Միրզոյան-Բայրամով հանդիպումը Թբիլիսիում. մեկնաբանություններ Բաքվից և Երևանից
Միրզոյան-Բայրամով հանդիպումը Թբիլիսիում
Երևանն ու Բաքուն շարունակում են քննարկել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումները և օգնել խնդիրների լուծման հարցում: Հանդիպման ավարտին նա ընդգծել է, որ առաջին երկկողմ բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կոնկրետ արդյունքների չեն հասել: Նրա կարծիքով՝ դրանց հնարավոր էլ չէր հասնել մեկ փուլով:
Ի՞նչ են հաղորդել Հայաստանն ու Ադրբեջանը Բայրամով-Միրզոյան թբիլիսյան բանակցությունների մասին, ինչպե՞ս են այն գնահատում վերլուծաբանները Բաքվից և Երևանից:
- «Հնարավոր է՝ Բրյուսելում փաստաթուղթ ստորագրվի». ԵՄ հատուկ ներկայացուցչի այցի նպատակների մասին
- «Մենք փակ ենք պահում մեր սահմանները և ճիշտ ենք անում»․ Իլհամ Ալիև
- Հայ-թուրքական կարգավորո՞ւմ, թե՞ իմիտացիա. արձագանք Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին
Տեղեկություններ Երևանից
Ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններից առաջ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը խոսել են քաղաքական երկխոսության և փոխայցելությունների հետագա ակտիվացման մասին։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,- ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Հայկական ԶԼՄ-ները հրապարակել են նաև Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի խոսքերը, որը նշել է Վրաստանի պատրաստակամության մասին՝ հյուրընկալելու Երևանի և Բաքվի ներկայացուցիչներին և օգնելու խնդիրների լուծման հարցում։ Նա հայտարարել է, որ Թբիլիսին է օգնել երկխոսություն սկսել.
«Մենք կարողացանք աջակցել մեր գործընկերներին և ընկերներին: Մեր նպատակն է, որ մեր հարևան երկրներն այս բանակցությունների արդյունքում հասնեն կոնկրետ արդյունքների։ Որպեսզի մենք բոլորս համատեղ կոորդինացման և շատ սերտ շփման ճանապարհով կարողանանք ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»:
Հանդիպման ավարտին, սակայն, Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ այս բանակցությունների ընթացքում իր գործընկերները կոնկրետ արդյունքների չեն հասել։ Նրա կարծիքով՝ դրանց հնարավոր էլ չէր հասնել մեկ փուլով:
Թբիլիսիում կայացած հանդիպման ավարտից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպման ընթացքում կողմերը՝
- անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի,
- քննարկել են նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը,
- մտքեր են փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դրական քայլ է անվանել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը։ Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ ուղիղ երկխոսությունը կօգնի լուծել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը նաև հայտնում է, որ հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի միջև։ Նախարարն իր զրուցակցին ներկայացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները», մանրամասներ հայտնել Թբիլիսիում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ այս փուլում բանակցային գործընթացում լուրջ ճգնաժամ կա: Միրզոյան-Բայրամով հանդիպումը նա դիտարկում է որպես «այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ արված քայլ»:
Կարծում է՝ հանդիպումը կազմակերպել էր Եվրամիությունը: Պատահական չի համարում այն, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ տարածաշրջան էր այցելել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Տարածված հաղորդագրություններից ելնելով՝ լավատեսության որևէ հիմք չկա»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է Գրիգորյանը:
Քաղաքագետն ասում է՝ Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դարձել ու հիշեցնում, որ օրերս Ալիևը խոսել էր ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերման մասին և կրկին սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, ըստ նրա, հիմնական թեմաներն են՝
- ԼՂ-ի հակամարտության կարգավորում,
- հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա,
- տարածաշրջանի ապաշրջափակման գործընթաց,
- հումանիտար հարցեր, մասնավորապես՝ հայ գերիների վերադարձ Ադրբեջանից:
Գրիգորյանի կարծիքով՝ հենց այս հարցերն էլ եղել են Միրզոյան-Բայրամով բանակցությունների սեղանին:
«Հայկական կողմը նշել է գերիների վերադարձի խնդրի մասին, ադրբեջանական կողմը, որպես հակակշիռ, հերթական անգամ հիշատակել է Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների խնդրի մասին»,- ասել է Գրիգորյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը քննարկվել է նաև նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք:
«Այդ հարցն այն խնդիրներից մեկն է, որը խոչընդոտում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում առաջընթացին»,- նկատել է Գրիգորյանը:
Հիշեցնում է՝ նախքան բրյուսելյան առաջին հանդիպումը Հայաստանը նշում էր, որ սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց առաջ պետք է սահմանին ներդրվեն համապատասխան մեխանիզմներ, որոնք կստեղծեն նպաստավոր մթնոլորտ գործընթացի մեկնարկի համար: Ադրբեջանական կողմը սա համարում էր նախապայման, որը չէր ընդունում:
Ըստ Գրիգորյանի՝ 2021 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական կողմը զիջման է գնացել՝ համաձայնելով ստեղծել հանձնաժողովն առանց անվտանգային մեխանիզմների ներդրման:
«Պարզ է, որ այդ հարցը քննարկվում է, բայց որևէ առաջընթաց չկա: Ադրբեջանը չի պատրաստվում, օրինակ, որևէ կետից զորքերի հետքաշում իրականացնել և պատրաստ չէ քննարկել անվտանգության հարց այդ հանձնաժողովի շրջանակներում»,- ընդգծել է քաղաքագետը:
JAMnews-ը Գրիգորյանին հարցրել է՝ կարող է արդյո՞ք Վրաստանը որևէ դեր ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն, որ հենց Թբիլիսիում է անցկացվել Միրզոյան-Բայրամով առաջին հանդիպումը: Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանը հանդիպման վայր է ապահովել, երկրի իշխանությունները հանդիպման կազմակերպման հետ կապ չունեն:
«Հեռուն գնացող եզրահանգումներ չեմ անի: Հնարավոր է՝ էլի նմանատիպ հանդիպումներ տեղի ունենան Վրաստանում, բայց ես Վրաստանին չէի դիտարկի որպես լուրջ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ամփոփել է Գրիգորյանը:
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
«Նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին։ Այդ կապակցությամբ քննարկվել է երկուստեք ստանձնած պարտավորությունների կատարումը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել հետագա հնարավոր քայլերի շուրջ»,- նշել են ԱԳՆ-ում։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ երկու պետությունների միջև զինված հակամարտության լուծումից հետո ի հայտ եկած հետկոնֆլիկտային իրողությունների հիման վրա։ Այդ համատեքստում կարևորվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր պայմանների կատարումը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերումը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ուշադրություն է հրավիրել շուրջ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզման անհրաժեշտության վրա։
Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը շարունակելու վճռականությունը։
Երկու նախարարներն էլ շնորհակալություն են հայտնել վրացական կողմին՝ հանդիպումը Վրաստանում կազմակերպելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանություն Բաքվից
Քաղաքական մեկնաբան Աղշին Քերիմովի խոսքով՝ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը կայացել է Արևմուտքի նախաձեռնությամբ։
«Չնայած երկու նախարարների այս երկխոսությունը դիտարկվում է երկկողմ ջանքերի համատեքստում։ Բայց արևմտյան քաղաքական շրջանակների՝ այս հանդիպումից հետո արած հայտարարությունները ցույց են տալիս, որ Բայրամով-Միրզոյան երկկողմ քննարկումների գաղտնի նախաձեռնողը Արևմուտքն է»,- ընդգծել է նա։
Փորձագետը հայտարարել է, որ Թբիլիսիի հանդիպումը մեծ ազդեցություն կունենա երկկողմ ձևաչափով երկխոսության զարգացման վրա։ Այն արդեն իսկ նախադեպ է ստեղծել երրորդ կողմի միջնորդության համար։
«Ինչ վերաբերում է այն թեմաներին, որոնք նախարարները քննարկել են, ապա, կարծում եմ, դրանք պետք է դիտարկել Իլհամ Ալիևի՝ անմիջապես Թբիլիսիում կայանալիք հանդիպման նախօրեին ունեցած ելույթի պրիզմայով։ Այնտեղ հստակ ներկայացված էր Ադրբեջանի դիրքորոշումը։
Ադրբեջանի նախագահը հիմնականում կենտրոնանում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ և 9-րդ կետերի կատարման վրա՝ Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման և Զանգեզուրի միջանցքի բացման։ Ըստ ամենայնի, այս երկու ուղղությունները կարելի է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող հիմնական կետեր։
Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, իսկ պաշտոնական Երևանը փորձում է այդ ամենը իր հասարակությանը ներկայացնել քիչ թե շատ ընդունելի տարբերակով։ Սա ժամանակ է պահանջում, և այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը փորձում է «ինքն իրեն հավաքել»։
Չնայած այս բոլոր վերելքներին և վայրէջքներին, Հայաստանի գործողությունները վերահսկելու Ադրբեջանի կարողությունը, նրա ռազմական անհամեմատելի գերազանցությունը և միջազգային դերակատարների համար նրա գրավչությունը Հայաստանին դնում են ոչ այնքան շահեկան դիրքում։
Ադրբեջանը ներկայումս աջակցություն է ստանում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից։ Թուրքիան, որպես ուժային կենտրոն, Բաքվի դաշնակիցն է։ Բայց ի տարբերություն Թուրքիայի՝ Ռուսաստանը և Արևմուտքը Հայաստանին ուղղված աջակցության չափաբաժնում մանևրելու տեղ են թողնում։
Բանակցությունների ապագայի վերաբերյալ իմ անձնական կանխատեսումն այն է, որ Ադրբեջանը կկարողանա պահպանել իր առավելությունը և կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հիշեցնելով հարցերը ուժային ճանապարհով լուծելու հնարավորության մասին։
Բաքուն այս պահին ռազմական պլաններ է մշակում բաց հարցերի շուրջ և դրանք դարձնում լծակ բանակցային գործընթացում։
Ինչ-որ առումով Ադրբեջանը ժամանակ է տալիս Հայաստանին՝ ապահովելու հայկական զորքերի դուրսբերումը այն տարածքներից, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Բայց երբեմն Բաքվի համբերության բաժակը լցվում է, և այդ խնդրի լուծման ռազմական սցենարը դառնում է բանակցությունների առարկա։
Հայաստանը ուժ չունի հերթական ռազմական առճակատման համար և քաջ գիտակցում է, որ Ադրբեջանը զարգացնում է ղարաբաղյան տնտեսական գոտու վերաբերյալ իր տեսակետները՝ Արևելյան Զանգեզուրի վերաբերյալ իր հայացքներին զուգահեռ։ Այս առումով չպետք է մոռանալ հնարավոր ռազմական գործողությունների սլաքներն անմիջապես սահմանային գոտիներ տեղափոխելու հավանականության մասին։
Կարծում եմ, որ Միրզոյանի հետ Բայրամովի երկխոսության ժամանակ մարդասիրական հարցերի ու սահմանների սահմանազատման խնդրի հետ հավասար Բաքուն շեշտն ուժային գործոնի վրա է դրել նաև Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման հարցում։
Մարդասիրական հարցերի շուրջ վեճերի հարցում Հայաստանը մեծ պատասխանատվություն է կրում։ Որովհետև և՛ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, և՛ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին Հայաստանը կոպտորեն խախտել է ռազմական գործողություններ վարելու մարդասիրական կանոնները, սակայն մինչ օրս հրաժարվում է դրանց արդյունքների մասին հայտնել։
Ադրբեջանը, իր հերթին, հիշեցնում է այդ ամենը և ձգտում է գործընթացը տեղափոխել միջազգային դատական ատյանների հարթություն»,- իր մեկնաբանության մեջ ասել է Քերիմովը։
Միրզոյան-Բայրամով հանդիպումը Թբիլիսիում