Հայաստանում այսօր տոնում են անկախության 26-ամյակը: 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեի արդյունքներով ընդունեց պատմական որոշում՝ ընտրեց անկախանալու ճանապարհը:
Քվեաթերթիկում մեկ հարց կար՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն, դուրս գա Խորհրդային միության կազմից»: Եվ քվեարկությանը մասնակցածների շուրջ 99 տոկոսը «այո» ասացին:
Քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 163 հազար 967 քաղաքացիների 95,5 տոկոսը, որոնցից միայն 0,46 տոկոսն էր «ոչ» ասել անկախությանը: Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: 1995 թ. հուլիսի 5-ին` կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել է նորանկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը:
Անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանը թե՛ ձեռքբերումներ, թե՛ կորուստներ է ունեցել: Տոնը դարձել է մտավորականների համար անցած տարիները գնահատելու առիթ:
«Անկախությունը և՛ անհրաժեշտություն է, և՛ մեծ չարչարանք է, որը պատվով պետք է տանենք մինչև վերջ: Մենք միանգամից արդյունքների ենք սպասում՝ մոռանալով մեր երկրի դիրքը, հարևաններին, մեր պատմությունը: Խնդիրները շատ են, սակայն ինչքան էլ փոքր երկիր ենք, պարզվում է, որ մենք նշանակություն ունենք աշխարհի համար»,– ասել է արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:
Կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանն էլ նշել է, որ 26 տարվա անկախության ամենամեծ ձեռքբերումը անկախության սերունդ է, ում համար Հայաստանի անկախ Հանրապետությունն իր ծննդավայրն է, մանկությունը, պատանեկությունը, այսօրը: «Քանի դեռ կա նման սերունդը, ՀՀ անկախության հիմքերը ամուր են լինելու: Անկախության հիմքերն անկախության սերունդը կամրացնի իր աշխատանքով, իր ընտանիքով, իր մարդկային ձեռքբերումներով: Այս սերունդն ուրիշ է, այս սերունդն ավելի կամրապնդի այն երկիրը, որտեղ ծնվել է»,- նշել է Մուրադյանը:
Մեկ տարի առաջ, անկախության 25-ամյակի կապակցությամբ JAMnews-ը ներկայացրել էր անկախության սերնդի հասակակիցներին: