Շինարարություն և կանեփի ցանք․ Հայաստանի տնտեսության զարգացման նոր ծրագիրը
Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման նոր ծրագիր է մշակել։ Դրանում առանձնահատուկ տեղ է հատկացվել գյուղատնտեսության և շինարարության զարգացմանը։ Ծրագիրը նախատեսում է նաև արտոնյալ վարկավորում կորոնավիրուսից տուժած բիզնեսի համար և աջակցություն խոշոր ներդրումային նախագծերին։
2021 թ-ի պետբյուջեի պակասորդը ծածկելու համար նախատեսված միջոցների թվում են 750 մլն դոլարի եվրաբոնդերի թողարկումը Հայաստանի կառավարության կողմից։ Եվրաբոնդերը պետությունը սովորաբար թողարկում է արտասահմանյան ներդրողներից երկար ժամկետով գումար փոխառելու հետաքրքրվածության պարագայում։
10 տարվա համար Հայաստանի թողարկած եվրաբոնդերը մեծ պահանջարկ են ունեցել։ Վարչապետն ու Կենտրոնական բանկի ղեկավարը սա բացատրում են Հայաստանի տնտեսական ապագայի նկատմամբ միջազգային ներդրողների վստահությամբ։
- Ճանապարհների բացում․ նոր հնարավորություններ Հայաստանի համա՞ր, թե՞ անվտանգության սպառնալիքներ
- Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն արևմտամետ քաղաքական գործիչ համարվում
Ի՞նչ է նախատեսում զարգացման ծրագիրը
«Ակնհայտ է, որ կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել էր Արցախի դեմ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին, բնակչության առողջության և անվտանգության համար լուրջ մարտահրավեր լինելուց բացի, դարձել են երկրի համար տնտեսական շոկի աղբյուր։ Արդեն հասանելի են պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ 2020 թ-ին տնտեսական անկումը գնահատվում է 7-8%», — կառավարության նիստին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Քանի որ բացասական դինամիկա է նկատվում տնտեսական բոլոր առանցքային ցուցանիշներով, կառավարությունը ստիպված է եղել առաջնահերթություններ, նոր նպատակներ որոշել և պլանավորել հակաճգնաժամային միջոցների նոր ծավալը։ Ծրագիրը հաշվարկված է դեռևս մինչև 2021 թ-ի հունիս։
Այն ուշադրությունը սևեռում է մի քանի ոլորտների վրա։ Դրանցից մեկը շինարարությունն է, ընդ որում, խոսքը հենց Երևանի կենտրոնում էլիտար բնակելի համալիրների մասին է, որտեղ, ենթադրաբար, ապրելու են բարձր եկամուտներով մարդիկ։
Բացի այդ, ծրագրում խոսվում է Հայաստանի տարբեր քաղաքներում խոշոր արևային կայանների շինարարության և գիտատեխնիկական կենտրոնների ստեղծման մասին։
Սակայն նոր ծրագրով չի ենթադրվում նախկինում հզոր այն ձեռնարկությունների վերականգնում, որոնք այժմ չեն աշխատում։
Ըստ Պետական վիճակագրական ծառայության՝ բոլոր ցուցանիշներով ընդհանուր անկման ֆոնին 2020 թ-ին ավելացել է միայն գյուղատնտեսության ՀՆԱ ծավալը։ Աճը մեծ չէ, բայց 2019 թ-ի համեմատ, այնուամենայնիվ, այն կազմում է 1,4%։ Եվ այժմ գյուղատնտեսությունում ենթադրվում է ավելացնել թանկ մշակաբույսերի, մասնավորապես՝ կանեփի ցանքը։
Կառավարությունը կսատարի նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացմանը։
«Եվս մեկ մեծ բլոկ է նոր ծրագիրը, որը նախատեսում է մեր կողմից որդեգրած այն քաղաքականության աջակցում, որ այսուհետ հնարավոր չէ Թուրքիայից որոշ տեսակի ապրանք ներկրել։ Եվ մենք աջակցելու ենք Հայաստանում նման ապրանքի արտադրությունը», — ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Եվրաբոնդեր․ ի՞նչ ծավալով և ի՞նչ տոկոսադրույքով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրաբոնդերի թողարկումն «ուժեղ դրական ազդակ» է համարում «տնտեսական տարվա մեկնարկի համար», քանի որ դրանք թողարկվել են երկրի պատմության մեջ ամենացածր տոկոսադրույքով՝ 3,8%․
«Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։ Երկրորդը, ըստ էության կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողերը վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»։
Վարչապետը հաղորդել է նաև, որ պահանջարկը շատ ավելի մեծ է եղել՝ շուրջ 3 մլրդ դոլարի սահմաններում, սակայն այս պահի դրությամբ կառավարությունը որոշել է ներգրավել ընդամենը 750 մլն դոլար։
Ինչո՞ւ է պահանջարկն այդքան մեծ
Հայաստանի պարտատոմսերի պահանջարկը երբեք այսքան բարձր չի եղել, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա այդ հետաքրքրությունը բացատրել է հետևյալ գործոններով․
- ներդրողների մոտ մեծ գումարներ են կուտակվել, և նրանք տեղ են որոնում ներդրումների համար,
- վերջին ամիսներին միջազգային ֆինանսական շուկաներում որոշակի բարելավում է եղել երկրի ռիսկերի գնահատման հարցում։
«Այսինքն՝ երկրի մակրոտնտեսական կայունության ընկալումը միջազգային ներդրողների կողմից միանշանակ է։ Սա ամենակարևոր մեսիջն է», — հայտարարել է ԿԲ ղեկավարը։