Հայաստանի նոր կառավարություն vs Ռուսաստան և Արևմուտք
Հայկական «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս է անցել: Երկիրը ղեկավարում է նոր վարչապետը, որը նախկին համակարգից չէ, և նոր, երիտասարդ ու ակտիվ կառավարությունը, որը նման չէ Հայաստանը ղեկավարած ոչ մի այլ կառավարության:
Ի՞նչ է արդեն փոխվել Հայաստանում՝ և երկրի ներսում, և արտաքին աշխարհի՝ նախևառաջ Ռուսաստանի և Արևմուտքի հետ նրա հարաբերություններում:
Գրոհ՝ կոռուպցիայի դեմ
Նոր կառավարության մեկ ամսվա աշխատանքի ընթացքում բացահայտվել է միանգամից մի քանի կոռուպցիոն սխեմա:
Դրանք արմատավորվել էին կյանքի բոլոր ոլորտներում և, ինչպես պարզվում է, աջակցություն էին ստանում և կառուցվում բարձրագույն մակարդակում ունեցած ստվերային պայմանավորվածությունների հիման վրա:
Այդպիսի հակակոռուպցիոն առաջին գրոհի օբյեկտ է դարձել մաքսատունը, որը երկար տարիներ Հայաստանում բոլոր մենաշնորհների համար հիմք և շարժիչ ուժ է եղել:
Մեկ այլ նպատակակետ դարձան ապօրինի հարստացման և հարկերից խուսափելու սխեմաները:
Յուրաքանչյուր այդպիսի սխեմա կառուցված էր օլիգարխիայի և իշխող Հանրապետական կուսակցության միջև պայմանավորվածության վրա: Արդյունքը տնտեսական առաջատար ճյուղերում մի քանի ընկերությունների լիակատար մենաշնորհն էր դարձել:
Ռուսական օրակարգի մերժում
Նոր կառավարության հակակոռուպցիոն որոշումների մի մասն ակնհայտ խոսում է Հայաստանի տնտեսությունում ռուսական կողմնորոշման փոփոխման մասին:
Ամենաաղմկահարույց օրինակը «Տաշիր կապիտալ» ընկերության հետ պայմանագրից հրաժարվելն էր, որը պատկանում է ծագումով ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին՝ Ֆորբսի վարկածով Ռուսաստանի «անշարժ գույքի թագավորներից» մեկին:
Վերջին երկու տարում Սամվել Կարապետյանը դարձել էր էլեկտրաէներգիայի հայկական շուկայում բացարձակ մոնոպոլիստ.
2015 թ-ին նա գնեց «Հայաստանի էլեկտրացանցերը», 2017թ-ին հավատարմագրային կառավարման ստացավ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերը»:
Հայաստանում և ոչ միայն Հայաստանում խոսում էին, որ Մոսկվան փաստացի Հայաստանն է հավատարմագրային կառավարման հանձնել «իր» միլիարդատիրոջը:
Ի հաստատումն դրա ընկալվեց 2016թ-ին Հայաստանի վարչապետի պաշտոնում ռուսական «Գազպրոմի» թոփ-մենեջեր Կարեն Կարապետյանի նշանակումը: Հատկապես, որ, ըստ փորձագետների և հասարակության կարծիքի, նա Սամվել Կարապետյանի «հովանավորյալն» էր:
Այս բոլոր գործընթացները կատարվում էին այն փուլում, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր:
Գրեթե բացարձակ իշխանությամբ օժտված վարչապետ դառնալու անհաջող փորձից հետո Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ: Գրեթե միաժամանակ կառավարությունը լքեց «Ռուսաստանի ներկայացուցիչ» Կարեն Կարապետյանը:
Հայաստանում թավշյա հեղափոխությունը նախկին պայմանավորվածությունների վերաքննում է, այդ թվում՝ հայ-ռուսական: Սամվել Կարապետյանն, ըստ ամենայնի, նոր պայմանավորվածություններում ներառված չէ:
Մ
եծ վերաքննումը չի կարող շրջանցել ռուսական կապիտալով այլ ընկերությունները նույնպես, որոնց պատկանում են Հայաստանի ռազմավարական օբյեկտները:
Արդեն, օրինակ, բացահայտ խոսում են երկաթուղու համակարգում տիրող ոչ ադեկվատ իրավիճակի մասին: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ձեռնարկությունը, որը պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությանը, անվճար օգտվում է հայկական երկաթուղուց: Նրան, հավանաբար, հիմա կստիպեն վճարել:
Ռուսական կապիտալով ևս մեկ ընկերություն՝ «Գեոպրոմայնինգը», նույնպես լուրջ խնդիրների է բախվել Հայաստանում:
«Գեոպրոմայնինգը» զբաղվում է Սոթքի ոսկու և Ագարակի պղնձամոլիբդենային հանքերի շահագործմամբ: Վերջերս ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական կապիտալի հանդեպ «ազգայնական մոտեցում» է կիրառվում:
«Ազգայնականություն» էր համարվել, ըստ ամենայնի, հարկերը վճարելու և օրենքը պահպանելու պահանջը:
Եվ վերջապես, կարող է անդրադարձ լինել նաև ռուսական հսկա «Գազպրոմի» շահերին: Քննարկումներ են գնում, և, հավանաբար, Հայաստանում կնվազեցվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները:
Ռուսաստան և Հայաստան. անհարմար իրավիճակ հեղափոխությունից հետո
Չնայած ռուսական մոնոպոլիստներից շուկայի «մաքրմանը», Հայաստանի նոր կառավարությունը հստակ ուղերձներ է հղում, որոնք հաստատում են Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը:
Դրանցից ամենագլխավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահ հայտարարություններն են, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:
Հայաստանի ղեկավարությունն ակնհայտ շնորհակալ է Ռուսաստանին «թավշյա հեղափոխության» փուլում «չմիջամտելու» համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սոչիում մայիսի 17-ին երկու կարևոր արդյունք ունեցավ:
Առաջինը «ՏՈՌ» հրթիռային համալիրների սպասվող մատակարարման մասին տեղեկատվությունն է:
Երկրորդը Ռուսաստանի համաձայնությունն է Վրաստանի հետ քննարկելու Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով [Վրաստանի շրջաններ, որոնք միակողմանի կերպով հայտարարել են անկախանալու մասին, այդ անկախությունը ճանաչել է Ռուսաստանն ու ՄԱԿ-ի ևս 4 անդամ երկիր: Վրաստանն ու միջազգային լայն հանրությունը սատարում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը — JAMnews]:
Սակայն այս երկու կարևոր արդյունքների համատեքստն այնուամենայնիվ բավականին երկիմաստ է:
Բառացիորեն Փաշինյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո Սիրիան հանկարծակի ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Տարածաշրջանում ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանն է «խնդրել» Սիրիային նման քայլ անել: Վրաստանում տեղի ունեցած սկանդալի ֆոնին պարզ դարձավ, որ երկրորդ կետի վերաբերյալ ոչինչ չի ստացվի. առևտրային միջանցքները հետաձգվում են:
Բացի այդ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որը բանակցություններ է վարում Վրաստանի հետ, վերջերս հայտարարել է «ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի խորացող համագործակցության վերաբերյալ Մոսկվայի լուրջ մտահոգության մասին»:
«Անդրկովկասի «ռազմական յուրացումն» արտատարածաշրջանային ուժերով ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար… Այս իրավիճակում ռուսական կողմն իրավունք ունի ադեկվատ միջոցներ ձեռնարկել իր և իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար», — ասել է նա:
Ինչպե՞ս է Ռուսաստանը մտադիր «ամրապնդել անվտանգությունը»: Արդյո՞ք «ՏՈՌ»-երի մատակարարումը Հայաստանին Ռուսաստանի պատասխանն է ՆԱՏՕ-ի էքսպանսիային:
Սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է վստահաբար հայտարարել, որ ոչ մի ճնշում չի խանգարի Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը՝ հավանաբար նկատի ունենալով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները:
[pullquote align=”right”]Արդյո՞ք «ՏՈՌ»-երի մատակարարումը Հայաստանին Ռուսաստանի պատասխանն է ՆԱՏՕ-ի էքսպանսիային:[/pullquote]
Ավելին, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հետաքրքրությամբ հետևում էին մայիսի 9-ին Մոսկվայում կայացած շքերթին, որտեղ նոր ռազմական մշակումներ էին ներկայացված: Դա գնահատվեց որպես Հայաստանի հետաքրքրվածություն ռուսական նոր ռազմավարական զինամթերքով:
Ա յնուամենայնիվ, Ռուսաստանում անհանգստացած են ռազմավարական դաշնակցի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի հնարավոր վերանայման հնարավորությամբ: Ռուսաստանին անհանգստացնում է նաև Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը ղարաբաղյան կարգավորման հարցում:
Մայիսի 8-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը վարչապետի պաշտոնում նրա ընտրվելուց անմիջապես հետո այն մասին, թե Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների մաս և իր շահերը պաշտպանի, բառացիորեն փլուզել է ղարաբաղյան կարգավորման 20-ամյա հայեցակարգը:
Հունիսի 7-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Եվ հիմնական հարցերից մեկն, ըստ ամենայնի, կլինի ղարաբաղյան հարցում Հայաստանի նոր դիրքորոշումը:
Ի դեպ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախկինում բազմիցս պնդել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվեն, հիմա ասում է, որ փոխել է իր կարծիքը: Եվ այժմ արդեն որպես իշխանության ներկայացուցիչ նա կողմ է հանդես գալիս Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին:
Նոր կառավարության այսպիսի հռետորաբանությունը մարդկային առումով հասկանալի է. Կրեմլի հետ հարաբերությունները հիմա փչացնելը կարող է վտանգավոր լինել:
Սակայն միջազգային փորձագետները զգուշացնում են Հայաստանի նոր կառավարությանը: Մասնավորապես, Բայդենի կենտրոնի տնօրեն, ԱՄՆ պաշտպանության երկրորդ նախկին փոխնախարար Մայքլ Քարփենթերը կարծում է, որ Կրեմլը անելու է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա, որ Հայաստանում ժողովրդավարություն հաստատվի.
«Հայաստանի վրա դրսից մեծ ճնշում կլինի: Այն չի նկատվի «Փաշինյանը հանդիպել է Պուտինին» մակարդակում: Ճնշումը կուլիսների հետևում կլինի, այն կշշնջան մեջքից: Շատ հեռուն մի գնացեք, մի մոռացեք Հայաստանում Ռուսաստանի շահերի մասին: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ դժվար կլինի հաջողության հասնել, բայց չեմ կարծում, որ դա անհնար է: Կարծում եմ, որ հնարավոր է առաջընթաց գրանցել և ցանկանում եմ դա նրանց»:
Հ ամատեքստին սրություն էր հաղորդում Հայաստանի վարչապետի այցը Վրաստան մայիսի 30-31-ին:
Դա նրա առաջին պաշտոնական այցն էր: Եվ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը բացահայտ խոսեց երկու երկրների միջև ամենանուրբ հարցի՝ Ջավախքի շրջանի մասին:
Վրաստանում բավականին սուր է քննարկվում այդ շրջանում անջատողականության հարցը: Հնարավոր է, այդ պատճառով է, որ Հայաստանի ղեկավարները Վրաստան ժամանելիս չէին այցելում այդ շրջան նման թվացյալ կամ իրական տրամադրությունների կասկածներ չհարուցելու համար:
Սակայն Նիկոլ Փաշինյանը հանդիպեց շրջանի հայկական գյուղերի բնակիչներին և փաստացի հայ-վրացական հարաբերությունների նոր ֆորմուլա առաջարկեց:
«Վրաստանը, վրացի ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում դավադրություն, սադրանքներ չկան վրացի ժողովրդի և Վրաստանի դեմ:
Հայ ժողովուրդն ու Հայաստանը նույնպես պետք է համոզված լինեն, որ վրացի ժողովրդի գործողություններում հայ ժողովրդի և Հայաստանի դեմ դավադրություն և սադրանքներ չկան»:
Արևմտյան օրակարգը
Այստեղ մի քանի խոստումնալից իրադարձություններ կան: Թվարկենք դրանցից մի քանիսը.
- Հունիսի 1-ին ուժի մեջ մտավ (ժամանակավոր հիմունքներով) Հայաստանի հետ Եվրահանձնաժողովի ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
- Եվրախորհրդարանը կոչ արեց ավելացնել աջակցությունը Հայաստանում նախատեսվող բարեփոխումներին:
- Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ասաց, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին աջակցելու պլաններ է դիտարկում: Մասնավորապես, երկիրը, հնարավոր է, կրկին հրավիրեն մասնակցելու «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծին: Դա քննարկվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ձևավորվել է Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին, և Հայաստանը դարձել է այդ նախագծի առաջին մասնակիցներից մեկը: 5 տարվա ընթացքում երկիրը պետք է ստանար 235մլն դոլար տարբեր նախագծերի համար:
Սակայն 2008թ-ի նախագահական ընտրություններից և մարտի 1-ից հետո [ցույցը ցրելիս, որի մասնակիցներն ընտրությունների արդյունքները կեղծված էին համարում, 10 մարդ էր զոհվել — JAMnews] համարվեց, որ Հայաստանը շեղվել է ժողովրդավարական ճանապարհից, և երկիրը չստացավ վերջին 70 միլիոնանոց տրանշը:
Եվ ԱՄՆ-ն, և Եվրամիությունը լավ գիտեն, թե ինչպիսի հսկայական գումարներ էին փոշիանում Հայաստանում: Նրանք բազմիցս քննարկել են իշխանությունների հետ կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժումը, հստակ պահանջներ են դրել և, ասում են, նույնիսկ հստակ կոռուպցիոներների ցուցակներ են ներկայացրել:
Սակայն ոչինչ չէր փոխվում:
Հայաստանի նոր կառավարությանը կարիք չկա այդպիսի ցուցակներ ներկայացնել: Մնում է հասկանալ միայն, թե որքանով է այն պատրաստ արդյունավետ կառավարել ներքին ռեսուրսները: