կարիք չկա, քանի որ «ճնշող, արգելող կարգավորումները երկարաժամկետ կտրվածքով ավելի շատ վնասակար են, քան հարց լուծող»:
Ինչ վերաբերում է արդեն իսկ կայացված վեց դատավճիռներին՝ Դոյդոյանը նկատում է՝ «ավելի բարենպաստ պայմաններ առաջարկող օրենքները սովորաբար հետադարձ ուժ են ունենում», սակայն մոտեցումը, լուծումը պետք է առաջարկի կառավարությունը, արդարադատության նախարարությունը:
«Առաջ է գալիս նաև դատապարտված անձանց բարի համբավի, պատվի, արժանապատվության վերականգնման հարց: Գուցե արժե, որ նրանք ևս բարձրացնեն փոխհատուցում պահանջելու իրենց իրավունքը»,- ամփոփում է Դոյդոյանը:
Ծանր վիրավորանքի ապաքրեականացում Հայաստանում