Հայաստանի տնտեսությունը «համարյա վերականգնվե՞լ է»։ Նախարարը տարեվերջին երկնիշ աճ է ակնկալում
Հայաստանում երկու օր շարունակ քննարկում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի սկանդալային գրառումը Facebook-ում։ Նա հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը «համարյա վերականգնվել է», և հրապարակել է փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ -5,3%։
«Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է», — գրել է նախարարը։
Բացի այդ, նա հաստատել է 2021 թ-ին երկնիշ տնտեսական աճ ունենալու իր կանխատեսումը։ Այնինչ՝ դրանից բառացիորեն մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը նվազեցրել էր Հայաստանի տնտեսության աճի իր կանխատեսումն ընթացիկ տարում՝ 2-ից հասցնելով 1,4%-ի։
Փորձագիտական համայնքը ևս լավատեսորեն չի գնահատում երկնիշ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ նախարարի հայտարարությունները։
Բոլոր մանրամասները նախարարի խոստումների և Վիճակագրական կոմիտեի թվերի մասին, նաև փորձագետի մեկնաբանություն և մարդկանց կարծիքներ։
- Պատերազմի և համավարակի օրերին Հայաստանի պաշտոնյաները 15 մլն դոլարի պարգևավճար են ստացել
- «Հաստատուն քայլերով»․ Հայաստանում բենզինի գները կարող են նոր հակառեկորդ սահմանել
- Զանգվածային արտագաղթ․ ինչո՞ւ են մարդիկ մեկնում, և ի՞նչ է լինելու
Նախարարն ավելի քան 10% տնտեսական աճ է խոստանում
Իր հայտարարության քննարկումների երկրորդ օրը Վահան Քերոբյանը ստիպված էր բացատրել իր մտքերի ընթացքը․
«Կենտրոնական բանկը 1,4% կանխատեսում է անում, բյուջեում պլանավորված է 3,2%։ Սակայն 2021 թ-ի հունվար-փետրվարի մեր արդյունքներն ավելի լավն են, քան 2019-ի ցուցանիշները։ 2020 թ-ին ցուցանիշները զգալիորեն ավելի լավն էին [կորոնավիրուսի պատճառով լոքդաուն հայտարարվել էր ավելի ուշ՝ մարտին], քան 2019 թ-ին»։
Քերոբյանի խոսքով՝ եթե ներկայիս աճի տեմպը պահպանվի, ապա 2021 թ-ի վերջին ավելի քան 10% տնտեսական աճ կգրանցվի՝ 2020 թ-ի համեմատ։
Նախարարը կրկին հայտարարել է, որ դրա համար արդեն մի քանի նախագիծ է գործարկվել, մոտ ժամանակներս պլանավորվում է ևս մի քանի ծրագիր գործարկել։
Բացատրելով նախորդ՝ նահանջ տարում մեկ օր ավելի լինելու մասին իր խոսքերը, Քերոբյանն ասել է․
«Բանն այն է, որ մեկ օրն ամսվա մոտ 3%-ն է, այդ պատճառով էլ նահանջ փետրվարին ցուցանիշները կարող են սովորականից ավելին լինել։ Այդ պատճառով էլ, թեև մենք 5,3% անկում ենք ունեցել, պետք է հաշվի առնել ավելորդ օրը։ Եվ սա հաշվի առնելով՝ անկումն այնքան մեծ չէ, հետևաբար՝ մենք մոտ ենք վերականգնմանը»։
Վիճակագրական կոմիտեի տվյալները
Վիճակագրական կոմիտեն հաղորդում է, որ, նախնական տվյալներով, 2021 թ-ի հունվար-փետրվարին տնտեսական անկման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 6,7%։
2021 թ-ի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրման ծավալը նվազել է 7,9%-ով՝ 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
2021 թ-ի հունվար-փետրվարին ծառայությունների ոլորտի ցուցանիշները 12,5%-ով ավելի ցածր են 2020 թ-ի հունվար-փետրվարի թվերից։
2021 թ-ի առաջին երկու ամիսներին աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտում, և միայն 1%՝ 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Մեկնաբանություն
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը համաձայն չէ նախարարի այն հայտարարության հետ, թե Հայաստանի տնտեսությունը «համարյա վերականգնվել է»․
«Դա, իհարկե, այդպես չէ։ Եթե համեմատենք օրացուցային ժամանակահատվածը, ապա դրանք սովորական օրեր չեն, այլ՝ աշխատանքային։ Իսկ 2020 և 2021 թթ-ի փետրվարին աշխատանքային օրերի թիվը նույնն է եղել։
Մյուս կողմից, -5,3% անկումը, հաշվի առնելով, որ անցյալ տարվա փետրվարին բավականին բարձր էր ցուցանիշը, այնքան էլ վատ ցուցանիշ չէ։ Այնպես որ, որոշակի վերականգնում տեղի է ունենում։
Հաշվի առնելով, որ նախորդ տարվա մարտից բացասական դինամիկա կար, լուրջ անկում կար սկզբից կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի հետևանքով, հետո՝ պատերազմի, ընդհանուր առմամբ, կառավարման որակի պատճառով, ապա այս տարի մեզ մոտ ցածր բազա է լինելու։ Հատկապես՝ 2020 մարտ-ապրիլից սկսած, և 21 թ-ի մարտ-ապրիլին մենք կտեսնենք աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
2021 թ-ի արդյունքում իրոք աճ է գրանցվելու։ Իմ նախնական գնահատականներով՝ 4-4,5%։
Ինչ վերաբերում է երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ նախարարի կանխատեսումներին, ապա այդպիսի նախադրյալներ չկան։ Նա իր ակնկալիքներում հիմնվում է կրկին ցածր բազայի արդյունքի վրա։ Եվ դա կլինի ոչ թե աճ, այլ՝ վերականգնում, և այն լիակատար չի լինի։ Լիարժեք տնտեսական վերականգնումը մի քանի տարի կտևի»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Նախարարի կանխատեսումներին Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերի մեծ մասը հեգնանքով է վերաբերվել։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Բռավո, սա ամենախորը և պրոֆեսիոնալ տնտեսական վերլուծություններից մեկն էր, որ կարդացել եմ վերջին ժամանակներս»։
«Իսկ եթե փետրվարը 30 օր ունենար, կարող էինք լրջորեն ավելի առաջ անցնել։ Ափսոս…»
«Ձեզ համբերություն եմ մաղթում։ Կարծում եմ, որ աճը կարող էր ավելին էլ լինել, եթե ստվերային ցուցանիշները ջրի երես դուրս բերվեին»։
«Դոլարի փոխարժեքին նայեք, շուտով մենք ընդհանրապես տնտեսություն չենք ունենա»։
«Սարսափելի բան եմ ասելու․ Հայաստանում տնտեսություն չկա, ինչպես նաև ողջ տարածաշրջանում։ Այսինքն՝ 10% աճի և անկման մասին խոսելիս խոսքը 500 հոգանոց մի գործող կամ մի փակ գործարանի մասին է, պայմանական ասած, իհարկե, որ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Սկզբից պետք է կառուցել տնտեսություն, և այստեղ շատ ու շատ աշխատանք է պահանջվում»։