Հայաստանի հյուրատների ֆենոմենը․ ջերմ միջավայրը հաղթում է բարձրակարգ հյուրանոցներին
Հայաստանի հյուրատները՝ մրցակից հյուրանոցներին
Եղանակային պայմաններն այս տարի ամռան շրջանում նպաստավոր չէին Հայաստանի մարզերում երկարատև հանգիստ պլանավորելու համար: Շաբաթ-կիրակի օրերից զատ հյուրանոցներում միշտ ազատ սենյակներ կային և անգամ գնիջեցումներ:
Ներգնա տուրիզմի մասնագետ Աստղիկ Սերոբյանն ասում է, նախորդ տարվա համեմատ 2024թ-ը պասիվ էր։ Հիմնական հաճախորդները սոցփաթեթի շահառուներն էին և արտասահմանցի հյուրերը:
«Անձրևային եղանակի պատճառով մարդիկ նախընտրում էին հանգիստը վայելել տաք և ծովափնյա երկրներում: Տեղական հյուրանոցները միայն որոշ օրերի էին ծանրաբեռնված, երբ հյուրեր ներգրավելու համար որևէ հատուկ իվենթ էին պլանավորած լինում: Մնացած օրերին հոսքը թեթև էր: Չորս և ավելի հանգստացողների համար էլ միշտ զեղչեր էին առաջարկում»,- ասում է Աստղիկը:
Բացատրում է, որ հյուրանոցային բիզնեսը նահանջ է արձանագրել նաև այն պատճառով, որ հանրապետության տարածքով մեկ լուրջ մրցակիցներ են հայտնվել՝ հյուրատները: Ի տարբերություն հյուրանոցների՝ հյուրատներն անհամեմատ ավելի էժան են։ Միաժամանակ առաջարկում են ավելի ինդիվիդուալ հանգիստ, շփում տեղացիների հետ՝ ում դա հետաքրքիր է, նաև տեղական առանձնահատուկ խոհանոց:
- Ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել Հայաստան, թեև պետական ֆինանսավորումն ավելացել է
- Աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ՀՀ-ում զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ․ կարծիք Երևանից
- Ագրոհեղափոխություն Հայաստանում։ Ի՞նչ է դա նշանակում՝ երկու գյուղի օրինակով
Ինչպե՞ս հյուրատները լուրջ մրացկից դարձան
«Այս տարի շատերն ուղղակի կապ էին հաստատում ինձ հետ՝ ճշտելու, օրինակ, ինչ հյուրատուն կառաջարկեմ Աչաջուրում կամ Գորիսում և այլն: Թե ինչու՝ հյուրատուն, պատասխանում էին՝ ուզում են մի քանի օր հանգստանալ խաղաղ միջավայրում, շփվել համայնքի մարդկանց, հյուրատան աշխատակիցների հետ: Եվ, իհարկե, վճարել ավելի քիչ»,- պատմում է ներգնա տուրիզմի մասնագետը Աստղիկ Սերոբյանը:
Ըստ նրա, առաջիկա տարիներին հյուրատների հանդեպ հետաքրքրությունն ավելի կմեծանա.
«Ավելի շքեղ հանգիստ նախընտրողները հիմնականում երկրից դուրս են փնտրում առաջարկներ: Այս իրավիճակում, որպեսզի հյուրանոցները կարողանան աշխատել կա՛մ պետք է վերանայեն գները, կա՛մ պետք է հյուրերին հատուկ առաջարկելու բան ունենան՝ օրինակ, մանկական ծրագիր, բացօթյա համերգներ, զվարճակի խաղեր և այլն»:
Պետության կողմից բյուջետային հիմնարկների աշխատակիցներին տրամադրվող սոցփաթեթի շրջանակում մարդիկ, ըստ Աստղիկի, նախընտրում են երեք օր հյուրատանը հանգստանալ, քան երկու օր հյուրանոցում։ Հատկապես, եթե հյուրանոցը լողավազան կամ այլ ծառայություններ չի առաջարկում:
Ինչ վերաբերում է դրսից հյուրերին, նրանք օնլայն հարթակների միջոցով լավ ուսումնասիրում են հյուրանոցային առաջարկները, ծանոթանում մարդկանց կարծիքներին և հիմնականում կանգ առնում այն հյուրատներում, որոնք հեռու են հյուրանոցային զոնաներից:
«Այս տարի բրիտանացի ամուսիններ էի դիմել։ Ուզում էին անաղմուկ, քիչ մարդկանցով, հարակից անտառով և գետով տարածքում մի շաբաթվա հանգիստ ամրագրել: Նրանց առաջարկեցի Դեբետ գյուղում մի շատ լավ հյուրատուն։ Հեռացան շատ տպավորված»,- ասում է Աստղիկը:
Հայաստանի շատ բնակավայրերում՝ հատակապես կորոնավիրուսի համավարակից հետո, բազմաթիվ հյուրատներ բացվեցին: Իհարկե, առաջնային նպատակը բիզնեսն է։ Սակայն հիմնադիրներից շատերը հայրենի հողի սիրահարներ են։ Ուզում են ավելի շատ թվով մարդկանց ներկայացնել, թե ինչ գեղեցիկ վայրում են ապրում:
Իրենց այս մոտեցումով ու յուրահատուկ գաղափարներով կարողանում են մարդկանց գրավել։ Արդյունքում՝ Հայաստանի հեռավոր անկյուններ են գալիս զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից։ Շատերն են ցանկանում բացահայտել իրենց անծանոթ երկրի բնակիչների պարզ կենցաղը, տարածաշրջանի համն ու հոտը:
Հյուրատուն, որ «չամիչի» գրավչություն ունի
Լոռվա Դեբետում մի քանի հյուրատուն կա։ Դրանցից մեկի հիմնադիրները ամուսիններ են՝ Դավիթն ու Լիլիթը։ Կորոնավիրուսի համաճարակի շրջանում Դեբետում երկար փնտրտուքներից հետո գտել են հին ու լքված մի տուն և անմիջապես հասկացել, որ սա այն է, ինչ իրենք փնտրել ու երազել են ունենալ:
«Չնայած ավերված էր, այն գտնվում էր հրաշալի վայրում՝ արևով ողողված, լեռներին նայող տեսարանով: Դեռևս 2020-ին մենք այն վերածեցինք չորս սենյակ ունեցող գողտրիկ հյուրատան: Եվ շատ արագ էլ անունը որոշեցինք, որը շատ համահունչ է իրեն, ընտանեկան ջերմությամբ և քաղցր վայր է, որ կոչեցինք «չամիչ» տեղ»,- պատմում է Լիլիթ Չիթչյանը:
Նրա խոսքով՝ մարդկանց հոսքը միշտ ակտիվ է եղել։ Եվ դա նպաստել է, որ ընդլայնվեն՝ կառուցեն ավելի մեծ և պրոֆեսիոնալ խոհանոցային տարածք, ավելացրեն ևս երեք սենյակ․
«Այստեղ որևէ մասնագետ չի աշխատել։ Բոլորը իմ ու ամուսնուս գաղափարներն են։ Շատ բաներ անձամբ մեր կամ մեր հարազատների ձեռքով է պատրաստված: Երկու շատ կարևոր սկզբունք ունենք՝ տարածքը լինի մաքուր, ուտելիքը՝ համեղ: Այնպես ենք արել, որ մարդը քաղաքային միջավայրից կարողանա կտրվել և հայտնվել բնության, ջերմության և ներդաշնակության մեջ»։
Հյուրատունն առաջարկում է տնական ձևով պատրաստված սնունդ։ Օգտագործում են անգամ իրենց տատիկների բաղադրատոմսերը։ Ճաշացանկում առաջարկում են նաև 9 տեսակի բուսական կերակուրներ, որոնք բնորոշ են հենց այս տարածաշրջանին:
Հիմնադիրները պատմում են, որ իրենց մոտ աշխատող վեց կանայք հենց Դեբետ գյուղից են։ Նրանց օգնել են հմտությունների հարցում, վերապատրաստել են՝ ինչպես ընդունել հյուրերին, ինչպես շփվել նրանց հետ, ինչպես մատուցել ուտելիքը և այլն:
Այս պահին հյուրատունը կարող է միաժամանակ հյուրընկալել 22 մարդու։ Նրանց համար մի շարք նոր ծառայություններ են մշակել․ առաջարկում են արշավ սարերում, ձկնորսություն, շրջագայություն տարածքում՝ Ախթալա, Օձուն, Սանահին, ինչպես նաև ուտելիքի պատրաստում իրենց խոհանոցում:
«Մեր հյուրերը շատ տարբեր են՝ արտասահմանցիներ, ընտանիքներ, անհատներ ու հատուկ խմբեր՝ դպրոցականներ, յոգայով զբաղվողներ։ Ի դեպ, պատրաստվում ենք հյուրընկել նաև վրաններով հանգստացողների: Մեր տարածքը շատ հարմարեցված է երեխաների համար: Ամեն հարմարություն նրանց համար ստեղծված է։ Ծնողներն էլ կարող են պատշգամբից հետևել, թե ինչպես են իրենց երեխաները զվարճանում»,- ասում է Լիլիթը:
Լիլիթի խոսքով՝ մարտահրավերներ էլ ունեն։ Առանձնացնում է հատկապես անգլերենի իմացությունը։ Ճիշտ է՝ կանայք հնարամիտ են և ինչ-որ ձևով կարողանում են հաղորդակցվել արտասահմանցի հյուրերի հետ, բայց ինքը փնտրում է լավ անգլերենի իմացությամբ հյուրընկալ։ Կարծում է՝ այս գործում հաղորդակցությունն ամենակարևորն է․
«Իմ ու ամուսնուս գործոնն էլ է կարևոր։ Եթե այստեղ ենք, ամեն ինչ անում ենք, որ հանգիստը մեր հյուրերի համար դառնա անմոռանալի։ Մարդկանց 70 տոկոսը վերադառնում է կամ մեր մասին պատմում և խորհուրդ տալիս մտերիմներին այցելել մեզ»։
Երբ հյուրատունը տան տանիքում է
Մյուս հյուրատունը, որի վերջին շրջանում շատ մարդկանց է գրավում, գտնվում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Այս գյուղը բավականին մեծ է և շատ բնակիչներ ունի՝ մոտ երեք հազար։ Բայց քանի որ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին, մարդիկ անհանգստանում են իրենց անվտանգության համար։
Այս հյուրատուն էլ է առաջարկում գալ և վայելել բնությունը, ծանոթանալ գյուղի կենցաղին, շփվել տեղացիների հետ։ Թիմն էլ իր հիմնական առաքելությունն է համարում գյուղական ավանդույթներն ու մշակույթը պահպանելը և տարածաշրջանը ճանաչելի դարձնելը։
Իր գովազդային արշավը հյուրատունը սկսել է սոցցանցերում։ Ներգրավել են իրական մարդկանց, ովքեր այցելել են գյուղը, հավանել են հանգիստն այստեղ և խորհուրդ տվել ծանոթներին:
«Տեսնում էինք, որ գյուղի հանդեպ արդեն իսկ կա հետաքրքրվածություն սոցիալական կայքերում՝ Արծվաբերդ գյուղի մասին էջի ակտիվության շնորհիվ։ Մտածեցինք, որ հնարավորություն ունենք ավելի հասանելի դարձնել գյուղը զբոսաշրջության համար։ Մեր մտահղացումն իրեն արդարացրեց։ Հյուրերի հոսքը ակտիվ է ամբողջ տարվա ընթացքում՝ ավելի ինտենսիվ դառնալով ամռանը։ Արդեն ունենք նաև մշտական հաճախորդներ»,- ասում է հիմնադիր Զոհրաբ Դուրյանը։
Նրա խոսքով՝ հյուրերը հաճելիորեն զարմանում են, երբ տեսնում են՝ ինչպիսի պայմաններ ունի հեռավոր վայրում, գյուղական միջավայրում գտնվող իրենց հյուրատունը․
«Մեր այցելուները գնահատում են մաքրությունը, հարմարավետությունը, ընդհանուր կենցաղային պայմանները։ Բայց առավռլ գրավիչ են նրանց համար տնական մթերքները, տավուշյան համեղությունները՝ խնոցու կարագը, գյուղական նոր թխած հացը, թոնրի մեջ պատրաստվող փսալի կողչվող քաղցրավենիքը»:
Հիմնադիրը վստահեցնում է՝ աստեղ հանգստացողները բավականին հագեցած օր են ունենում․ քայլարշավ մոտիկ ուղղություններով, անտառային տարածքների բացահայտում։ Բայց կարծում է՝ ամենակարևորը, այդ թվում մայրաքաղաքից եկած հյուրերի համար, Արծվաբերդի «անսպառ թթվածինն է»։
Իսկ օտարերկրացիները անմիջական շփման հնարավորություն են ունենում տեղացիների հետ, լսում նրանց պատմությունները գյուղի և իրենց առօրյայի մասին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի հյուրատները՝ մրցակից հյուրանոցներին