Հայաստանը՝ տնտեսության լճացման եզրին․ ի՞նչ սպասել 2021-ին
Այս տարին Հայաստանի տնտեսության համար խոստանում է լինել վերջին տասնամյակի ամենածանրներից մեկը։ Այն մասին, որ կորուստների մասշտաբները մոտ ժամանակներս նույնիսկ կիսով չափ չեն վերականգնվի, խոսում են հենց պետական կառույցների կանխատեսումները։
Եթե սկզբնական փուլում երկրի ֆինանսների նախարարությունը 2021 թ-ի պետբյուջեի նախագծում 4,8 տոկոս աճ էր պլանավորել, ապա վերջնական տարբերակում այն իջել էր մինչև 3,2%։ Իսկ 2020 թ-ի տնտեսական անկումը կարող է գերազանցել 8%-ը։ Սա Հայաստանի տնտեսության ամենախոշոր անկումն է 2008 թ-ի ճգնաժամից հետո։
- Հայաստանի վարչապետը 2021 թ-ը «տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի» է հայտարարել
- Շինարարություն և կանեփի ցանք․ Հայաստանի տնտեսության զարգացման նոր ծրագիրը
- Ի հեճուկս պատերազմի և կորոնավիրուսի՝ Հայաստանում փորձում են փրկել զբոսաշրջության ոլորտը
Ինչո՞ւ է Հայաստանը փոսում հայտնվել
2020 թ-ին Փաշինյանի գլխավորած կառավարությունը ամենահամեստ հաշվարկներով՝ 5 տոկոս աճ էր ակնկալում։ Եվ տարին իրոք լավ էր սկսվել։ Առաջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշները խոստումնալից էին, սակայն հետո կորոնավիրուսի համավարակը հասավ Հայաստան։
Երկամսյա խիստ լոքդաունը մարտի կեսերից, երբ փակվեցին երկրի գրեթե բոլոր ձեռնարկությունները, բնականաբար, բնակչության առողջության խնդիրը չլուծեց, բայց զգալի անկում ապահովեց տնտեսության բոլոր ոլորտներում։
Այնուհետև ճգնաժամը շարունակվեց սահմանների փակման, լոգիստիկ խնդիրների և ինչ-որ ոլորտների գործունեության արգելքի ֆոնին։ Ամբողջությամբ զրոյացան զբոսաշրջությունից ստացվող եկամուտները։ Արդյունաբերական արտադրանքի, ծառայությունների և առևտրի ոլորտները մինչ օրս բացասական հաշվեկշիռ են արձանագրում։
Այս առումով Հայաստանը նույն վիճակում է՝ ինչ համաշխարհային տնտեսությանն ինտեգրված ցանկացած երկիր։
Երկրորդ հզոր հարվածը լայնամասշտաբ պատերազմն էր Արցախում։ Ի հեճուկս հասարակության սպասելիքների՝ ռազմական գործողությունները մի քանի օրում չավարտվեցին։ Վեցշաբաթյա պատերազմը բառացիորեն արնաքամ արեց երկրի տնտեսությունը։
Եթե տարեսկզբին Հայաստանի պետական պարտքը ցածր էր ՀՆԱ 50%-ից, ապա այժմ այդ ցուցանիշը մոտենում է 70%-ի։ Ենթադրաբար, կառավարությունը ստիպված է եղել պարտք վերցնել՝ սպառազինություն գնելու և բանակի կարիքներն ապահովելու համար։ Եվ վտանգավոր շեմը, երբ պետությունը կարող է բախվել պետական պարտքի սպասարկման խնդիրների, հենց 70%-ն է համարվում։
Սա նշանակում է, որ կառավարությունը նվազեցնելու է կապիտալ ծախսերը, այսինքն՝ դպրոցների շինարարության, ճանապարհների վերանորոգման ֆինանսավորումն ու, ամենակարևորը, նոր աշխատատեղերի ստեղծումը։
Նոր նախարարն ու հավակնոտ հայտարարությունները
2020 թ․ նոյեմբերին Արցախի վերաբերյալ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո, ի պատասխան իր հրաժարականի պահանջին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և դրա գործունեության բարեփոխման ծրագիր ներկայացրեց։ Այդպիսով նա հասկացրեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, միաժամանակ հայտարարեց 80%-ով կառավարության կազմը փոխելու մտադրության մասին։ Կառավարությունում առաջին փոփոխություններից մեկն էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանի նշանակումն էր։
Նա հաջողակ գործարար է, սննդի առաքման նրա հիմնած ծառայությունն աշխատում է ոչ միայն Հայաստանում, այլև մի քանի հետխորհրդային երկրներում։ Սակայն Վահան Քերոբյանը պրոֆիլային կրթություն և պետական կառավարման փորձ չունի։
Նոր նախարարը սկզբից հայտարարեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելու մասին, այնուհետև հաղորդեց, որ պատրաստվում է այս տարի երկնիշ տնտեսական աճ ապահովել․
«Տնտեսության վերաբերյալ իմ լավատեսությունը չի փոխվել։ Գրեթե ամեն օր ես հանդիպում եմ ներդրողների՝ նրանց խնդիրները լուծելու նպատակով։ Վերջերս կարգավորվեցինք հարցերը մի ընկերության հետ, որն աշխատում է քաղաքաշինության ոլորտում և մտադիր է 100 մլն [դրամ] ներդրում կատարել մայրաքաղաքի Տերյան փողոցում բնակելի տուն կառուցելու համար»։
Նա չի բացատրել, թե ինչու է ընդամենը մեկ շենքի շինարարության համար այս փոքր ներդրումն իր մոտ լավատեսական սպասելիքներ առաջացնում։ Ընդ որում, բաց է մնում նաև այն հարցը, թե արդյոք նախարարին կհաջողվի կյանքի կոչել հայտարարվածը։
Սակայն արդեն մարտին նա պետք է երկրում առաջացած բազում տնտեսական խնդիրների հաղթահարման պլան ներկայացնի։
Ինչպիսի՞ն կլինի իրական պատկերը։ Փորձագետների կարծիքը
Փորձագետների կանխատեսումները թերևս երբեք այս աստիճան չեն համընկել։ 2021 թ-ը կարող է բերել կորուստների մասնակի վերականգնման, բայց երկնիշ աճն անհնար է։ Անգամ Համաշխարհային բանկն է Հայաստանի համար ընդամենը 3,1% աճ կանխատեսում։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը վստահ է, որ նախարարի կանխատեսումները չեն իրականանա․
«Նա երկնիշ աճ է ակնկալում՝ ելնելով նրանից, որ 2020 թ-ի անկումը կազմելու է մոտ 8.5%, այսինքն՝ ցածր բազայի էֆեկտի, ինչպես նաև ճանապարհների ապաարգելափակման շնորհիվ։ Այս մասին Քերոբյանը բնավ առաջին անգամ չէ, որ խոսում է։ Եվ այստեղ է հենց ամենամեծ սխալը։ Ոչ մի հիմք չկա ակնկալելու, որ Հայաստանը գեթ որևէ բան կշահի «հաղորդակցության բացումից»։
Միքայելյանը խոսում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակման մասին, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներն Արցախյան պատերազմից հետո։ Գործընթացն արդեն սկսվել է բանակցությունների և աշխատանքների պլանավորման մակարդակում։ Սակայն, ըստ մասնագետների կանխատեսումների, առաջին ճանապարհները կբացվեն լավագույն դեպքում երկու տարուց ոչ շուտ։
Երկրորդ կարևոր պահն արտասահմանյան ուղիղ ներդրումների զգալի կրճատումն է։
«Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում 2020 թ-ին զրոյական նիշի են հասել։ 2020 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին (դեռևս պատերազմից առաջ) Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան ուղղակի ներդրումների հոսքը կազմել է ընդամենը 311 մլն դրամ՝ 630 հազար դոլար։ Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պետք է պարզապես հիշել նախորդ տարիների թվերը։ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում այդ գումարը կազմել է 80 մլն դոլար, 2018 թ-ին՝ 128 մլն դոլար, 2017-ին՝ 118 մլն դոլար, 2016-ին՝ 96 մլն դոլար, 2015-ին՝ 168 մլն դոլար»։
Հայաստանի տնտեսությունն այլևս նախկինը չի լինի
Հայաստանի տնտեսությունը ոչ միայն տուժել է համավարակից և պատերազմից, այլև անդառնալի փոխվել է, վստահ է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Երկիրը կոնկրետ խոշոր տնտեսական նախագծեր է կորցրել, այդ թվում՝ Սոթքի ոսկու հանքը, որը մասնակիորեն անցել է Ադրբեջանին։ Այս թվում են մոտ երկու տասնյակ փոքր ՀԷԿ-եր Արցախում, որոնք սերտորեն ինտեգրված էին Հայաստանի էներգետիկ համակարգին։ Այս ամենն իշխանություններին ստիպում է վերանայել տնտեսական քաղաքականությունը։
«2021 թ-ը երկրի համար ամենադժվարն է լինելու։ Անորոշությունները շատ են, հնարավորությունները՝ քիչ։ Պետք է ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնել։ Սրան գումարվում է անկայուն քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Այնպես որ, եթե մեզ մոտ գոնե 1% դրական ցուցանիշ լինի, դա արդեն լավ արդյունք կլինի», — կարծում է Վահագն Խաչատրյանը։
Ֆինանսական կառույցների և պատասխանատու անձանց տարեկան կանխատեումները դեռևս անկայուն են, քանի որ պարզ չէ, թե երբ կստացվի չեզոքացնել կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։
Այն, որ տարին ծանր է լինելու, հասկանում է նաև կառավարությունը, քանի որ պատրաստվում է հարկերը բարձրացնել՝ բյուջեի հնարավոր ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար, ասում է Վահագն Խաչատրյանը։
Հայաստանը կարող է հաղթահարել առաջացած դժվարությունները միայն այն դեպքում, եթե կարողանա ավելացնել ԱԱՀ-ով արտադրության տեսակարար կշիռը, այսինքն՝ ավելացնել շահեկան արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը։ Այս ցանկում է նաև հանքարդյունաբերության հումքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը։ Այժմ այն միայն հումք է վաճառում։
Տնտեսական ցուցանիշների ներկայիս նվազումն անխուսափելիորեն կբերի երկրում աղքատ մարդկանց թվի ավելացման։
«Եթե մենք չունենանք աճ կամ այն աննշան լինի, ինչպես ես եմ կանխատեսում, դա անխուսափելիորեն կբերի բնակչության իրական եկամտի մակարդակի նվազման։ Եվ այտեղ արդեն պետք է մտածել, թե ինչպես դա թույլ չտալ։ Իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, կաճի սոցիալական դժգոհության մակարդակը», — ասում է Վահագն Խաչատրյանը։
Հայաստանի տնտեսության համար ևս մեկ կարևոր գործոն է ազգային արժույթի փոխարժեքը։ Պատերազմի մեկնարկից ի վեր այն զգալիորեն արժեզրկվել է հիմնական արտարժույթի՝ Հայաստանում տարածված դոլարի և եվրոյի նկատմամբ, և գործընթացը շարունակվում է։
Երկրի Կենտրոնական բանկում վստահ են, որ դրա համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, և դրամի փոխարժեքի վրա բացասաբար են ազդում սպեկուլյատիվ տրամադրություններն արտարժույթի շուկայում։ Այնուամենայնիվ, արժեզրկման մակարդակի նվազման համար ԿԲ-ն դիմել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացման։ Սա նշանակում է, որ վարկերը, որոնք ԿԲ-ն տրամադրում է առևտրային բանկերին, մեկ տոկոսով ավելի թանկ են լինելու, հետևաբար՝ աճելու են նաև վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրելու են առևտրային բանկերը։