«ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը ճիշտ և կշռադատված որոշում էր»․ կարծիք Երևանից
Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը
Հայաստանում ակտիվորեն քննարկում են Պաղեստինի պետությունը ճանաչելու պաշտոնական Երևանի քայլը։ Պաղեստինի նախագահությունն այն «խիզախ ու նշանակալի» որոշում է որակել։ Իսկ ԱԳՆ-ն այն բնորոշել է՝ «գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»։ Արաբական աշխարհի մի շարք երկրներ ողջունել են հայկական կողմի այս քայլը։
Որոշմանն արձագանքել է նաև իսրայելական կողմը։ Իսրայելի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Հայաստանի դեսպանին «խիստ նկատողություն» են արել: Հայաստանի արտգործնախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունը:
Հայ փորձագետները կարծում են՝ Հայաստանի որոշման վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող, այն միանշանակ ճիշտ քայլ է։ Նկատում են՝ Պաղեստինի ճանաչումը բացասաբար կանդրադառնա հայ-իսրայելական հարաբերությունների վրա։ Սակայն արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է նկատի ունենալ նաև այն, որ այդ հարաբերությունները մինչև այս էլ «չէին փայլում դրական որակական հատկանիշներով»։
«Բացի այդ, մինչև այժմ էլ Իսրայելը բազմիցս իրականացրել է քայլեր, հատկապես՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների խորացմամբ, որը ռազմավարական և անվտանգային խնդիրներ է առաջացրել Հայաստանում»,- շեշտել է Պետրոսյանը։
Ի՞նչ է հայտարարել պաշտոնական Երևանը
Հայաստանի արտգործնախարարությունն արձանագրել է, որ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։ Հայտատարել է, որ շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է։
«ՀՀ-ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին»,- ասված է հայտարարությունում։
Պաշտոնական Երևանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Հավելել է նաև, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ․
«Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին։
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Երևանի որոշումն ու շեշտել՝ այս ճանաչումը համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին: Որոշումը ողջունել են Պաղեստինի նախագահությունը, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քուվեյթը, Իրաքը, Բահրեյնը։
Մեկնաբանություններ
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը միանգամայն տրամաբանական է, բխում է միջազգային զարգացումներից:
«Այդ պահը հասունացել էր։ Ու սպասելի էր, որ Հայաստանը հանդես կգա նման հայտարարությամբ: Տեսնում ենք, որ աշխարհում գնալով լայն տարածում է գտնում պաղեստինյան պետության ճանաչման գործընթացը՝ հետզհետե ավելանում է այդ մասին բարձրաձայնող երկրների քանակը: Այնպես որ, Հայաստանի կատարած քայլի ճշմարտացիության վերաբերյալ երկու կարծիք չի կարող լինել»,- նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի գնահատմամբ՝ Պաղեստինի ճանաչումը դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
«Արմենպրեսի» հետ զրույցում Սաֆրաստյանն ասել է, որ որոշումը կարժանանա ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ մյուս երկրների արձագանքին։
«Հիմա գրեթե բոլոր երկրները համոզված են, որ պաղեստինա-իսրայելական խնդրի լուծման լավագույն տարբերակը «երկու պետության» բանաձևի իրագործումն է: Հայաստանը միացավ դրա օգտին արտահայտվող երկրներին, և դա ճիշտ որոշում է»,- ասել է նա։
Արաբագետ Արմեն Պետոսյանի խոսքով՝ Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը կարևոր քայլ էր, այդ թվում՝ ռազմավարական խնդիրների լուծման համատեքստում․
«Տասնամյակներ շարունակ ՀՀ-ն աջակցել է Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքին։ Հայաստանը մշտապես դեմ է հանդես եկել եղած խնդիրների ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությանը, որը վարել է Ադրբեջանը և ներկայումս վարում է Իսրայելը։ Այս իրողությունների համատեքստում կարևորում եմ ՀՀ որոշումը»։
Կարծում է՝ հենց այս պահին Հայաստանում նման որոշման կայացումը հիմնականում պայմանավորված է ստեղծված տարածաշրջանային լարվածությունը, անվտանգային լրջագույն մարտահրավերները կանխելու և լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ թույլ չտալու անհրաժեշտությամբ։
Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողություններն, ըստ նրա, լրջագույն հումանիտար և ռազմական մարտահրավերներ են առաջացրել ամբողջ տարածաշրջանի համար։
«Այս հակամարտությունը, կարծես թե, նաև աշխարհագրության ընդլայնման հնարավորություններ է ուրվագծում՝ պայմանավորված Իսրայել-Լիբանան, Իսրայել-Սիրիա պատերազմի հավանականությամբ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նկատել է Պետրոսյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ պաղեստինյան հիմանխնդիրը ռազմական և անվտանգային առումով տարածաշրջանում իրավիճակը վատթարացնելու լրջագույն ներուժ ունի։ Ուստի պատահական չէ, որ վերջին շրջանում միջազգային դերակատարներն այն օրակարգ են բերել, կրկին շեշտադրում են «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձևը։ Պետրոսյանի փոխանցմամբ՝ վերջին շրջանում այդ բանաձևի հիման վրա խնդրի կարգավորման ու Պաղեստին պետության ստեղծման հավանականության մասին ակնարկել է նույնիսկ ԱՄՆ-ն․
«Վստահ եմ, որ Հայաստանի կայացրած որոշումը բավականաչափ կշռադատված է։ Այն կայացվել է տարածաշրջանային և միջազգային իրողություններով և գլոբալ անվտանգային մարտահրավերներով պայմանավորված»։
Արաբագետը չի կարծում, որ Պաղեստինի ճանաչման որոշումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Ասում է՝ փոխարենը նման խնդիրներ նկատվում են ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում, քանի որ «Իսրայելում գործող կառավարության քաղաքականությունն իր ծայրահեղականությամբ ոչ միայն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա, այլև խնդիրներ առաջացնում տարբեր դաշնակցային հարաբերություններում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը