Ավելի քան 2000 հեկտար հող և երկու տասնյակ տներ․ ի՞նչ է Հայաստանը զիջել Ադրբեջանին պատերազմից հետո
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ երկիրը կորցրել է ավելի քան 2000 հեկտար տարածք և շուրջ երկու տասնյակ տներ։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանին արված զիջումների հետևանքով Հայաստանի կորուստների մասին նա խոսել է Հայաստանի Սյունիքի մարզ կատարած իր եռօրյա աշխատանքային այցի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։
Արման Թաթոյանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ընթացքում տեղի է ունենում հայ քաղաքացիների սեփականության իրավունքի խախտում։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի իշխանություններն, ըստ նրա, պետք է փոխհատուցեն Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզի բնակիչների վնասը։
Մարզի անվտանգության հարցը սուր բնույթ է ստացել արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Ըստ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագրի՝ Ադրբեջանին է փոխանցվել Զանգելանի շրջանը։ Այն սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզին, և այժմ այնտեղ սահմանազատում է ընթանում՝ խորհրդային ժամանակների վարչական սահմանների համաձայն։
- Հայաստանի ընդդիմությունն առաջարկում է ևս մեկ ռուսական ռազմաբազա ստեղծել
- Մեղրիի տարածքով ճանապարհ դեպի Նախիջևան․ Հայաստանը տարածքներ է հանձնում Ադրբեջանի՞ն, թե՞ դուրս է գալիս շրջափակումից
Որտեղ և որքան հող են կորցրել Սյունիքի բնակիչները
«Տեղ համայնքում, որի կազմում են Խոզնավար, Խնածախ գյուղերը, ավելի քան 2000 հեկտար տարածք կա, որը մենք կորցրել ենք։ Շուռնուխում 11 տուն անցել է հակառակորդին, Որոտանում կորցրել ենք ավելի քան 236 հեկտար մասնավոր և համայնքային սեփականություն։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք տրամադրել էր գործադիր կոմիտեն, բայց մարդիկ դրանցից էլ են զրկվել», — ասել է օմբուդսմենը։
Բացի այդ, Հայաստանը կորցրել է 60 հեկտար հող Ագարակ գյուղում, 160՝ Եղվարդում և 55 հեկտար գյուղատնտեսական նշանակության տարբեր հողեր Ճակատենում։
Այս բոլոր գյուղերը գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզում։ Ադրբեջանի իշխանություններն, ըստ Արման Թաթոյանի, պետք է փոխհատուցեն մարդկանց կրած վնասները, որոնք կորցրել են իրենց սեփականությունը։ Այժմ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի հետ որոշում է, թե ինչպես այս պահանջն իրավաբանորեն ձևակերպեն։
Էլ ինչ խնդիրներ են առաջացել
Արման Թաթոյանը խոսել է նաև այն մասին, որ Սյունիքում սահմանագծման մեխանիկական մոտեցման հետևանքով սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի օդանավակայանն ու Երևան տանող ճանապարհը։
Մարդու իրավունքների պաշտպանը անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ Գորիս-Կապան քաղաքները կապող ճանապարհի 68 կմ-ից 21-ը փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ է․
«Ադրբեջանցի զինվորներն այստեղ ճանապարհային նշաններ են տեղադրում՝ բացահայտ սադրանքների դիմելով։ Նրանք պարբերաբար զինված հայտնվում են այդ ճանապարհին։ Բանն այն է, որ այդ ճանապարհները միացնում են մեր քաղաքացիական բնակավայրերը, և եթե հայկական կողմից այնտեղ խաղաղ բնակիչներ են, ապա ադրբեջանական կողմից զինվորներ են կանգնած»։
Որոշ դեպքերում նոր սահմանն անցնում է հենց գյուղի բնակիչների տների միջով։ Մասնավորապես, Թաթոյանը որպես օրինակ է նշել Շուռնուխի բնակիչներից մեկի տնամերձ շինությունը, որը երկու մասի է բաժանվել՝ «ադրբեջանական» և «հայկական»։
Ըստ օմբուդսմենի՝ անմիջական սպառնալիքի տակ են հայտնվել նաև Խոզնավար, Խնածախ, Նռնաձոր և Ագարակ գյուղերի բնակիչների կյանքը, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը։
Թաթոյանն ասում է, որ մի շարք չկարգավորված հարցեր էլ կան։ Օրինակ՝ պարզ չէ, թե ինչպես են լուծվելու հարցերը, որոնք կարող են առաջանալ ճանապարհի այն հատվածներում, որոնք դե ֆակտո ադրբեջանական վերահսկողության տակ են․
«Եթե բախվեն ադրբեջանական և հայկական համարանիշներով մեքենաներ, բնավ պարզ չէ, թե ինչպես է պետք հետաքննել հանցագործությունները կամ ավտոմեքենաների մասնակցությամբ միջադեպերը։ Ի՞նչ է, ադրբեջանական քննչական մարմիննե՞րը պետք է քննչական գործողություններ իրականացնեն։ Թե՞ հայերին տանելու են իրենց ոստիկանական բաժանմունքներ»։