«Հումանիտա՞ր, թե՞ անտրամաբանական քայլ»․ Հայաստանի աջակցությունը Թուրքիային
Հայաստանի աջակցությունը Թուրքիային
Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը հակասական կարծիքներ ունեն Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ։ Մինչ իշխող թիմը այն հումանիտար քայլ է բնորոշում, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է՝ Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունն ու Երևանի ցուցաբերած աջակցությունը միմյանց համահունչ չեն։
Հայ հասարակությունը նույնպես ակտիվորեն քննարկում է թեման։ Կան մարդիկ, որոնք կարծում են՝ հայկական կողմը չպետք է մարդասիրական բեռ ուղարկեր հարևան երկիր, քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հենց Թուրքիան էր աջակցում Ադրբեջանին։
Մարդասիրական օգնության փոխանցման մասին փետրվարի 11-ին պաշտոնապես հաղորդել էր Հայսատանի ԱԳՆ խոսնակը՝ տեղեկացնելով, որ «բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ուղևորվել են երկրաշարժից տուժած շրջան»։ Կամուրջը չէր գործել ավելի քան 30 տարի։
Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով 36 հազարից ավելի մարդ է զոհվել, ամեն օր հաղորդվում է մարդկային կորուստների նոր թիվ։ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի ցավակցություն և զորակցություն էր հայտնել ինչպես բարեկամ Սիրիային, այնպես էլ հարևան Թուրքիային։ Երկու երկրներին էլ փոխանցվել է մարդասիրական օգնություն։ Շուրջ երեք տասնյակ հայ փրկարարներ տեղում օգնություն են ցուցաբերում սիրիացի և թուրք գործընկերներին՝ փրկելու ողջ մնացածներին և դուրս հանելու մահացածների դիերը։
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 հայ:
Փրկված կյանքերն ու Երևանից ուղարկված օգնությունը
Արդեն վեց օր է, ինչ հայ փրկարարների 27 հոգանոց խումբը միջազգային գործընկերների հետ միասին մասնակցում է Սիրիայում և Թուրքիայում ընթացող որոնողափրկարարական աշխատանքներին։
«Լայնածավալ աշխատանքների արդյունքում Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի»,- այսօր հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993 թ․-ից փակված Մարգարայի կամրջով աղետի գոտի՝ Ադիյաման են ուղևորվել հայկական բեռնատարներ՝ տանելով 100 տոննա մարդասիրական օգնություն։
«Առատաձեռն աջակցության» համար հայ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Իր թվիթերյան էջում թեմային անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ու նշել, որ «նման մեծ ողբերգության պայմաններում ոգևորիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունն ու դրան հետևած դրական արձագանքը»։
«Աղետների ժամանակ հարևանները պետք է օգնեն միմյանց»
«Ազատության» եթերում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Խորհրդարանի փոխխոսնակը մարդասիրական օգնություն ուղարկելը բնորոշել է որպես ճիշտ, նորմալ և հումանիտար քայլ․
«Վերջին 100 տարում հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Ամեն դեպքում հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ։ Եվ անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարաբերություններ, ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են, և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ»,— հայտարարել է նա։
Ռուբինյանը հիշեցրել է՝ Իզմիրի 1999 թ․-ի երկրաշարժի ժամանակ նույնպես Հայաստանը փրկարարական խմբեր է ուղարկել Թուրքիա։ Ըստ նրա՝ «եթե իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք»։
«Բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են, ցավոք, զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում»,- ասել է նա։
«Տրամաբանության մեջ չի տեղավորվում»
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքն է։ Հիշեցնում է 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումներն ու հավելում՝ կարելի էր այլ վերաբերմունք ցույց տալ։
«Կհասկանայի Հայաստանի իշխանությանը, եթե որևէ չոր տեքստով ցավակցություն փոխանցեր: Սակայն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, հումանիտար բեռ են փոխանցում»,- ճեպազրույցում նշել է նա։
Կնպաստի՞ հայ-թուրքական կարգավորմանը
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը միջազգային հանրության անդամ է և պետք է արձագանքեր նման մասշտաբի աղետին, օգնություն առաջարկեր։ Նրա խոսքով՝ Երևանի նպատակը աղետին արձագանքելն է եղել։ Սակայն հումանիտար օգնություն ուղարկելը «դրական ազդակ» է համարում նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների համար։
«Նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակներից խոսելը դժվար է, բայց այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել կոմունիկացիաները: Եվ հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այդ գործընթացին»,- ընդգծել է նա։
Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, չեն կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի ուղարկած հումանիտար բեռը կամ հայտնած զորակցությունն են կարևոր լինելու:
Փետրվարի 7-ին կայացած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը շնորհակալություն էր հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ «կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի աջակցությունը Թուրքիային