Հայաստանի դատական համակարգի դեմ ակցիան ավարտվեց վարչապետի կոչից հետո
Թարմացում
12:00, մայիսի 20, 2019
Վարչապետի հայտարարությունը
Նշանակված ժամին վարչապետը հանդես է եկել դատական համակարգում իրավիճակի մասին հայտարարությամբ.
«Ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի վերջին մնացորդ, որտեղ մշտապես նախագծվել և իրականացվել են դավադրություններ մարդկանց դեմ… Ակնհայտ է, որ հանրությունը բացարձակապես չի վստահում դատական որոշումներին: Եվ ես դա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, որն իրավունք ունի հանդես գալ նրա անունից…»
Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կձեռնարկի իրական քայլեր դատական համակարգի առողջացման ուղղությամբ: Եթե դրա համար անհրաժեշտ լինի սահմանադրության մեջ փոփոխություններ, ապա դրանք կարվեն: Եթե դրա համար անհրաժեշտ լինի հանրաքվե անցկացնել՝ կանցկացվի:
Վարչապետը կետերով մատնանշել է հետագա գործողությունները, որոնք թույլ կտան ունենալ իրապես անկախ, և ոչ թե «խամաճիկային» դատական համակարգ.
- Բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն վեթթինգի [բարեհուսության ստուգում — JAMnews]: Այսինքն հանրությունը պետք է իրազեկված լինի դատավորների քաղաքական կապերի, նրանց ունեցվածքի, ինչպես նաև նրանց մասնագիտական և անձնական որակների, անցյալում նրանց գործունեության մասին:
- Պետք է հրաժարական տան կամ հեռացվեն բոլոր այն դատավորները, որոնք, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, որոշումներ են կայացրել խախտումներով:
- Բոլոր դատավորները, որոնք իրենք գիտակցում են, որ չեն կարող օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան:
- Երկու ամսվա ընթացքում պետք է ներդրվեն անցումային արդարադատության համար մեխանիզմներ, որոնք կառավարությունը մշակել է անցյալ 7-8 ամիսների ընթացքում:
- Խորհրդարանը պետք է անցկացնի օրենսդրական գործունեություն՝ անկախ դատական համակարգի ձևավորման համար:
Ելույթից հետո Փաշինյանը կոչ է արել համախոհներին դադաեցնել դատարանների մուտքերի շրջափակման ակցիան:
Ղարաբաղյան թեման
Վարչապետն անդրադարձել է նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Դատարաններն արգելափակելու և արդարադատության համակարգը շտապ բարեփոխելու որոշման ամբողջ իրավիճակը կապված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, որին դատարանը մայիսի 16-ին ազատ է արձակել կալանքից: Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացնելիս հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի նախկին և գործող նախագահների երաշխավորությունը: Նրանք դիմել էին դատարանին՝ խնդրելով ազատ արձակել իրենց ընկերոջը, հայրենակցին և Ղարաբաղի առաջին նախագահին:
Միաժամանակ, Փաշինյանի կառավարությունն իր գլխավոր ձեռքերումներից մեկն է համարում էայն, որ Քոչարյանը և որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ քրեական պատասխանատվության են ենթարկվել: Այդ մասին վարչապետը հայտարարել էր պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիսում:
• 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ վարչապետից
Դատարանն այժմ որոշում է կայացրել նախկին նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միայն. «մարտի 1-ի» քրեական գործը, որով նա անցնում է որպես մեղադրյալ, շարունակվում է:
Սակայն իր հայտարարության մեջ Փաշինյանը կոչ է արել Ղարաբաղի ժողովրդին մերժել այն ուժերին, որոնց գործունեությունն ուղղված է «մեր ժողովրդի երկու հատվածների միջև» տարաձայնություններ և հակասություններ սերմանելուն:
«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։ Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց ներխմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:
Արձագանքը վարչապետի կոչին
Բարձրագույն դատական խորհուրդը, փաստաբանների պալատը, մարդու իրավունքների պաշտպանը, «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը կոչ են արել վարչապետին վերանայել իր որոշումը։ Մասնավորապես, օմբուդսմենի հայտարարության մեջ ասվում է․ Հայաստանում արգելվում է ցանկացած միջամտություն դատարանների աշխատանքին և արդարադատությանը, ստեղծված իրավիճակը կարող է վտանգավոր լինել իրավական համակարգի անվտանգության և կայունության համար։ Կուսակցությունները Փաշինյանի գործողությունները որակել են որպես դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ։
Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ժողովրդին՝ հորդորելով զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ բռնություն։
Դատարանի ներկայացուցչի հայտարարությունը
Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդանյանը դատավորներից առաջինն է արձագանքել՝ հայկական լրատվամիջոցներին ասելով.
«Պաշտոնապես հայտարարում եմ` անկախ նրանից ինչ որոշում էլ կկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկակացնել: Ավելին` ես պատրաստ եմ ազատվելուց հետո իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել եւ օգնել նոր դատական իշխանության կայացման հարցում»:
8:30 2019 թ-ի մայիսի 20
Վարչապետի հայտարարած ակցիան սկսվել է՝ չնայած Երևանում տեղացող ուժեղ անձրևին։
2019թ-ի մայիսի 19
Փաշինյանը դատական համակարգի հետ կապված իրավիճակի մասին հայտարարություն է նախապատրաստում․ ակնհայտ է, որ նրա գործողությունները կապված են Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանի վճռի հետ։
Հայաստանի բոլոր դատարանների շենքերն արգելափակելու կոչով մայիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Առավոտյան ժամը 08.30-ից [2019թ-ի մայիսի 20] արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին [2019թ-ի մայիսի 20] իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»։
Այս գրառումից հետո Փաշինյանն ուղիղ եթեր է մտել և խոսել նախանշված ակցիայի մասին, իր կողմնակիցներին զսպվածության կոչ արել։
Վարչապետը չի բացատրել, թե ինչի է ուզում հասնել և ինչու է մարդկանց կոչ անում կրկին փողոց դուրս գալ։ Նա միայն հայտարարել է, որ համաժողովրդական աջակցություն է ակնկալում։
Ի՞նչ է կատարվում
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է դատական համակարգի առնչությամբ մարդկանց դժգոհությանը։ Խոսքն ակնհայտորեն բողոքի ակցիաների մասին է, որոնք Երևանում անցկացվել են շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։ Դրանց մասնակցում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն դեմ քաղաքացիները։
• Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից
• 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ վարչապետից
Մայիսի 18-ին դատարանը հրապարակել է Քոչարյանի գործով իր որոշումը։ Նա ավելի քանի հինգ ամիս կալանքի տակ էր սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև 3 մլն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով։
Դատարանը որոշում է կայացրել փոխել Քոչարյանի խափանման միջոցը՝ նրան ազատ արձակելով Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ։ Նրանք դատարանին այդ մասին երաշխավորագիր էիմ ներկայացրել և յուրաքանչյուրը 500 հազար դրամ վճարել ։
Քոչարյանի գործը
Քոչարյանի մեղադրանքը վերաբերում է 2008թ-ի իրադարձություններին։
Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիների ցույցը ցրելիս զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել, այդ թվում՝ իրավապահ մարմինների երկու ներկայացուցիչ։
Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Քոչարյանը։
Ակցիային մասնակցում էին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նրանք վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին, սակայն նա դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։
«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել 2018թ-ի գարնանը տեղի ունեցած հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։
Արդյունքում՝ 2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։
Հուլիսի 28-ին նա առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։
Այնուհետև՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։
2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։
Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իր գործը վենդետա է, և Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են վրեժ լուծել իրենից։
Ինչո՞ւ է Քոչարյանն իր կալանքը քաղաքական պատվեր համարում
Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։
2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։
Նախագահի կոչը
Վարչապետի կոչից հետո Հայաստանի նախագահի կայքում հայտնվեց նրա ուղերձը երկրի բնակիչներին․
«Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մոտ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը․․․
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական և քաղաքական դիրքից, պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»: