Հայաստանի վարչապետի տիկինն Ադրբեջանի առաջին տիկնոջը Ղարաբաղ է հրավիրել, բայց մի պայմանով
Հայաստանի վարչապետի տիկինը դիմել է Ադրբեջանի առաջին տիկնոջը միասին Ղարաբաղ այցելելու անսպասելի առաջարկով՝ ի պատասխան Տելեգրամ սոցիալական ցանցում Մեհրիբան Ալիևայի գրառմանը։
«Մեր միակ երազանքը միասին ղարաբաղյան շիկեստե [ադրբեջանական ժողովրդական մուղամ երգերի տեսանկներից մեկը] լսելն է ղարաբաղյան հողում», — դեկտեմբերի 2-ին գրել էր Ադրբեջանի առաջին տիկինը, որը նաև երկրի փոխնախագահն է։
Թեև հստակ հասցեատեր գրառումը չուներ, դրան դեկտեմբերի 4-ին արձագանքել է Հայաստանի վարչապետի տիկինը։
«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը», — հայտարարել է Աննա Հակոբյանը Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով միջազգային համաժողովին ելույթ ունենալիս։
Սակայն, ասել է նա, եթե Ալիևան նպատակ ունի գալու Արցախ և մուղամ լսելու պատերազմի միջոցով, «դա անկատար երազանք է մնալու»։
«Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք․․․ Այդ երազանքին հասնելու համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, դա խաղաղությունն է, դա Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և, որպես հյուր, փոխադարձ այցերն են», — հայտարարել է Աննա Հակոբյանը և հավելել, որ պատրաստ է պատասխան այցով Բաքվում լինել։
Աննա Հակոբյանի խոսքերին դեռ չի արձագանքել ոչ Մեհրիբան Ալիևան, ոչ էլ որևէ այլ պաշտոնական կառույց։
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի շփումների ակտիվացում
2019 թ-ի աշնանը կտրուկ ակտիվացել են հայ-ադրբեջանական երկկողմանի շփումները տարբեր մակարդակներում։
Նոյեմբերի 17-21-ը Հայաստանից երկու լրագրող և Ղարաբաղից մեկ լրագրող է այցելել Ադրբեջան, ինչպես նաև երեք ադրբեջանցի լրագրող է եկել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։
Վերջին անգամ հայ լրագրողները կազմակերպված ձևով Ադրբեջան են մեկնել 2001 թ-ին։
Դեկտեմբերի 4-ին, ըստ Հայաստանի վարչապետի հաղորդագրության, Բաքու էր մեկնել Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ TRASECA-ի 14-րդ նիստին, ինչպես նաև կառույցի 20-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու համար։ Սակայն պաշտոնական Բաքուն հայկական պատվիրակության այցի մասին տեղեկությունը դեռ ոչ հաստատել, ոչ էլ հերքել է։
TRASECA-ն համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է, որը հնագույն Մետաքսի մեծ ճանապարհի յուրօրինակ վերածնունդն է։
Վերջին անգամ Հայաստանի պաշտոնատար անձինք Բաքու են մեկնել 2017 թ-ին։ Բաքվում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի համաժողովին ներկա էին այդ պահի դրությամբ Հայաստանի արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Դեկտեմբերի 4-ին կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում են։ Այստեղ անցկացվում է ԵԱՀԿ նախարարական համաժողովը։ Այդ միջոցառման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ է անցել ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված հանրապետություն է Հարավային Կովկասում, որի բնակչության մեծ մասն էթնիկ հայեր են։ Լեռնային Ղարաբաղն իր հարակից տարածքներով հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 1991-1994թ-ի ռազմական գործողությունների ժամանակ։
Հակամարտությունը «սառեցված» է համարվում, սակայն զորքերի շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է, և մարդիկ են զոհվում։