Հայաստանի բուհերը՝ փակուղում
Մեկնարկում է նոր ուսումնական տարին: 8266 առաջին կուրսեցի այս տարի ոտք կդնի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սակայն այս տարի բուհական համակարգում նկատվեցին գործընթացներ, որոնք արժանի են ուշադրության:
Թափուր տեղեր
Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի ու անվճար տեղ, թափուր է մնացել կեսից ավելին՝ 11.375-ը, կամ 56%-ը:
9737 դիմորդ ենք ունեցել, որը 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Բացի Երևանի պետական բժշկական համալսարանից, բոլոր բուհերում և գրեթե բոլոր ֆակուլտետներում կան թափուր տեղեր:
ԲՈՒՀ | Ֆակուլտետ / բաժին | Սահմանված տեղերը | Թափուր տեղերը |
ԵՊՀ | Տնտեսագիտություն | 130 | 80 |
Անգլերեն | 135 | 52 | |
Իսպաներեն | 40 | 36 | |
Գերմաներեն | 40 | 33 | |
Սոցիոլոգիա | 40 | 35 | |
Ֆիզիկա | 50 | 47 | |
Քիմիա | 26 | 24 | |
Ռուսաց լեզու և գրականություն | 40 | 40 | |
Աստվածաբանություն | 25 | 25 | |
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան | |||
Լեզվաբանություն, իտալերեն | 29 | 29 | |
Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու | 20 | 20 | |
Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն | 49 | 49 | |
Լրագրություն | 34 | 34 | |
Սերվիս | 124 | 103 |
Հայկակական պետական մանկավարժական համալսարանում ընդամենը 2 հոգի է ցանկացել դառնալ շախմատի ուսուցիչ, մինչդեռ շախմատը դպրոցական առարկա է: Եվ ոչ մի դիմորդ չի ցանկացել այս բուհում ուսումնասիրել օտար լեզուներ և բնագիտություն:
Հայաստանի կառավարությունը որոշումներ ու հայեցակարգ է ընդունում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, իսկ պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան բաժնում սովորելու ցանկություն է հայտնել 1 հոգի:
Ակնհայտ է, որ բուհերը շուկայի, ժողովրդագրական վիճակի, երիտասարդության նախասիրությունների վերաբերյալ ուսումնասիրություն չեն կատարել, և իրենց սահմանած տեղերի թիվը այդ պատճառով օդից վերցրած է ստացվել:
Դիմորդների թվի նվազման պատճառները
Դիմորդների թվի նվազման մի շարք պատճառներ կան.
- 2006 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց անցնել 12-ամյա կրթության, բայց 11-ամյա տարբերակը դեռ պահպանվել էր: Ծնողները, հիմնականում գերադասեցին 11-ամյա կրթությունը: Աշակերտների թիվը կիսվեց. այս տարի ավարտեցին այն 30 հազար աշակերտները, որոնք 11-ամյա դպրոցում էին սովորում, հաջորդ տարի կավարտի փոքր մասը՝ այն 15 հազարը, որոնք պետք է 12 տարի սովորեին:
- Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 2 տարում Հայաստանից անվերադարձ գնացել է մոտ 11 հազար աշակերտ:
- 18 տարեկանից բանակ տանելու պատճառով ոմանք անիմաստ են համարում բուհ ընդունվել մինչև զորակոչվելը, իսկ բանակից հետո ուսումը մղվում է հետին պլան:
- Սոցիալական խնդիրների արդյունքում վարձը վճարելը էլ դժվարացել է:
- Արտասահմանյան բուհերում հայաստանցի դիմորդների թվի աճ է նկատվում:
- Մասնագիտությամբ աշխատանք չգտնելու վախ:
- Հայաստանի դիպլոմները քիչ երկրներում են վավեր, իսկ ուսանողների մի մասն ավարտելուց հետո ցանկանում է մեկնել արտերկիր՝ ուսումը շարունակելու կամ աշխատելու նպատակով:
Այս և այլ պատճառները գումարվում են իրար և հանգեցնում դիմորդների պակասի: Իսկ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն «ավետում» է. «Մյուս տարի ավելի վատ վիճակ է լինելու և ավելի քիչ թվով դիմորդներ ենք ունենալու: Մեր համալսարանների համար բավականին բարդ շրջան է լինելու, քանի որ պետք է ելքեր գտնեն` ինչպես հաստիքները պահեն և գոյատևեն»:
Պահանջված մասնագիտություններ
Հայաստանցի դիմորդներն ունեին բուհ ընդունվելու լայն հնարավորություններ, քանի որ առաջարկը կրկնակի գերազանցում էր պահանջարկին:
Ամենապահանջված ուսումնական հաստատությունը շարունակում է մնալ ԵՊՀ-ն, որի մի քանի ֆակուլտետներում ավանդաբար բարձր մրցակցություն է լինում: Այդ պատճառով այս տարի Իրավագիտության, Ժուռնլիստիկայի ու Տնտեսագիտության ֆակուլտետներին հատկացված տեղերը նախորդ տարվա համեմատ շատացել էին 10-ական տեղով:
Բայց նույնիսկ առավել մեծ պահանջարկ ունեցող ֆակուլտետների դիմորդների թիվը այս տարի մի բան էլ նվազել էր: Մասնավորապես,
Իրավագիտության ֆակուլետում 3 անգամ (325-ից իջել է 102-ի),
Ժուռնալիստիկայի ֆակուլետում 1.5 ամգամ (114-ից իջել է 76-ի),
Տնտեսագիտության ֆակուլետում 2.5 անգամ (162-ից իջել է 64-ի):
Վերջին երեք տարիների ընդհանուր պատկերը ներկայացնում ենք նաև աղյուսակով.
Պահանջված մասնագիտությունները ԵՊՀ-ում | Ուստարի 2017-18 | Ուստարի 2016-17 | Ուստարի 2015-16 | |||
Տեղեր | Դիմորդների թիվ | Տեղեր | Դիմորդների թիվ | Տեղեր | Դիմորդների թիվ | |
Իրավագիտություն | 140 | 227 | 130 | 258 | 130 | 325 |
Միջազգային հարաբերություններ | 142 | 132 | 140 | 89 | 130 | 124 |
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա | 207 | 267 | 192 | 264 | 192 | 229 |
Ժուռնալիստիկա | 75 | 76 | 65 | 88 | 65 | 114 |
Տնտեսագիտություն | 133 | 64 | 123 | 114 | 180 | 162 |
Հայոց լեզու և գրականություն | 136 | 102 | 133 | 174 | 133 | 144 |
Հայաստանը, կարևորելով տնտեսագետների և իրավաբանների դերը, տարիներ շարունակ այս մասնագիտություններին զարկ տվեց՝ ամեն տարի պետական ու մասնավոր բուհերի միջոցով թողարկելով այս ոլորտների մոտ հազար մասնագետ: Սակայն նրանց մեծ մասը բուհ ընդունվելիս արդեն դատապարտված էր գործազրկության: Աշխատաշուկան չի կարող ընդունել այդքան իրավաբան և տնտեսագետ: Ուստի գնալով պահանջարկը նվազում է:
Այն, որ ժամանակին պահանջված մասնագիտությունները նահանջ են ապրում, փաստարկվում է նաև միավորներով: ԵՊՀ վճարովի համակարգում անցողիկ միավորը Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտություն և կառավարում, Իրավագիտություն և այլ ֆակուլտետներում նախորդ տարվա ընդունելության քննությունների համեմատ 5-10 բալավ նվազել է:
15.25 միավորով կարելի էր ընդունվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 16 միավորով` ԵՊՏՀ զբոսաշրջություն բաժինը: 15.75 միավորով հնարավոր էր Հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորելով դառնալ անգլերենի ուսուցիչ:
Անցողիկ շեմի աճ է գրանցվել միայն Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Թարգմանչական գործի չինարեն և ֆրանսերեն բաժիններում ընդունելության ներքևի շեմն այս տարի բարձրացել էր համապատասխանաբար` 16 և 10 միավորներով: Ընդ որում, օտար լեզուներից միայն այս երկուսն են պահանջված եղել:
Չպահանջված մասնագիտություններ
Բոլոր բուհերում ի հայտ են եկել մասնագիտություններ, որոնք մեռնում են: Ներկայացնում ենք տվյալներ ԵՊՀ երեք այդպիսի ֆակուլտետների դիմորդների թվի վերաբերյալ:
ԲՈՒՀ | Ֆակուլտետ | Տեղերի քանակը | Դիմորդների թիվը |
ԵՊՀ | Քիմիա | 33 | 3 |
Կենսաբանություն | 53 | 16 | |
Ֆիզիկա | 77 | 33 |
Քիմիայի ֆակուլտետի շրջանավարտը բնավ հույս չունի աշխատանք ունենալ՝ հաշվի առնելով պետական քաղաքականությունը: Մեր երկրում, որտեղ քիմիական հսկաները՝ «Վանաձորի քիմպրոմը» և «Նաիրիտը» սննկանում են՝ գործազուրկ թողնելով հազարավոր աշխատողների, իմաստը ո՞ւնի արդյոք մասնագետ թողարկել և այդ մասնագիտությունն ընտրել:
Ընթացիկ տարվա առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ որևէ մասնագիտության նկատմամբ հետաքրքրության պակասը բացատրվում էր ընդհանուր առմամբ դիմորդների պակասով: Ինչը հարց է առաջ բերում. այդ մասնագիտություններն այլևս դո՞ւրս են գալիս շարքից, թե՞ դիմորդների թվի աճի պարագայում կրկին պահանջված կլինեն:
Ուսման վարձ
Հայաստանում բուհերի հիմնական ֆինանսավորումն ուսանողների ուսերին է:
Երևանում գործող պետական բուհերից ամենաբարձր ուսման վարձը Երևանի պետական բժշկական համալսարանում է՝ 1 մլն դրամ՝ Բուժական գործ և Ստոմատոլոգիա ֆակուլտետների համար:
Տարեկան ամենացածր ուսվարձով կրթություն է առաջարկում Հայկակական պետական մանկավարժական համալսարանը՝ 260 հազար դրամ վճար է սահմանված, օրինակ, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի համար:
Միակ բուհը, որտեղ բոլոր բաժիններում նույն՝ 400 հազար դրամ տարեկան վարձն է, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն է:
Թեև 2017-18 թվականներին ուսման վարձի բարձրացում չի եղել, բայց դա եղավ նախորդ տարի:
ԲՈՒՀ | Ուսման վարձի թանկացման չափը / հազ. դրամ |
Երևանի պետական համալսարան | 30-70 |
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան | 20-70 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | 100 |
Երևանի պետական բժշկական համալսարան | 200 |
Ազգային ագրարային համալսարան | 20-60 |
Ընդ որում, չկար որևէ հիմնավորում: Ոչ դասավանդման նոր մեթոդներ էին ներդրվել, ոչ ուսանողներին էին ուղարկել արտերկիր պրակտիկ աշխատանքների, ոչ էլ դրսից մասնագետներ էին հրավիրվել:
Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հաճախ միջինից ցածր գիտելիք ունեցողը կարողանում է ուսման բարձր վարձը բարեխղճորեն վճարել ու ստանալ «մասնագետի» որակավորում:
Բոլոր այս հանգանամաքներն ու գործոններն ազդում են կրթության գործընթացի վրա ու Հայաստանի բուհական համակարգը տանում փակուղի: