Հայաստանը՝ որպես այլընտրանք․ ՌԴ-ից և Ուկրաինայից գործող բիզնեսներ են տեղափոխվում
Ռուսաստանում տեղակայված ընկերությունները Հայաստան են տեղափոխվում։ Օրերս այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ նշելով, որ ներկա պահին Հայաստանում են շուրջ մեկ տասնյակից ավելի նման ընկերություններ։
Նախարար Քերոբյանի փոխանցմամբ՝ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերություններ են դիմել գործունեությունը Հայաստան տեղափոխելու հարցով։
Ռուսաստանյան և ուկրաինական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության և դրա տնտեսական հետևանքների մասին։
«Մեկ տասնյակ ընկերություններ տեղափոխվել են, մի քանիսը ճանապարհին են»
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ռուսաստանյան և ուկրաինական բիզնես ընկերությունների ՀՀ տեղափոխման հարցը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու ցանկություն ունեն Ռուսաստանում տեղակայված բազմաթիվ ընկերություններ․
«Մոտ մեկ տասնյակ ընկերություններ արդեն տեղափոխվել են փաստացի, և մի քանի ընկերություններ էլ ճանապարհին են։ Ընդհանուր դիմել են բազմաթիվ ընկերություններ, տասնյակ և հարյուրավոր նույնիսկ կարելի է ասել ընկերություններ»։
Ռուսաստանյան ընկերությունները չեն ուզում շարունակել իրենց գործունեությունը ՌԴ-ում։ Պատճառը երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են ու դրանց՝ արդեն իսկ նկատվող տնտեսական հետևանքները, օրինակ՝ ռուբլու կտրուկ արժեզրկումը։
Վահան Քերոբյանի կարծիքով՝ ռուսաստանյան ընկերություններին գրավում է հայաստանյան բիզնես դաշտը․ միջավայրն ազատ է, սահմանափակումներ գրեթե չկան։
Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ բիզնեսը Հայաստան տեղափոխող ընկերությունների մեծ մասը բարձր տեխնոլոգիական ոլորտից է։
«Հիմնականում այն ընկերություններն են, որոնք ունեն ուղիղ առնչություն արևմտյան շուկաների հետ, և այսօրվա սահմանափակումները թույլ չեն տալիս, որ իրենք իրենց երկրից այդ աշխատանքը կատարեն», — նշել է Քերոբյանը։
Նախարարը հայտնել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում արդեն ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն էլ զբաղվում է «գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով»։
Հայաստան տեղափոխվելու իրենց մտադրության մասին են հայտնում ոչ միայն կազմակերպություններ, այլև հեռավար աշխատանքի անցած ռուսաստանցիներ։
Նրանք որպես այլընտրանք հենց Հայաստանն են դիտարկում, իրենց խոսքով, այն պատճառով, որ այստեղ «չկան լեզվական, ինչպես նաև կրոնական պատնեշներ»․ առաքելական եկեղեցին մոտ է ռուս ուղղափառ եկեղեցուն։
ՀՀ են գալիս ոչ միայն ՌԴ-ից, այլև Ուկրաինայից
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ պատերազմի պատճառով Հայաստան են տեղափոխվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում գործող կազմակերպություններ։
Չոբանյանի տեղեկացմամբ՝ Հայաստան եկող ուկրաինական ընկերություններից ամենախոշորը 300 աշխատակից ունի, ներկա պահին ընկերությունը գրանցվում է ՀՀ-ում։
Ուկրաինական ընկերությունների ցուցաբերած հետաքրքրության մասին խոսել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ չհստակեցնելով, թե քանի ընկերության մասին է խոսքը։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հնարավոր է համարում ՌԴ-ից և Ուկրաինայից որոշ կազմակերպությունների կամ նրանց հաշիվների տեղափոխումը Հայաստան, սակայն միայն մամուլից ստացվող տեղեկությունները, ըստ նրա, բավարար չեն․
«Որևէ քանակական, որակական գնահատական այս պահին հնարավոր չէ տալ, քանի որ այդ կազմակերպությունները կարող են շատ կարճ ժամանակ անց հետ վերադառնալ»։
Տնտեսագետը կարծում է՝ ավելի հավանական է ծառայությունների ոլորտի՝ IT, վերլուծական և իրավաբանական ընկերությունների տեղափոխումը Հայաստան։
«Արտադրական ձեռնարկություններին, օրինակ, տեղափոխման համար շատ ժամանակ է պետք։ Չեմ կարծում, որ պատերազմական գործողությունների պայմաններում նրանք ի վիճակի կլինեն տեղափոխվել․ ՌԴ հետ օդային կապը [նկատի ունի բեռնափոխադրումների գծով] շատ թույլ է, գրեթե բացակայում է», — JAMnews-ի հետ զրույցում նշել է Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ մասնավորապես IT ընկերությունների աշխատակիցների՝ Հայաստան տեղափոխվելու մոտիվացիան զիջում է ԱՄՆ, Կանադա կամ եվրոպական երկրներ մեկնելու մոտիվացիային, պարզապես այս պահին թռիչքների բացակայությունը թույլ չի տալիս գնալ այդ երկրներ։
«Հայաստանում պայմանները՝ բարեկեցություն, կրթություն, առողջապահություն և այլն, մի քանի անգամ զիջում են արևմտյան երկրներին։ Նրանք ավելի մեծ հավանականությամբ կտեղափոխվեն իրենց պատվիրատուների մոտ, քան կգան Հայաստան»։
Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այս պահին խոսք կարող է գնալ միայն ժամանակավոր տեղափոխման մասին, իսկ երկարաժամկետի տեսանկյունից «ՀՀ-ն այնքան էլ ուժեղ դիրքեր չունի»։
Ըստ տնտեսագետի՝ կառավարությունն այդ ընկերություններին մշտապես Հայաստանում պահելու համար պետք է քայլեր ձեռնարկի։
«Չկա մեկ՝ ունիվերսալ քայլ, որ կարողանանք բոլորին բավարարել։ Ըստ ոլորտի, ըստ ընկերության պետք է լինեն այդ քայլերը», — ընդգծում է Պարսյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ տեղափոխվող ընկերություններն ունեն ֆինանսական, իրավական խորհրդատվության, ինչպես նաև տարածք, աշխատակիցներ, փոխադրող ընկերություն գտնելու հարցում աջակցության կարիք։ Էկոնոմիկայի նախարարությունն, ըստ նրա, լուրջ աշխատանք պետք է տանի այս ուղղությամբ։