Անվճար կոմունալ ծառայություններ, աջակցություն Եվրամիությունից և նպաստներ ՀՀ կառավարությունից՝ արցախցիներին
Աջակցության ծրագրեր են մշակվել նրանց համար, ովքեր արցախյան երկրորդ պատերազմի օրերին ստիպված են եղել լքել իրենց տները։ 2020 թ․ նոյեմբերի 14-ից իրենց բնակության նախկին վայր է տեղափոխվել ընդհանուր առմամբ գրեթե 30 հազար տեղահանված։ Երևանից Ստեփանակերտ գրեթե ամեն օր Արցախի բնակիչներով ավտոբուսներ են մեկնում։
Շատերի տները վնասվել են կամ ավերվել ռազմական գործողությունների ժամանակ, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին։ Սակայն Արցախի բնակիչներն, այնուամենայնիվ, վերադառնում են՝ հույսը դնելով պետության օգնության և սեփական ջանքերի վրա։
Բոլոր մանրամասները, թե ինչ օգնություն է տրամադրում Հայաստանի կառավարությունը, Եվրամիության երկրները, ու ինչից են բողոքում Արցախի բնակիչները։
- Պատերազմ, թթու և ժենգյալով հաց․ իրենց տները լքած արցախցիների մասին
- Անավարտ ղարաբաղյան պատերազմ, հոգեբանական խնդիրների փուլ
Օգնություն Հայաստանի կառավարությունից
Այն մասին, որ Արցախի բնակիչները, որոնք ժամանակավորապես Հայաստանում են գտնվում, մոտ օրերս ֆինանսական օգնություն կստանան, հայտարարվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի՝ նոյեմբերի 8-ի հանդիպմանը։
Խոսքը պետական նպաստների և կենսաթոշակների տրամադրման մասին է։
Արդեն մեկ շաբաթ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ Հայաստանի կառավարությունը 68 հազար դրամ կտրամադրի Արցախի յուրաքանչյուր բնակչի, որ Հայաստան է տեղափոխվել ռազմական գործողությունների ժամանակ։
Ընդ որում, օգնություն պետք է ստանան նաև երեխաներն, այն պայմանով, որ ծնողներից գոնե մեկն Արցախի գրանցում ունի։
Լրացուցիչ 15 հազար դրամ կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում սեփականություն չունեն։
Օգնությունը կարող են ստանալ նաև նրանք, ովքեր արդեն Արցախ են վերադարձել։ Օգնություն ստանալու համար հայտերն ընդունվում են նոյեմբերի 23-ից։
Հայաստանի սոցապահովման և աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Հայաստանի և Արցախի փոստային բաժանմունքներն արդեն սկսել են ֆինանսական օգնություն տրամադրել արցախցիներին։
Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել Հայաստանի կառավարության աջակցման երկրորդ ծրագրի մասին, որի համաձայն՝ Արցախի այն շրջանների բնակիչները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, պետք է 300 հազար դրամ միանվագ հատկացում ստանան։
Այդ անձանց համար բնակարանային հարցերը պետությունը պետք է լուծի մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձակալության գումար կվճարի։
Սակայն այս ծրագրի շահառու կարող են լինել Արցախի բնակիչները, որոնք մարտական գործողությունների մեկնարկից (սեպտեմբերի 27-ից առաջ) նվազագույնը երեք ամիս բնակվել են այդ համայնքներում։
Ծրագրի ֆինանսավորումը կապահովի «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հաշվին պատերազմի ողջ ընթացքում և մինչ այժմ գումար են փոխանցում ինչպես Հայաստանի բնակիչներն, այնպես էլ հայկական սփյուռքը։
Խնդիրն այն է, որ օգնության երկրորդ ծրագիրը դեռևս հաստատված չէ, փաստաթուղթը դեռ չի ստորագրել Հայաստանի նախագահը։ Եվ իրենց բնակարանները կորցրած շատ արցախցիներ բողոքում են, որ ստիպված են ապրել ազգականների մոտ կամ իրենց հաշվին բնակարան վարձակալել։
Անվճար կոմունալ ծառայություններ
Մեկ տարվա ընթացքում բնակչությունը կարող է անվճար օգտվել կոմունալ ծառայություններից (գազ, ջուր, էլեկտրաէներգիա), ինչպես նաև կապի ծառայություններից (հեռախոս և ինտերնետ) «խելամիտ սահմաններում»։ Այս մասին Արցախի նախագահը հայտարարել է նոյեմբերի 17-ին։
Նրա խոսքով՝ հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տների վերականգնումը կսկսվի մոտակա օրերին։
Ֆինանսական օգնություն կստանան նաև կարիքավոր ընտանիքները, որոնց եկամուտը մեկ անդամի հաշվարկով ցածր է 60 հազար դրամ կազմող նվազագույն սպառողական զամբյուղի շեմից։
Օգնություն Եվրամիության երկրներից
Եվրամիության երկրներն արդեն մարդասիրական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին, նոյեմբերի սկզբին հայտարարել էր Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը․
«Օրինակ՝ Գերմանիան 2 մլն եվրո աջակցություն է տրամադրել, մյուս երկրները նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն դրանք իրականացվում են Կարմիր խաչի միջոցով։ Մենք առաջարկել ենք այդ օգնությունն ավելի հասցեական և ուղղակի դարձնել»։
Գլխավորն, ըստ փոխարտգործնախարարի, մարդկանց ոչ միայն սննդով կամ տաք հագուստով օգնելն է, այլև աջակցության համալիր միջոցներ ձեռնարկելը։
Կամավորների օգնությունը
Պատերազմի սկզբից առաջիններն, ովքեր օգնության ձեռք են մեկնել արցախցիներին, եղել են Երևանի բնակիչներն ու հայկական սփյուռքը։
Հայաստանի մայրաքաղաքի այգիներում, խանութներում, թատրոններում, սրճարաններում և ռեստորաններում մարդիկ օգնության հավաքագրման կետեր էին կազմակերպում բանակի և Արցախի կանանց և երեխաների համար, որոնք Երևան էին տեղափոխվել ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Ընդունում էին ամեն ինչ՝ սննդից և ջրից մինչև մանկական սայլակներ։
Նման մարդասիրական շտաբներից մեկը Երևանի տիկնիկային թատրոնում էր։ Այն իր աշխատանքն էր սկսել պատերազմի երկրորդ իսկ օրը և փակվել է նոյեմբերի վերջին միայն։
Այդ ողջ ընթացքում, շնորհիվ տասնյակ կամավորների, միայն այստեղից՝ օգնություն է ստացել Արցախից եկած ավելի քան 15 հազար ընտանիք, Ինստագրամում պատմել է Անայիս Սարդարյանը, որը ղեկավարել է գործընթացը։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը մեծ մասամբ քննարկում են և բացասական գնահատում Հայաստանի կառավարության տրամադրած ֆինանսական օգնության չափը։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«68 հազարը կամ 15 հազարն ի՞նչ փող է։ Մի՞թե այդ գումարով հնարավոր է բնակարան վարձել։ Էլ չենք խոսում սննդի, տրանսպորտային և այլ ծախսերի մասին։ Ամոթ է»։
«Ես մեր պաշտոնյաներին կառաջարկեի իրենց պարգևավճարները փոխանցել փախստականներին և ապրել այն կոպեկներով, որոնք նրանք առաջարկում են արցախցիներին։ Այ դա արդար կլիներ»։
«Երկրորդ ծրագիրը միակն է, որը կարող է ինչ-որ գումար տալ իրենց տները կորցրած մարդկանց, սակայն այն ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել։ Ուրեմն ինչո՞ւ էինք մենք ողջ սփյուռքով հավաքում այդ փողն ու փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին, եթե այն ոչ մի կերպ չի հասնում նրանց, ում այժմ այդքան անհրաժեշտ է»։
«Այո, փողը շատ չէ, սակայն դրա համար նույնպես պետք է շնորհակալություն հայտնել։ Հայաստանը Սինգապուր չէ, որ միլիոններ կարողանա տրամադրել»։