Հայաստանի «սև ոսկին»։ Ինչպե՞ս կարող է պղինձն օգնել հայկական տնտեսությանը
Հայաստանում քննարկվում են տնտեսական ճգնաժամի հաղթահարման եղանակները, այդ թվում՝ պղնձի առկա պաշարների օգտագործումը։
Goldman sachs հեղինակավոր ամերիկյան ներդրումային բանկը պղնձի գների կանխատեսում է հրապարակել, որում մետաղն անվանել է 21-րդ դարի «սև ոսկի», և 2025 թ-ի համար դրա մեկ տոննայի արժեքը կանխատեսել 15 հազար դոլար։
Այժմ արդեն պղնձի գները հատել են 10 հազար դոլարի սահմանները։ Վերջին մեկ տարում այս մետաղը թանկացել է ավելի քան 100 տոկոսով։ Սա որոշակի հույսեր է ներշնչում պղնձի խոշոր պաշարներով երկրներին, որոնց թվում է նաև Հայաստանը։
Երկիրը շահագործում է մի քանի հանքավայր, որոնցից ամենախոշորը հարավում է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկատուն է, իսկ պղինձն առաջին տեղն է զբաղեցնում արտահանվող ապրանքների ցանկում։
Երկրում առկա պաշարների գնահատում, արդյո՞ք Հայաստանը կարող է մաքուր պղինձ արտահանել, արդյո՞ք երկրում հնարավոր է կազմակերպել պղնձի վերամշակման լիարժեք ցիկլ, և ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ դրա համար։
- Հայաստանում կյանքը թանկանում է․ վիճակագրական կոմիտեն հաշվարկել է, թե որքանով
- «Պատրաստված է Հայաստանում»․ տեղական արտադրողների պայքարը՝ սեփական շուկայում տեղ ունենալու համար
- Ռազմագերիների հարցն ու Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությունը․ Պուտին-Փաշինյան բանակցությունները Մոսկվայում
Որքա՞ն պղնձի պաշար ունի Հայաստանը
Եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պղնձի արդյունահանման տեմպերը պահպանվեն, Քաջարանի հանքավայրի պաշարները, որն այն արդյունահանում է, 120 տարի կհերիքեն։
Մասնագետների գնահատականով՝ հանքում շուրջ 20 մլրդ տոննա միներալ կա, որում պղնձի մասնաբաժնը կազմում է 0,25 տոկոս։
Հարստացումից հետո հանքանյութ է ստացվում՝ պղնձի 25-27 տոկոս պարունակությամբ։ Հենց այդ տեսքով էլ Հայաստանն արտահանում է պղինձը։
Երկրորդ խոշոր հանքը Թեղուտն է՝ երկրի հյուսիսում։ Դրա պաշարները 40 տարի կհերիքեն, իսկ պղնձի պարունակությունն ավելին է, քան հարավում՝ շուրջ 35 տոկոս։ Սա այն դեպքում, եթե աշխարհում, ընդհանուր առմամբ, այս ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը։
Եվ մի քանի հանքավայր կա, այդ թվում՝ Արցախում, սակայն արդյունահանման ծավալները դեռևս համեմատելի չեն Քաջարանի և Թեղուտի հետ։
Մասնագետները նշում են, որ երկրի երկրաբանությունը բավականաչափ ուսումնասիրված է, և հազիվ թե նոր հանքավայրերի հայտնաբերման հույս լինի։ Սակայն նույնիսկ այս պաշարները Հայաստանը դարձնում են պղնձի խոշոր արտահանող և երկրին թույլ են տալիս զգալի միջոցների հոսքի հույս ունենալ։
Ինչո՞ւ է պնղձի գինը շարունակելու աճել
Պղնձի գների կտրուկ աճը սպեկուլյատիվ բնույթ չի կրում, ինչպես նախկինում։ Պղնձի շուկայի ներկայիս փոփոխությունները մասնագետները բացատրում են պահանջարկի և առաջարկի հարաբերակցության զգալի անհամապատասխանությամբ։ Պարզ ասած, միջազգային շուկայում այս մետաղը գնել ցանկացողների թիվն ավելին է, քան պղնձի քանակը։
Տարբեր երկրներում հանքավայրերի հետազոտությունն ապացուցում է այս երևույթի ոչ պատահական լինելը, նշում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը․
«Վերջին 30 տարում ողջ աշխարհում շահագործման է հանձնվել շուրջ 200 խոշոր հանքավայր։ Վերջին 10 տարում՝ ընդամենը 10-15-ը։ Վերջին հինգ տարում սկսել են շահագործել միայն մեկ հանքավայր»։
Սա թույլ է տալիս եզրակացություն անել, որ շուկայում պղնձի մասնաբաժինը շարունակելու է նվազել կամ, ծայրահեղ դեպքում, ներկայիս մակարդակին մնալ։ Դրան զուգահեռ՝ կանխատեսվում է պահանջարկի սրընթաց աճ ողջ աշխարհում։
Պղնձի պահանջարկն աճում է, քանի որ այդ մետաղն օգտագործվում է երկու հետևողականորեն զարգացող ոլորտներում՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների արտադրությունում և այլընտրանքային էներգետիկայում։
«Արևային էներգետիկայի արտադրությունն այսօր պահանջում է երկու-երեք անգամ ավելի շատ պղինձ։ Էլեկտրական մեքենաների արտադրությունը՝ չորս անգամ շատ։ Միտումն այն է, որ գները շարունակելու են աճել։ Արդյո՞ք կհասնեն 15 հազարի, դժվար է ասել։ Սակայն Հայաստանը կարող է ակնկալել զգալի դիվիդենդների հոսք», — կարծում է Արմեն Քթոյանը։
Արդյո՞ք հնարավոր է արտադրանքի լիարժեք ցիկլ ապահովել
Հայաստանում պղնձի գների կտրուկ բարձրացման ֆոնին ամենաբարձր մակարդակում սկսել են խոսել պղնձի հանքանյութի վերամշակման և պղնձաձուլարանի բացման հնարավորությունների մասին։ Նման արտադրություն երկրում իրականացվել է խորհրդային տարիներին և գոյություն է ունեցել անկախանալուց հետո որոշ ժամանակ, Ալավերդի քաղաքում։
Սակայն բնապահպանական խնդիրների պատճառով այն ստիպված են եղել փակել։ Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ առանց աշխատանքի են մնացել, իսկ Ալավերդի քաղաքը կորցրել է միջոցների միակ զգալի աղբյուրը։
«Հայաստանում այսօր չկա պղնձի վերամշակման լիարժեք ցիկլ։ Սակայն այն պաշարները, որոնք ունի երկիրը, մեզ թույլ են տալիս պղնձաձուլարան ունենալ։ Պաշարները կհերիքեն մինչև 100 հազար տոննա պղնձի արտադրության համար», — հայտարարում է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային մետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։
Հայաստանում նման հնարավորության մասին խոսակցությունները վաղուց են սկսել շրջանառվել։ Կառավարությունը պաշտոնապես բանակցություններ էր վարում, և խոսվում էր չինացի ներդրողների հետաքրքրվածության մասին։ Սակայն հստակ քայլերի դա չհասավ։ Ինչո՞ւ։
Պղնձի արտադրության լիարժեք ցիկլի կազմակերպումը հղի է որոշ բարդություններով, որոնք Հայաստանի դեպքում փաստացի անհնար է լուծել առանց պետության ակտիվ մասնակցության։
Առաջինը բնապահպանական խնդիրն է։ Այս մետաղի վերամշակման հետևանքով մեծ քանակությամբ ծծմբաթթու է արտադրվում, որը կամ պետք է հավաքել, կամ մթնոլորտ արտանետել։
Երկրորդ դեպքում անխուսափելի է բնապահպանական աղետը, այնպես որ, պղնձաձուլարանները ստիպված են հավաքել և վերամշակել նաև ծծմբաթթուն։
«Ծծմբաթթուն պետք է հավաքել և մտածել դրա իրացման մասին։ Մենք դրա համար շուկա չունենք», — նշում է Արմեն Քթոյանը։
Դրա իրացման համար հատուկ նյութերից ցիստերններ են պետք և կարգավորված երկաթուղային տրանսպորտային շղթա, որպեսզի վթարների ռիսկեր չլինեն։ Այս ամենը պղնձի վերամշակումն ավելի է թանկացնում։
Երկրորդ տարբերակը տեղում ծծմբաթթվի վերամշակման կազմակերպումն է, սակայն դա լրացուցիչ ներդրումներ է պահանջում։
Ի՞նչ մասշտաբի ներդրումներ են պետք
Բնապահպանական բաղադրիչից զատ՝ լիարժեք ցիկլի կազմակերպումը նույնպես զգալի ներդրումներ է պահանջում։ Տարբեր տվյալներով՝ խոսքը 400 մլն դոլարի մասին է։ Որպեսզի ներդրողները հետաքրքրվեն նախագծով, անհրաժեշտ են պետության կողմից որոշակի երաշխիքներ, նախևառաջ՝ հումքի ապահովման հարցում։
«Մեզ մոտ կոմբինատները մասնավոր են։ Պղնձաձուլարան կարելի է բացել միայն այն դեպքում, եթե կոմբինատները համաձայնեն իրենց ողջ հումքը գործարանին տալ։ Այլապես, հնարավոր չի լինի ապահովել 100 հազար տոննա պղնձի արտադրություն։ Իսկ դա անհրաժեշտ նվազագույն ծավալն է, որի ապահովման դեպքում միայն շահեկան է այդպիսի գործարան բացելը»,- պարզաբանում է Արմեն Հովհաննիսյանը։
Սակայն դժվարությունները գրավչությունից չեն զրկում երկրում պղնձի վերամշակման լիարժեք ցիկլի կազմակերպման հեռանկարը։
Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ հզորությունը թույլ է տալիս մեծ շահույթ ունենալ։
«Եթե Հայաստանը վերջին մեկ տարում արտահանել է 650 միլիոնի պղնձի հանքանյութ, ապա մաքուր պղնձի ստացման և հետագայում դրա արտահանման դեպքում այդ գումարը կրկնակի ավելի կլիներ», — համոզված է Արմեն Քթոյանը։
Հանքարդյունաբերության դերը տնտեսությունում
Չնայած այս ոլորտը բարեփոխելու և առավել խնդրահարույց հանքավայրերի շահագործումից հրաժարվելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հայտարարություններին՝ հանքարդյունաբերությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի տնտեսությունում։ Դրա մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում տատանվում է 2,8-ից մինչև 3,2 տոկոս։
Համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքների պայմաններում հայկական տնտեսությունը չի կարող հրաժարվել գործող երկու հանքերից և մտադիր է լինելու նորերը բացել, կարծում են մասնագետները։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հենց այս համատեքստում նշում է Հայաստանում պղնձաձուլական գործարանի բացման կարևորությունը, սակայն՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Դա երկրին թույլ կտա լրացուցիչ արժեք ստեղծել մաքուր պղնձի արտադրության և նոր աշխատատեղերի ստեղծման տեսքով․
«Մեզ պետք է այնպիսի հանքարդյունաբերություն, որի ուսումնասիրման դեպքում բոլորի համար պարզ կլինի՝ արդյունահանումն իրականցվում է հանուն քաղաքացիների բարեկեցության, այլ ոչ թե մի քանի մարդու հարստացման համար։ Դա բնապահպանական առումով մաքուր հանքարդյունաբերությունն է՝ իհարկե, արտադրության լիարժեք ցիկլով»։