Ճանապարհ դեպի անկախություն. ՀՀ-ն կկարողանա՞ ապահովել իր էներգետիկ անվտանգությունը
Հայաստանի էներգետիկ անվտանգություն
Հայաստանի համար «ինքնիշխանություն» և «անկախություն» եզրույթները հատկապես արդիական են դարձել վերջին տարիներին՝ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Դրանք ավելի հաճախ օգտագործվում են քաղաքական զարգացումների ու գնահատականների համատեքստում։ Սակայն լիարժեք և կայուն անկախության հասնելու համար երկիրը պետք է ձերբազատվի մի շարք ոլորտներում կախվածությունից։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր դեպքերում այդ կախվածության սուբյեկտը Ռուսաստանն է։ Բացառություն չէ նաև էներգետիկայի ոլորտը։
Ե՞րբ և ինչպե՞ս Հայաստանը սկսեց աշխատել էներգետիկ անկախություն ձեռք բերելու ուղղությամբ, ի՞նչ է արդեն հաջողվել անել և ինչի վրա է դեռ պետք աշխատել։
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
- Էլեկտրաէներգիայի ազատ առևտուր Հայաստանում․ ռիսկեր և հնարավորություններ
- Հայաստանում հին շենքերը դարձնում են էներգախնայող ու գեղեցկացնում
Գազի ներկրում և մշտական խոսակցություն թանկացումների մասին
Հայաստանը չունի 20-րդ դարի հիմնական բնական պաշարները՝ նավթ ու գազ։ Ուստի արդեն երեք տասնամյակ գրեթե ամբողջ ծավալով ածխաջրածիններ է գնում Ռուսաստանից։ Նավթամթերքի գները սահմանում է համաշխարհային շուկան, ինչի պատճառով էլ երկրում անընդհատ նկատվում են բենզինի ինքնարժեքի տատանումներ։
Գազի պարագայում Երևանն ու Մոսկվան ոչ թե կենտրոնանում են միջազգային բորսաների վրա, այլ պատասխանատու կառույցների երկկողմ բանակցությունների արդյունքում ֆիքսում են գին մեկ կամ մի քանի տարիների համար։ Հաշվի առնելով վերջին հինգ տարիների դինամիկան՝ Հայաստանը այս սխեմայից ակնհայտ շահում է, քանի որ գազը ստանում է համաշխարհային գնից շատ ավելի ցածր գնով։
Թվում է, թե Երևանն ակնհայտորեն պետք է գոհ լինի ստեղծված իրավիճակից։ Բայց գրեթե ցանկացած երկրի հետ Ռուսաստանի էներգետիկ համագործակցության մեջ կա քաղաքական բաղադրիչ։
2020 թվականի պատերազմից, ինչպես նաև այն բանից հետո, երբ Մոսկվան օգնություն չցուցաբերեց իր ռազմավարական դաշնակցին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք, երկու երկրների հարաբերություններն արագ անկում ապրեցին։
Եթե այս դինամիկան շարունակվի, ինչի վերաբերյալ կասկած չկա, Հայաստանը շուտով դժվարություններ կունենա իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու, ինչպես նաև գազի մատակարարման և գների առումով։ Պարզ ասած՝ Երևանին գազի մատակարարումն ու դրա գինը կդառնան քաղաքական ճնշման լծակ Մոսկվայի ձեռքում:
Գազի գնի բարձրացումը կհանգեցնի ավելացված արժեք ունեցող ապրանքների մեծ ցանկի արտադրության ծախսերի աճին։ Սա, առաջին հերթին, սննդի արդյունաբերությունն է, որտեղ ներգրավված են մեծ թվով աշխատակիցներ։
Գազատարը՝ որպես կախվածության խորհրդանիշ
2007 թվականի մարտին տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ Հայաստան-Իրան գազատարի հանդիսավոր բացումը։ Սա նշանակում էր գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացում: Այսինքն՝ Հայաստանն այժմ այն կարող էր ստանալ թե՛ հյուսիսից՝ Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով անցնող գազատարով, թե՛ Իրանից։
Թվում էր, թե այդ իրադարձությունը տեղավորվում է Հայաստանի ազգային շահերի շրջանակում։ Բայց կա նախապատմություն: Ի սկզբանե գազամուղը նախատեսված է եղել իրանական, ինչպես նաև թուրքմենական գազի տարանցման համար դեպի Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա և Ուկրաինա։
Հայաստանի իշխանությունները մեծ նախագիծ են կառուցել հենց այս ոգով։ Սակայն դրա տրամաբանությունը փոխվեց, երբ Ռուսաստանը սկսեց ակտիվորեն խոսել իր շահերի մասին։ Հետո պարզվեց, որ գազատարի շինարարությանը մասնակցելու են նաև ռուսական կառույցները։ Ավելի ուշ պարզ դարձան նախագծի վրա ռուսական ազդեցության մանրամասները։
Խողովակի տրամագիծը զգալիորեն ավելի նեղ դարձավ, ուստի այն չէր կարող հարմար լինել գազի տարանցման համար այլ երկրներ։ Այժմ Իրան-Հայաստան խողովակաշարը լավագույն դեպքում կարող է ապահովել Հայաստանի սպառած գազի միայն կեսը։
Արդյունքում էներգետիկ հաղորդակցությունները, որոնք պետք է ամրապնդեին երկրի անկախությունը, դարձան Ռուսաստանից նրա կախվածության խորհրդանիշը։
Ահա թե ինչ է գրել բրիտանական The Independent պարբերականը 2007 թվականին.
«Երբ «Գազպրոմը» չի կարողանում հասնել իր ուզածին ոչ պարգևատրման, ոչ էլ պատժի մեթոդով, նա պարզապես շարժվում է առաջ ոչ մի արգելք հաշվի չառնելով, ինչպես Հայաստանում, որտեղ գնեց ամբողջ տեղական էներգետիկ ենթակառուցվածքը՝ թույլ չտալու համար Իրանին մրցակցել իր հետ Եվրոպա գազի մատակարարման հարցում»:
Նախագծի շուրջ երկար բանակցությունների արդյունքը եղավ այն, որ Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածի կառավարումը հանձնվեց «ՀայՌուսգազարդին»՝ ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը:
Միջուկային էներգիան և ռուսական գերակայության մերժումը
Երկար տարիներ Հայաստանի էներգետիկ ոլորտի հարաբերական կայունության հիմնական գործոնը Մեծամորի ատոմակայանն էր։ Չնայած դրա գոյության փաստի առնչությամբ Ադրբեջանի և Թուրքիայի մշտական դժգոհությանը, միջուկային կայանը ապահովում էր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը։ Ատոմն այսօր էլ մնում է Հայաստանի էներգետիկայի ոլորտում կառուցվածքաստեղծ օղակ։ Ատոմակայանի գործող՝ 440 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկն ապահովում է Հայաստանի պահանջարկի 40%-ը։
Հատկանշական է, որ 2000-ականներին էլեկտրակայանը հայտնվել է ռուսական «Ինտեր ՌԱՕ» կառույցի վերահսկողության տակ՝ պարտքերը չվճարելու համար։ 2012 թվականին ատոմակայանը այնուամենայնիվ վերադարձավ Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց Ռուսաստանից կախվածությունը չվերացավ։ Ատոմակայանի շահագործումը մինչև 2026 թվականը երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը 2015 թվականին Մոսկվայի հետ 270 միլիոն դոլարի վարկային պայմանագիր ստորագրեց Մեծամորի ատոմակայանի վերակառուցման և վերազինման աշխատանքների մեկնարկի համար։
Բայց 2020 թվականին Հայաստանը հրաժարվեց ռուսական վարկի մի մասից և սեփական միջոցները ներդրեց աշխատանքը շարունակելու համար։ Մինչ այդ ռուսական կողմը խստացրել էր վարկի պայմանները՝ առաջարկելով միջոցների 80%-ն օգտագործել ռուսական ընկերություններին մատուցվող ծառայությունների և ռուսական սարքավորումների ձեռքբերման համար։
Հայաստանի կառավարությունը կարծում էր, որ դա մենաշնորհային դիրք կստեղծի ռուս արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, կսահմանափակի բարձրորակ և շատ ավելի էժան ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունը։
Իրադարձությունների այս զարգացումը ռուսական կողմում դժգոհություն առաջացրեց։ Բայց ի վերջո Մոսկվան ստիպված եղավ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ Եվ Հայաստանը առաջին անգամ էներգետիկ ոլորտում կայացրեց բացառապես իր շահերին համապատասխանող որոշումներ՝ առանց Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի առնելու:
Հայաստանը կկարողանա՞ նոր ատոմակայան կառուցել
2018 թվականին՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ամիսներ անց, նոր վարչապետը հայտարարեց, որ Երևանը մտադիր է միջուկային ռեակտոր կառուցել։ Գործող ատոմային էներգաբլոկի շահագործումը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, և Հայաստանի իշխանություններն ակնկալում են մինչ այդ պահը գործարկել նոր կայան։
Սկզբում Հայաստանը նոր ռեակտորի կառուցման շուրջ բանակցում էր բացառապես Ռուսաստանի հետ։ 2022 թվականին կողմերը նույնիսկ միջպետական համաձայնագիր են կնքել, ըստ որի նախատեսվում է կառուցել 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ։ Սակայն նախ տեխնիկական խնդիրները, իսկ հետո փոփոխված քաղաքական իրավիճակը քիչ հավանական են դարձնում այս տարբերակը։
Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի հետ։
«Հայաստանի կառավարության ծրագրում միջուկային կարողությունների զարգացման հարց է դրված։ Գործող հայկական ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, որից հետո այն այլևս հնարավոր չի լինի շահագործել։ Ներկայումս մենք մի քանի գործընկերների հետ ակտիվ բանակցություններ ենք վարում նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Բանակցում ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և երրորդ երկրների հետ»,- 2023 թվականի մայիսին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ասել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
Ճիշտ է, դրանք հզորությամբ զգալիորեն ավելի թույլ են, քան սովորական ռեակտորները։ Սակայն ներկա պայմաններում Հայաստանը ձգտում է գտնել իր համար առավել շահավետ տարբերակը նոր ռեակտոր կառուցելու համար։ Երևանը չի կարող անտեսել քաղաքական ասպեկտը, որը ինչ-որ պահի կարող է դառնալ հիմնական գործոնը, եթե կայանը, այնուամենայնիվ, կառուցի Ռուսաստանը։
Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը և Հայաստանի տնտեսության ընդհանուր կախվածությունը Ռուսաստանից՝ երկրի իշխանությունները դժվար թե ցանկանան էլ ավելի մեծացնել Մոսկվայի ազդեցությունը երկրի կարևորագույն կառույցների վրա։
Այլընտրանք Հայաստանի համար
2010 թվականից երկրում սկսվեց մի գործընթաց, որի վերջնական հաջողությանը այն ժամանակ կասկածում էին շատերը։ Այն ժամանակ Հայաստանում սկսեցին կառուցվել փոքր հզորության արևային էլեկտրակայաններ։ Զուգահեռ ընթանում էր արևային մարտկոցների տեղադրումը։ Որոշ ժամանակ անց այդ վահանակները սկսեցին տեղադրվել առանձին տների վրա: Եվ ստացվեց, որ առանձին բնակավայրեր, որտեղ մարտկոցներ են տեղադրվել գրեթե բոլոր տների վրա, նվազագույնի են հասցրել բնական գազի սպառումը։
Հայաստանում այլընտրանքային, վերականգնվող էներգիայի զարգացման վերջնական արդյունքը պետք է լինի էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում նրա մասնաբաժնի ավելացումը։ Սա, իր հերթին, կամրապնդի Հայաստանի անկախությունը այլ խաղացողներից։ Այժմ պարզ է, որ երկիրը ձգտում է նվազեցնել գազի սպառումը և հնարավորության դեպքում այն փոխարինել էլեկտրաէներգիայով։
Երկրում փոքր և միջին բիզնեսն ակտիվորեն օգտվում է արտադրության արդիականացման ծրագրերից և անցում կատարում արևային էներգիայի սպառմանը։
Այժմ արևային էներգիայի մասնաբաժինը ընդհանուր արտադրության մեջ արդեն հասնում է 8%-ի։ 2026 թվականին այդ ցուցանիշը պետք է գերազանցի 10 տոկոսը, իսկ 2030 թվականին այն պետք է հասնի 15 տոկոսի։ Երկրի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանը նախատեսում է ամբողջությամբ հրաժարվել ածխաջրածինների ներմուծումից և իր կարիքները բավարարել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվին։
Այս առումով երկիրը զգալի աջակցություն է ստանում Եվրամիության կողմից։ Արևմտյան կառույցները ձգտում են առաջին հերթին արդիականացնել քաղաքային ենթակառուցվածքները և օգնել անցում կատարել վերականգնվող աղբյուրներին:
Օրինակ՝ Երևանի հասարակական տրանսպորտի որոշ կանգառներ արդեն աշխատում են արևային էներգիայով։
Եվրամիությունը սկսել է նաև «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որի շրջանակներում արդեն մի քանի տասնյակ բազմաբնակարան շենքերի վրա արևային մարտկոցներ են տեղադրվել։
Բայց իսկապես հեղափոխական կդառնան այն մեծ արևային էլեկտրակայանները, որոնք կա՛մ արդեն գործարկված են, կա՛մ նախատեսվում է գործարկել առաջիկա տարիներին։ Ընդհանուր առմամբ, երկիրն արդեն ստորագրել է նոր կայանների կառուցման հուշագրեր ու պայմանագրեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 500 մլն դոլարը։
Օրինակ՝ «Այգ-1» արևային կայանը կկառուցվի Հայաստանի արևմտյան մասում՝ Թալին քաղաքի և Դաշտադեմ գյուղի միջև։ Կայանի հզորությունը կկազմի 200 ՄՎտ, այն կդառնա հանրապետության ամենամեծ արևային կայանը։
Եթե Հայաստանին, ի վերջո, հաջողվի իրականացնել վերականգնվող էներգիայի մի քանի խոշոր և հավակնոտ ծրագրեր, ապա հաջորդ տասնամյակում կփոխվի ինչպես ածխաջրածինների սպառման, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտադրության ողջ կառուցվածքը։ Սա, իր հերթին, կարևոր քայլ կլինի երկրի ածխածնային չեզոքության ապահովման ուղղությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի էներգետիկ անվտանգություն