«Անհեթեթություն է»․ Փաշինյանը՝ հօգուտ ուկրաինականի ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին
Հայաստանը կհրաժարվի՞ ռուսական հացահատիկից
«Չի կարող նման բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել հօգուտ ուկրաինականի ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին լուրերին։
Նման տեղեկություններ էր հաղորդել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը՝ նշելով, որ «քաղաքական նկատառումներից ելնելով՝ հայերն ուզում են պոկվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերելով Կիևից»։
Թեմային անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ԱՀԾ հաղորդագրությունները «երբեք մերկապարանոց չեն լինում», միաժամանակ հույս է հայտնել, որ Երևանի հետ երկկողմ համագործակցությունը կշարունակվի։
- «Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ
- Ո՞վ է ճիշտ և ո՞վ՝ սխալ․ Պուտին-Փաշինյան բանավեճ ապրանքաշրջանառության ցուցանիշների շուրջ
- Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
«ԵՄ-ին առաջարկվում է 3-ը 1-ում ակցիա»․ ի՞նչ է հայտնել ԱՀԾ-ն
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունից նշել են, որ ՀՀ-ն մտադիր է հացահատիկի մի մասը գնել Ուկրաինայից՝ որպես աջակցություն, սակայն ուկրաինական հացահատիկը ռուսականից մեկուկես անգամ թանկ է։
Ըստ աղբյուրի՝ Երևանից, իբր, ընդգծել են՝ «սկզբունքի հարց է․ բարեկամությունը՝ բարեկամություն, բայց փողը` առանձին»․
«Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ Հետաքրքրականն այն է, որ ԵՄ-ին առաջարկվում է «3-ը 1-ում» ակցիա՝ հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության ստեղծում Մոսկվայի և Երևանի միջև»։
Ծառայության փոխանցմամբ` գլխավոր հարցն այն է, թե որտեղից գումար վերցնել։
«Լավ կլիներ ուկրաինական հացահատիկի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով, սակայն դրանք դեռ չի հաջողվում հափշտակել։ Բելգիան, որը այս «գողական խմբի» պահապանն է, կամակորություն է անում… ԵՄ-ն մտածում է` լավ կլինի վճարել և մոռանալ, ինչպես Նոր Կտակարանի հայտնի սյուժեում է։ Բայց Երևանին ստիպված կլինեն վճարել մշտական հիմունքով։ Ահա այսպիսի համբույր Երևանից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պեսկով․ «Շարունակում ենք զարգացնել ՀՀ-ի հետ փոխգործակցությունը»
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թեև հայտարարել է՝ ԱՀԾ հաղորդագրությունները «երբեք մերկապարանոց չեն լինում», Երևանի՝ ուկրաինական հացահատիկ ձեռք բերելու մտադրության մասին կոնկրետ տեղեկություններ չի հայտնել։
Շեշտել է՝ Ռուսաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում։
«Տեղյակ եք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք։ Հույս ունենք, որ այդ գործակցությունը կշարունակվի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Պեսկովը։
Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախապատմություն
Հայաստանի հացահատիկի 90%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։
Հաղորդվում էր, որ առաջին տարանցումը լինելու է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Նոյեմբերի 6-ի գիշերը, սակայն, առաջինը ՀՀ հասավ շուրջ 1000 տոննա ցորենի խմբաքանակ Ռուսաստանից։
«Պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին։ Եվ հիմա ՌԴ-ից որոշակի ապրանքախմբեր այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտեր են գեներացվում»,- ավելի ուշ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղազախական ցորենի տեղափոխման մասին հաղորդվեց նոյեմբերի 8-ին։ Խոսքը կրկին 1000 տոննա ցորենի մասին է։ Նշվում է, որ սա առաջին խմբաքանակն է։ Երևանն ակնկալում է, որ գործընթացը շարունակական կլինի։ Աստանան, իր հերթին, ամսական մոտ 15-20 հազար տոննա հացահատիկ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել։
Մինչդեռ արդեն ՀՀ հասած խմբաքանակը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Մասնավորապես՝ այն բանից հետո, երբ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը հայտարարեց․
«Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի պարենային ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կերախառնուրդների արտադրության համար»։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Էդգար Զաքարյանի խոսքով՝ ի սկզբանե չի նշվել՝ ինչ կարգի ցորեն է գալիս։ Վստահեցնում է՝ 4-րդ կարգի ցորեն նույնպես պետք է Հայաստանին։ Բարձրացած աղմուկը Զաքարյանի համար անհասկանալի է։ Կարծում է՝ պետք է միայն ուրախանալ, որ ճանապարհներ են ապաշրջափակվում․
«Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է: Հիմա թե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ բարձրակարգ ցորեն կգա, դա էլ արդեն կյանքը ցույց կտա»։
Լրագրողները փոխնախարարից տեղեկացել են, որ ի տարբերություն ղազախականի ՌԴ-ից ներկրված ցորենը եղել է բարձրակարգ։
ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ նախատեսում է մինչև 2026 թ․-ի հունվարի վերջ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան արտահանել 132 վագոն ցորեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանը կհրաժարվի՞ ռուսական հացահատիկից