Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է կառավարության «զարգացման քաղաքականության ծրագիրը»
Հայաստանի Ազգային ժողովն այսօր հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը: 105 պատգամավորներից 64-ը կողմ քվեարկեցին 2017-2022թթ. կառավարության ծրագրին, 31-ը՝ դեմ:
Խորհրդարանական 4 ուժերից 2-ը, մասնավորապես, «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունները դեմ են քվեարկել գործադիր մարմնի ներկայացրած ծրագրին: Կողմ են քվեարկել վարչապետի թիմը ներկայացնող «Հանրապետական» կուսակցության ու նրանց կոալիցիոն գործընկեր՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորները:
Կառավարության ծրագրով ենթադրվում է տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, գրեթե կիսով չափ կրճատել աղքատությունը, նվազագույն աշխատավարձը բարձրացնել, արտահանման ծավալների զգալի աճ ապահովել և այլն:
Ինչպես բնութագրել է վարչապետ Կարեն Կարապետյանը, ծրագրի հիմքում «անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան» ունենալու տեսլականն է. «Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր»:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, ինչպես հավաստում է վարչապետը, փորձելու են մրցակցային միջավայր ստեղծել սփյուռքահայերի, տեղացիների համար, որպեսզի Հայաստանը դառնա «ստեղծագործելու և արարելու հենարան», որպեսզի «գործարարն իրեն հարմարավետ զգա»:
Կարեն Կարապետյանը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին, նշել, որ Հայաստանում ստեղծվող հակակոռուպցիոն նոր մարմինը, ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքը ոչ այլ ինչ են, քան «անհանդուրժողականություն» կոռուպցիայի նկատմամբ:
Ընդդիմադիր պատգամավորներն ու տնտեսագետները, սակայն, բավարարված չեն կառավարության ներկայացրած ծրագրով. ասում են, թե տնտեսական հրատապ հարցերին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը այդպես էլ պատասխան չի տվել:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն, օրինակ, ասել է, որ ներկայացվածն «հակածրագիր» է և ամենևին չի փոխելու Հայաստանում կյանքի որակը: Մեկ այլ տնտեսագետ էլ՝ Մերսոպ Առաքելյանը, նկատել էր, որ ՀՀ քաղաքացին ուզում է լավ ապրել, հոգալ ընտանիքի ծախսերը` առանց արտագաղթի ուղին բռնելու, բայց «արդյոք 5 տոկոս տնտեսական աճը, որը խոստացված է այս ծրագրով, պահովելո՞ւ է այդ ցանկությունը»: Առաքելյանի համոզմամբ, սա է կարևորը, և դրա պատասխանը չկա:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն էլ իրենց ուշադրությունը հիմնականում սևեռել էին մեկ խնդրի վրա՝ արդյոք Կարեն Կարապետյանը 2018թ.-ից հետո շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե ոչ:
Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն, 2018թ.-ից հետո երկրի ղեկավարումը ստանձնելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը: Սա բխում է խորհրդարանական կառավարման համակարգը որդեգրած Հայաստանի սահմանադրությունից:
Այս տեսանկյունից ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն էին հայտնում, թե կառավարության այս ծրագիրը կյանքի կոչվելո՞ւ է Կարեն Կարապետյանի օրոք, թե 2018թ.-ից հետո գործադիր մարմնի ղեկավարը փոխվելու է և ներկայացվելու է միանգամայն այլ ծրագիր:
Նույն բովանդակությամբ հարցն այնքան անգամ կրկնվեց, որ գործող վարչապետն ի վերջո ստիպված էր պատասխանել. «Պատրաստ եմ լինել վարչապետ»: