Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կազատվի կալանքից
Վերաքննիչ դատարանը վճռել է բավարարել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ։
Դատավոր Արսեն Նիկողոսյանը Հայաստանի համար աննախադեպ բարձր գրավ է սահմանել՝ 2 մլրդ դրամ։
Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13–ին որոշել էր չփոփոխել կալանավորված Քոչարյանի խափանման միջոցն ու նրան ազատ չարձակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ։
- Ինչի՞ համար են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
- Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին առաջարկել է բանտից ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Փաստաբանների բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում երեք օր է տևել։ Փաստաբաններն ընդգծել են նախկին նախագահին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի պրոֆեսիոնալիզմն ու բարձր վարկանիշը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այսպես կոչված «Մարտի 1»–ի գործով։ 2018 թ–ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։ Խոսքը 2008 թ–ի մարտին նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների ցույցը ցրելու մասին է։ Այն ժամանակ Երևանում մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։
«Թավշյա» հեղափոխությունից հետո 2018 թ–ի գարնանը Հայաստանի նոր կառավարությունը վերսկսեց այդ իրադարձությունների առնչությամբ իրավական գործընթացները, և առաջին մեղադրյալներից մեկն էր Ռոբերտ Քոչարյանը։
Առաջին անգամ նա այս գործով կալանավորվել էր 2018 թ–ի հուլիսի 28–ին։ Նախկին նախագահի փաստաբանները բազմիցս փորձել էին դատարանին համոզել փոփոխել խափանման միջոցը։ Մինչ այս երկու անգամ նրանց դա աւդեն հաջողվել էր։ Վերջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2019 թ–ի հունիսի 25–ին։
Այս պահին Ռոբերտ Քոչարյանը բուժվում է երևանյան հիվանդանոցներից մեկում։ Գրավի վճարումից և բուժման ավարտից անմիջապես հետո նա կարող է տուն վերադառնալ։