Հայաստանը՝ տարանցիկ հանգույց․ հայ-հնդկական հարաբերությունները կընդլայնվեն
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից մինչև Պարսից ծոց-Սև ծով միջանցքի նախագիծ։ Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են մի շարք ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու ձեռք բերել պայմանավորվածություններ նոր նախագծերի իրագործման շուրջ։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով Հայաստանում է առաջին անգամ։ Հայաստանցի պաշտոնակցի հետ Ջայշանկարը քննարկել է քաղաքական, տնտեսական հարցեր, անդրադարձել հայ-հնդկական հարաբերությունների ընդլայնմանը։
Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Երևան վկայում է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների հարաբերությունների ընդլայման մասին, և հույս հայտնել, որ այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում:
«Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է», — նշել է Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, կարևորել երկու երկրների համագործակցությունը առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության ու պաշտպանության ոլորտներում։
«Երկկողմ համագործակցության առումով մեր սպասելիքներն իրականում շատ ավելի շատ են: Այս այցի և հանդիպումների ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շատ ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման առումով», — շեշտել է Միրզոյանը:
Որպես նոր սկիզբ
Հնդկաստանի արտգործնախարարը Հայաստան կատարած իր առաջին այցը բնորոշել է որպես նոր փուլի սկիզբ երկու երկրների համագործակցության համար։
«Մեր երկրների բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած: Հնդկաստանում ունենք հայկական եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմանոցներ, հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով», — նշել է Ջայշանկարն ու ընդգծել Հնդկաստանի պատմությանը հայկական համայնքի բերած մեծ նպաստը:
Երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպմանը՝ Սուբրամանյամ Ջայշանկարն ասել է, որ այն շատ արդյունավետ է եղել։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկա համագործակցություններին և փոխանակման ծրագրերին, փոխադարձ չվերթների իրականացման հավանականության հարցին։
«Համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում: Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների ոլորտներում», — նշել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Ջայշանկարը կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցության խթանումը:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկա պահին քննարկումներ են ընթանում ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի առևտրի համաձայնագրի ուղղությամբ:
«Հայաստանը դիտարկում ենք որպես սերտ համագործակցող երկիր», — ընդգծել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Հայաստանի՝ տարանցիկ հանգույց դառնալու մասին
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայաստանցի պաշտոնակցին առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգիստը [Հնդկաստանն այն վարձակալել է 10 տարով — JAMnews] օգտագործել որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց:
Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը հետաքրքրված են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կյանքի կոչմամբ։
«Քննարկել ենք նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է», — շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանը տեղեկացրել է, որ նախօրեին Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ քննարկում է ունեցել իրանական կողմի հետ։
Խոսելով անհրաժեշտ համաձայնագրի մասին՝ նախարարն ասել է, որ իրադարձությունները դինամիկ են զարգանում․
«Հուսով եմ, որ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնությունը այդ փաստաթղթի շուրջ»։
ԼՂ հակամարտության կարգավորման մասին
Համատեղ ասուլիսի ժամանակ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ընդգծել է, որ Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած՝ մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն է այս տարածաշրջանում», — ասել է Ջայշանկարը:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում «Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը»։
«Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը», — ասել է Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ այն դիրքորոշումը, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար:
«Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի այս տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հայ-հնդկական հարաբերությունների 30 տարիների մասին
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ․-ին։ 1999 թվականից սկսել են աշխատել երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։
Ձևավորվել են բարեկամական կապեր, դինամիկ զարգանում է բազմաոլորտ համագործակցությունը։ Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկանքի՝ կան համապատասխան հիմքեր փոխշահավետ գործակցության առաջմղման համար:
1992 թ․-ից մինչ օրս Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 34 փաստաթուղթ: Եվս 7-ը գտնվում են քննարկման փուլում:
2003թ. մայիսի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Այս տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն ԱՄՆ դոլար:
Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան) մեկը։ Միջանցքի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ պետությունների միջև իրականացվող փոխադրումները:
Հայաստանը միջկառավարական համաձայնագրին միացել է 2006 թ. ապրիլի 13-ին: