Հայաստանում կրկին ծաղկել է Սևանա լիճը
Հայաստանում կրկին ծաղկել է բարձրալեռնային քաղցրահամ Սևանա լիճը։ Այս երևույթը կրկնվում է արդեն մի քանի տարի։
Բնապահպանները կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման մի քանի պատճառ են նշում, այդ թվում բարձր ջերմաստիճանը, ջրի մակարդակի նվազումը, որի պատճառով խախտվում է լճի էկոհամակարգի բալանսը։ Փորձագետները խոսում են նաև ջրում օրգանական նյութերի առկայության մասին։
Խնդիրն այն է, որ այս իրավիճակը, վերջին հաշվով, կարող է հանգեցնել Սևանի լճացմանը։
• Ֆոտոսեսիա․ Հայաստանը բարձունքից
• Հեծանիվներով՝ Հայաստանից դեպի Վրաստան
Ի՞նչ է կատարվում լճի հետ
Լճի ծաղկման գործընթացն այս տարի մի փոքր ուշացումով է սկսվել՝ հուլիսի կեսերից, և տևելու է մինչև օգոստոսի վերջ, ասում է Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ ծաղկման ինտենսիվությունը վերջին երեք տարիներին գրեթե չի փոխվում, լիճը ծաղկելու է նաև հաջորդ տարի։
Ըստ Գայանե Շահնազարյանի՝ լիճը ծաղկում է ջրի մակարդակի նվազման հետևանքով, որի պատճառով խախտվում է Սևանի էկոհամակարգի բալանսը։
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելայնը Սևանի ծաղկելը բացատրում է բարձր ջերմաստիճանով և ջրում օրգանական նյութերի առկայությամբ․
«Գաղտնիք չէ, որ «ծաղկումը» ակնհայտ դարձավ մի քանի տարի ջրի մակարդակի անընդհատ անկումից հետո․․․ Այս դեպքում խնդիրն ավելի է խորանում նրանից, որ ջրիմուռները չեն վերանում, այլ իջնում են հատակը՝ դառնալով հաջորդ տարի լճի օրգանական նյութերի կուտակման եւ «ծաղկման» լրացուցիչ աղբյուր»։
Նրա կարծիքով՝ այդ երևույթի դեմ պայքարելը բարդ է, սակայն իրավիճակը կարելի է բարելավել՝ ջրի մակարդակի բարձրացնելով․
«Պետք է աշխատել նաև օրգանական նյութերի ծավալները նվազեցնելու ուղղությամբ՝ մաքրման կայաններ տեղադրելով: Բացի այդ, կարևոր է հասնել լճում անհրաժեշտ քանակությամբ ձկների առկայության, որոնք կուտեն կերը, քանի որ այն, կուտակվելով հատակին, ժամանակի ընթացքում նույնպես օրգանական նյութերի առաջացման աղբյուր է դառնում: Հիմա մենք աշխատում ենք արհեստականորեն պայքարել այս երեւույթի դեմ՝ օգտագործելով այնպիսի միջոցներ, որոնք ունակ են կլանելու այդ օրգանական նյութերը` առանց շրջակա միջավայրի համար հետևանքների»։
Ի՞նչ է ասում բնապահպանության նախարարությունը
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ոսկեհատ Գրիգորյանը հուլիսի 22–ին խոսել է Սևանա լճի շուրջ բնապահպանական իրավիճակի վերականգնման աշխատանքների, ափամերձ տարածքների մաքրման միջոցառումների մասին։ Նախևառաջ, խոսքը ջրածածկ անտառների մասին է։
Մաքրման ծրագիր է մշակվել, որը սկսել են իրականացնել անցյալ տարի, շարունակելու են նաև հաջորդ տարի։ Ընդհանուր առմամբ 750 հեկտար տարածք պետք է մաքրվի։ 2020 թ-ին նախատեսված է իրականացնել 271 հեկտար անտառմաքրում, «որից 50 հեկտարի մաքրման աշխատանքներն իրականացվել են»։
Նախարարությունը խոստանում է լուծել նաև կեղտաջրերի խնդիրը։
«Խոշոր աղտոտող համայնքներում՝ Գավառ, Մարտունի, Սևան, պլանավորվում է մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման կայաններ հիմնել, – հաղորդել է Ոսկեհատ Գրիգորյանը։
Դրանք կառուցվելու են Եվրամիության ֆինանսավորած նախագծի շրջանակում։ Սևանի խնդիրների լուծման համար ԵՄ–ն Հայաստանին 5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրել։
Սևանի խնդիրը
Սևանա լճի ծաղկման խնդիրը բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունները բարձրացնում են արդեն մի քանի տարի։
2018 թ–ի ամռանը, երբ ջուրը լճում ծաղկել էր, բնապահպաններն զգուշացնում էին, որ վտանգավոր է լճում լողալ։
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Ղուլանյանն այն ժամանակ բոլորի աչքի առաջ մի բաժակ ջուր խմեց լճից՝ ապացուցելու համար, որ Սևանի ջուրն անվտանգ է։ Հայկական լրատվամիջոցները գրում էին, որ դևանից հետո նա հիվանդանոց է ընկել։
2019 թ–ին արդեն առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց լճում լողալու վնասակարության մասին։
Ի պատասխան լճի մոտ գտնվող սրճարանների և ռեստորանների տերերը ցուցադրաբար լողացին լճում՝ փորձելով ապացուցել, որ դա անվտանգ է։
Տարեցտարի միմյանց փոխարինող պաշտոնյաները խոստանում են, որ լճի ջրի մակարդակը բարձրացվելու է և Սևանի էկոհամակարգի բոլոր հարցերը լուծվելու են։