«Ընտրություններն ազատ և անկախ են, մամուլը՝ ոչ». Freedom House-ը ՀՀ մասին
Freedom House-ի գնահատմամբ՝ Հայաստանը դեռևս հեռու է ժողովրդավարական լինելուց, թեև «քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ»։ Այս մասին նշվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում։
Հայաստանի գրանցած առաջընթացների և հետընթացների մասին՝ ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցի։
Հայաստանը զիջում է հետխորհրդային 3 երկրի
Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը ժողովրդավավարության ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ առավելագույն 7 միավորից ստանալով 3.04 միավոր՝ նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն։
Ժողովրդավարության զարգացման մակարդակը տոկոսային ցուցանիշով գնահատվել է 34%:
«Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում ներկայացված է եվրասիական 29 երկրների՝ ժողովրդավարության հետ կապված իրավիճակը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային․
«Լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը»։
Անցում «հիբրիդային ռեժիմի»
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ 2004 թ․-ից ի վեր երեք նախկին ավտորիտար երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը անցում են կատարել «հիբրիդային ռեժիմի», որը պարունակում է ժողովրդավարության և ավտորիտարիզմի տարրեր:
Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը նշել է, որ ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի անցում կատարած երկրներն առավել խոստումնալից են, թեև հիբրիդայինն էլ «ամբողջովին չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»։
«Ազատ և անկախ» ընտրությունների անցկացում
Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում․ ըստ Շիրինյանի՝ Հայաստանի ցուցանիշի դրական փոփոխության վրա այս երկու գործընթացներն են ազդել։
«2018 թ․-ին ՀՀ քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021 թ․-ին՝ վճռականորեն վերջ դնելով «Հանրապետական» կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»,- ասված է զեկույցում։
Անդրանիկ Շիրինյանը հիշեցնում է՝ մի շարք միջազգային գործընկերներ 2021 թ․-ին անցկացված արտահերթ խորհրդարական ընտրությունները որակել են որպես «ազատ և անկախ», ինչը ևս նպաստող գործոն է հանդիսացել․
«Սրա շնորհիվ նաև Հայաստանում մի փոքր կարգավորվեց այն քաղաքական ճգնաժամը, որը ստեղծվել էր 2020 թ․-ին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով։ Այստեղ ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել «Ազգային ժողովրդավարական կառավարում» կատեգորիայում»,- նշել է Շիրինյանը։
Նահանջ մամուլի անկախության ոլորտում
Ինչպես նախորդ զեկույցներում, այս մեկում ևս կազմակերպությունն անդրադարձել է մամուլի անկախությանն ու քրեական օրենսգրքում ընդգրկված «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածին։
Ըստ Freedom House-ի զեկույցի՝ Հայաստանը նահանջել է մամուլի անկախության ոլորտում։
«Զեկույցում նշվում է, որ վիրավորանքի և զրպարտության հոդվածի տուգանքների բարձրացումը, ինչպես նաև ծանր վիրավորանքի քրեականացումը անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլեր են»,- շեշտել է կազմակերպության ՀՀ ներկայացուցիչը։
2022 թ․-ի փետրվարին Freedom House-ը Հայաստանի խորհրդարանին կոչ էր արել չեղարկել «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը: Խոսքը քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ հանրային գործունեություն ծավալողներին վիրավորելը ենթակա է պատժի՝ տուգանքի կամ կալանքի:
Իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս քննադատել է նշված հոդվածը՝ շեշտելով, որ այն վտանգում է ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում Հայաստանի գրանցած ձեռքբերումները: Կազմակերպության համոզմամբ՝ հոդվածը վկայում է երկրում «ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»:
Ազգային ժողովն ընդունել է հանրային գործունեություն ծավալող անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը 2021 թ.-ի հուլիսի 30-ին: Մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածի հատկանիշներով հարուցվել է 263 քրեական գործ: Առաջին դատավճիռը այս տարվա փետրվարին է կայացվել։ Հայաստանի վարչապետին և ԲՏԱ նախարարին հայհոյելու համար ՀՀ քաղաքացին տուգանվել է 500 հազար դրամի չափով: